Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Բարձրագույն կրթության ոլորտը դեռեւս չի ձերբազատվել կոռուպցիոն երեւույթներից»

Նոյեմբեր 06,2012 19:19

«Վերջին տարիներին Լոռու մարզում իրականացրած բազմաթիվ ծրագրերը ցույց են տալիս, որ կառավարությունը ճիշտ ճանապարհ է ընտրել, եւ կրթական ոլորտի բարեփոխումները իրենց արդյունքները տալիս են»:,-այդ մասին այսօր Լոռու մարզ կատարած այցելության ժամանակ ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նախարարի փոխանցմամբ` համաշխարհային բանկի աջակցությամբ ու իրենց ջանքերով Լոռու մարզում միայն  այս տարի 14 նախակրթարան է  բացվել` դրանց թիվը հասցնելով 20-ի: «Շուրջ 20 նախակրթարան` 450 աշակերտներով: Այնտեղ որտեղ չկային մանկապարտեզներ եւ ծնողները երեխաների նախնական կրթության խնդիր ունեին, բացվեցին դրանք»:

Խոսելով նախակրթարանների կահավորման մասին` Արմեն Աշոտյանը նշեց, որ այսօր այդ հարցը ոչ միայն լուծված է, այլեւ բոլոր այն նախակրթարանները, որոնք ստեղծվել են դպրոցների կազմում,  օրենքով սահմանված կարգով ստանալու են համապատասախան ֆինանսավորում`մեկ աշակերտի թվով շուրջ 80 000 դրամ: «Այդ երեխաները լինելու են պետական հոգածության ներքո »,-ասաց նախարարը: Համայնքային ենթակայությամբ գործող մանկապարտեզներին, սակայն,  գործող օրենսդրական դաշտը թույլ չի տալիս պետական բյուջեից հատկացումներ ստանալ: «Իհարկե, այստեղ եւս մենք մատնանշում ենք համապատասխան օրենսդրական փոփոխությունների խնդիրը»,-տեղեկացրեց Արմեն Աշոտյանը:

Նախարարը փաստեց, որ մարզում հաջողություններ կան նաեւ ներառական կրթության ոլորտում: Նրա խոսքերով` պետությունը պարտավորվել  է կրթության հատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար ապահովել կրթության առանձնահատուկ պայմաններ եւ կրթության որակ:

«Մենք պարտավոր ենք մեր բոլոր երեխաներին ներառել կրթական համակարգի մեջ` յուրաքանչյուրին տալով իրեն համապատասխան կրթություն եւ դաստիարակություն»:

Նախարարը փաստեց, որ բացի վերոնշյալ ոլորտներում` հաջողություններ են գրանցվել նաեւ միջին մասնագիտական կրթության բնագավառում: «Ինչպես տեսանք, Լոռու տարածաշրջանային պետական քոլեջը կայուն, բարձրորակ հաստատության է վերածվել` շնորհիվ ՀՀ կառավարության լրացուցիչ ներդրումների, շնորհիվ միջազգային աջակցության` վերանորոգում, բարեկարգումներ, վերազինում, նոր մասնագիտություններ, դեպի աշխատաշուկա միտված կրթական ծառայություններ»,-ասաց նա:

Անդրադառնալով նաեւ կրթության ոլորտում առկա բացերին ու խնդիրներին` նախարարը շեշտեց, որ բարձրագույն կրթության ոլորտը դեռեւս չի ձերբազատվել կոռուպցիոն երեւույթներից:«Բարձրագույն կրթության ոլորտում դեռեւս անելիքներ կան` կապված կոռուպցիայի մակարդակի շոշափելի նվազման, կրթության որակի բարձրացման, կրթական ժամանակակից ծրագրերի մատուցման հետ կապված: Ավագ դպրոցների ծրագիրն էլ, թեեւ  նույնպես դժվարություններով, սակայն  առաջ է գնում»,-ասաց Արմեն Աշոտյանը:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930