Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Վահե Ավետյանի ընկերոջ՝ «Հարսնաքարը» պլանավորված է եղել

Նոյեմբեր 06,2012 17:38

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Գարիկ Մարգարյանի, Արման Խաչատրյանի, Նորայր Հայրապետյանի, Արման Բաղդասարյանի, Դավիթ Ադամյանի եւ Արթուր Բաբլոյանի դեմ հարուցված քրեական գործով դատաքննությունը:  Այսօր շարունակվեց «Հարսնաքարի» գործով» տուժող ռազմական բժիշկ Արտակ Բայադյանի հարցաքննությունը:

Հիշեցնենք, որ նրա ցուցմունքից հետո հարցեր են տալիս ամբաստանյալների պաշտպանները: Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանին հետաքրքրում էր, թե երբ առաջին անգամ տուժող Արտակ Բայադյանը տեսել է «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տուժող Վահե Ավետյանին,  ինչ վիճակում է եղել: Խոսքն այն մասին էր, երբ Վահեն կարճ ժամանակով դուրս էր եկել մատուցող Դավիթ Ադամյանի ռեպլիկից հետո, մեկ րոպե անց, ըստ Ա. Բայադյանի, ինքը տեսել է Վահեին կքանիստ վիճակում, դեմքը պահած, իսկ քթից էլ արյուն էր հոսում:

Տուժողից  փորձեց պաշտպանն իմանալ, թե մասնավորապես, երբ իրենք գտնվել են ռեստորանային համալիրի ավտոկայանատեղիում, ամբաստանյալներից ով ինչ գործողություններ է կատարել: Հարցը հնչեց այսպիսի ձեւակերպմամբ. «Ծեծողներից, օրինակ, Արմենը միաժամանակ քանի՞ հոգու էր ծեծում»: (Արմեն անունը պայմանական էր ընտրված): Տուժող Ա. Բայադյանը պատասխանեց, որ հարվածները եղել են խառը, մասնավորապես, իրեն հարվածում էին 5-6 հոգի եւ հարվածներն այնքան շատ էին, որ ոչ մի ուղղությունից չէր կարողանում պաշտպանվել:

Ի դեպ, նա ստիպված էր նույն պատասխանը տալ նաեւ  ամբաստանյալ Արման Խաչատրյանի պաշտպան Ավագ Լալայանին եւ ամբաստանյալ Արման Բաղդասարյանի պաշտպան Միհրան Պողոսյանին:

Պատասխանելով պաշտպանական կողմի հարցերին, Ա. Բայադյանն ասաց, որ ըստ իրենց, այն, ինչ տեղի ունեցավ, նախատեսված էր եւ որ Վահեի ժպիտը որեւէ ագրեսիա չի թելադրել եւ պլանավորված էր, ինչ վերջում տեղի ունեցավ. «Եթե իմանայինք, զալից դուրս չէինք գա»:

Ի դեպ, պաշտպանական կողմին հետաքրքրում էր, թե, արդյոք, որեւէ զգուշացում եղե՞լ է՝ ինչպես ռեստորանային համալիրի աշխատակիցների, այնպես էլ այնտեղ գտնվողների կողմից, հայհոյանքների հետ կապված: Տուժողի կողմից հնչեց բացասական պատասխան, հետեւեց այլ հարցադրում՝ իսկ եղե՞լ է  հարեւան սեղանակիցներից որեւէ դիտողություն՝ հայհոյանքների հետ կապված: Պարզվեց՝ ոչ:

Պաշտպան Ավագ Լալայանին հետաքրքրեց նաեւ, թե Արզնի առողջարանային համալիրի տաղավարում որքան ոգելից խմիչք է օգտագործվել տուժողների կողմից: Ա. Բայադյանը պատասխանեց, որ կես լիտրանոց օղուց 3-4 բաժակ խմել է ինքը, Արկադին՝ 1-2 բաժակ, Վահեն, քանի որ մեքենայով էր՝ 1 բաժակ, Գարիկը, որ ուշացումով էր մոտեցել՝ 2 բաժակ, 1 բաժակ էլ Էդգարը: Ի դեպ, Արզնիի ձորում էլ որեւէ վիճաբանություն որեւէ մեկի հետ չի եղել: Հարցաքննության ժամանակ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները նկատեցին եւ հայտնեցին դատարանին, որ ամբաստանյալների պաշտպանները թերթիկներ են փոխանցում հարցաքննությունն իրականացնող իրենց գործընկերոջը: Դատավոր Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ իրավասու չէ տեսնել, թե պաշտպանական կողմը ինչ թղթեր է փոխանցում միմյանց, իսկ պաշտպան Մարինե Թովմասյանն էլ վրդովված հարցրեց. «Տուժողների ինչ իրավունքն է, թե մենք այստեղ ինչ ենք անում իրար»:

Արդեն երկրորդ նիստն է, որ տուժող Արտակ Բայադյանը ամենայն մանրամասնությամբ, անգամ նկարելով ցույց է տալիս դեպքի վայրը, իրենց դիրքը՝ երբ ուշքի են եկել, դեպքի վայրում գտնվողների քանակը: Ըստ նրա՝ եղել են 15-ից ավելի:

Դատարանը կարճատեւ ընդմիջումից հետո կշարունակի տուժողի հարցաքննությունը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930