Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ուզում էի, որ նա միշտ իմ կողքին լիներ». Լեռնագնաց ամուսինների պատմությունը

Նոյեմբեր 06,2012 18:29

59-ամյա տիկին Գայանեն իր ամուսնու կողքին լինելու համար դարձավ լեռնագնաց: Չնայած 7 տարի է, ինչ զբաղվում է այս ոլորտում, իրեն պրոֆեսիոնալ չի համարում, թեպետ գագաթներ նվաճելու ցանկությունը մշտապես ի կատար է ածում: Որքան էլ տարօրինակ է`մանուկ հասակում ֆիզկուլտուրայի դասերի չի հաճախել. ծնողները անհանգստացել են, որ չմրսի, չհիվանդանա: Նույնիսկ երբ համալսարան է ընդունվել, դարձյալ խուսափել է «ուժային առարկայից», քանի որ ինչպես ինքն է ասում.«Ինձ մոտ արդեն նստվածք կար, որ ես թույլ եմ»: Ամեն ինչ փոխվում է ամուսնանալուց հետո: Պարոն Անդրանիկը` տիկին Գայենի ամուսինը, եղել է լեռնագնաց և Ծովային բազմամարտի Հայաստանի Ազգային հավաքականի անդամ: Դեռ դպրոցական տարիներից մասնակցել է սպարտակիադաների, նաև արշավների: Մինչ ամուսնությունը՝ Գայանեն չի կարևորել ապագա ամուսնու զբաղմունքը. «Անդրանիկը իմ առաջին և միակ ընկերն է եղել, այդ իսկ պատճառով չեմ կարողացել նրան ուրիշի հետ համեմատել ու գնահատել նրա արժանիքները»,-ասում է Գայանեն: Նրա խոսքով՝ նրանք շատ տարբեր մարդիկ էին, ովքեր, սակայն, հետագայում լրացրեցին իրար. «Մեր նախասիրությունները հակասական էին, օրինակ՝ ես սիրում էի մեղմ հանգիստ՝ ծովափին, իսկ Անդրանիկը նախընտրում էր «վայրի» հանգիստը: Բայց պարզվեց, որ ես էլ եմ սիրում «վայրին», սակայն այդ մասին չգիտեի»,- ասում է նա: Գայանեն պատմում է, երբ երեխանները փոքր էին, զբաղված էր նրանց խնամքով, սակայն մեծանալուն պես իրենց գործն ունեցան, իսկ ամուսինը մշտապես մեկնում էր լեռնագնացության, և տիկինն այդ ընթացքում իրեն լիովին միայնակ էր զգում: Հետզհետե սկսվեցին կոնֆլիկտներն ու վեճերը: Այս ամենից հոգնած՝ պարոն Անդրանիկը մի օր առաջարկում է իր հետ «ճամփորդել». «Նա ասաց՝ Գայ արի. տես, թե ինչ եմ անում, նրան թվում էր, թե գնալով՝ ես ձեռք կքաշեմ իմ հետապնդումներից»,-ասում է Գայանեն: Հիշում է ՝ առաջին անգամ միասին բարձրացել են Հատիս սարը, սակայն դժվարություններ տեսնելով՝ նույնիսկ մտածել է, որ դա լինելու է վերջին անգամ, սակայն…
Գայանեի խոսքով՝ ամենատպավորիչը Հիմալայներում էր, երբ հենց վերջերս «նվաճեցին» Կալապատարի գագաթը՝ 5550մ: «Դա կարծես աշխարհի հրաշալիքներից մեկն է»,- ասում է նա:

Էվերեսթի բազային ճամբար

Էվերեստի բազային ճամբարում

Տպավորություններն այնքան մեծ են, որ տիկինը չի կարողանում կտրվել իր հիշողություններից: Գայանեն մասնագիտությամբ գծագրության ուսուցչուհի էր, աշխատում էր դպրոցում, սակայն վերադառնալով «բարձունքներից»՝ ազատվելու դիմում է գրում ՝ պատճառաբանելով, թե այլևս չի կարողանում առավոտյան շուտ զարթուցիչի ձայնից արթնանալ: Իրական պատճառը այլ էր. «Ես հոգնել էի նրանից, որ ուսուցիչներն իրենց հանգստի ժամին խոսում էին լվացքից, թե ով քանի անգամ է լվացք անում, ճաշ եփում: Կյանքում ավելի կարևոր բաներ կան»,-ասում է Գայանեն:

Լեռնագնացությունը նա համարում է իր հոբբին: Իսկ երեխանները հպարտությամբ են վերաբերվում իրենց ծնողների զբաղմունքին: Սակայն Անդրանիկի խոսքով՝ պատկերն այլ էր, երբ ինքը մենակ էր ձեռնարկում իր նվաճումները. «Երբ միայն ես էի գնում, աղջիկս միշտ ասում էր՝ վայ էլի գնացիր, աչքս չտեսնի քո կոշիկները: Բայց հենց Գայանն եկավ ինձ հետ, սկսեցին քաջալերել իրենց մորը»,- պատմում է նա: Վերջինիս խոսքով՝ կինը իրեն երբեք չի խանգարում՝ չնայած որոշակի տարբերություններ կան. «Լավ է, երբ երկուսով ենք, սակայն նրա մոտ քիչ է սպորտային պատրաստվածությունը: Օրինակ՝ եթե ամբողջ օրվա ընթացքում մենք կարող ենք բարձրանալ միայն Արագածի հարավային գագաթը, ապա առանց Գայանեի մեկ օրվա մեջ կարող եմ հաղթահարել 4 -ը»,-ասում է նա:

Արարատի գագաթին

Արարատի գագաթին

Միասին «նվաճել են» բազում գագաթներ: Արարատի գագաթին ամուսիները հպարտությամբ բարձրացրել են Հայաստանի դրոշը: Եղել են նաև Էվերեստի բազային ճամբարում, Կխումո սառցադաշտում: Գայանեն խոստովանում է. «Երբ արդեն մոտենում էինք Արարատին, տեսա, որ ամուսինս երեք քայլ հեռու է, սթրեսի մեջ ընկա, վիրավորվեցի. ո՞նց, նա թողել է ինձ ու հեռացել: Ես ուզում էի, որ նա միշտ իմ կողքին լիներ-պատմում է տիկինն ու հավելում,-ես մի քիչ էգոիստ էի, բայց չէ՞ որ նա ևս մարդ է, իսկ լեռան վրա սովորաբար մարդու հոգեբանության հետ փոփոխություններ են լինում. նա կարող է բղավել, լաց լինել և այլն»: Լինելով պրոֆեսիոնալ լեռնագնաց՝ պարոն Անդրանիկն իրեն հոգեբանորեն ավելի պատրաստված է համարում: «Ես հասկացա, թե ինչ է կատարվում կնոջս հետ, և դա բնական է: Դա կոչվում է լեռնային հիվանդություն»,- ասում է պ. Անդրանիկը: Ամուսինների խոսքով՝ լեռնագնաց դառնալու համար պետք է լինել բարի, ազնիվ եւ հետաքրքիր, չպետք ՝ ցուցամոլ եւ նյութապաշտ լինել:
Ամեն անգամ լեռ բարձրանալուց հետո ամուսիները հավաքվում են մտերիմ լեռնագնացների հետ և նշում իրենց «հաղթանակը»: Պատահում է նաև, որ նրանք ժամադրվում են լեռան գագաթին:
Իսկ մինչ այդ՝ միմյանց մաղթում են լավ եղանակ:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930