Երեք զինծառայողներ ինքնակամ լքել են զորամասն ու դիմել բազում զեղծարարությունների: ՀՀ ՊՆ 54574 զորամասի ժամկետային զինծառայող Արման Դավիթյանը՝ կոչումով շարքային, 2012 թվականի օգոստոսի 4-ին, ժամը 24-ի սահմաններում, համածառայող, կոչումով շարքային Արթուր Աշոտի Վարդանյանի հետ ինքնակամ թողել են զորամասը, միասին նստել պատահական տաքսի ավտոմեքենա, ուղեւորվել դեպի «Այրարատ» կինոթատրոն։ Մինչ այդ Ա.Վարդանյանը պայմանավորվել է Ա.Դավիթյանի հետ, որ կիրացնի նրա կողմից հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը՝ բջջային հեռախոսը, որից հետո իջել է մեքենայից: Ա.Դավիթյանը զանգահարելու պատրվակով վարորդ Աշոտ Նորիկի Քոչինյանից խնդրել է նրա բջջային հեռախոսը, սակայն այն վերցնելով դիմել է փախուստի՝ բացահայտ հափշտակելով զգալի չափ կազմող՝ 110.000 ՀՀ դրամ արժողության «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոսը, որն էլ իրացնելու նպատակով հետագայում հանձնել Է Ա.Վարդանյանին։
Նշված գործի կապակցությամբ Ա. Դավիթյանին մեղադրանք է առաջադրվել: Մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ ՊՆ 54574 զորամասի ժամկետային զինծառայող, կոչումով սերժանտ Արտավազդ Առաքելյանին: Նա ևս ինքնակամ թողել է զորամասը և Երևան քաղաքի Նոր-Նորքի զանգվածից նստելով պատահական տաքսի ավտոմեքենա, գնացել է «Այրարատ» կինոթատրոնի մոտ գտնվող ոսկու շուկա, որտեղ զանգահարելու պատրվակով վարորդ Տիգրան Ստեփանի Տոգրամաջյանից խնդրել է նրա հեռախոսը, այնուհետև դիմել փախուստի՝ բացահայտ հափշտակելով զգալի չափ կազմող՝ 30.000 ՀՀ դրամ արժողության «Նոկիա» տեսակի բջջային հեռախոսը։
Ինչպես տեղեկանում ենք datalex.am կայքից, նոյեմբերի 2-ին և 5-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում վարույթ է ընդունվել այս գործը: Օրինախախտ երեք զինծառայողներն էլ կալանավորված են:
Պատրաստեց Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ