Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցվողների 30 տոկոսը խղճահարությամբ է մոտենում հաշմանդամություն ունեցողներին

Նոյեմբեր 06,2012 17:19

Այսօր «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի «Էրեբունի» սրահում «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունը ներկայացրեց «Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության վերաբերյալ հանրային կարծիքի վերլուծության» արդյունքները:

Հետազոտությունն իրականացվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագրի շրջանակում: Լրագրողների հետ զրույցում ծրագրի տնօրեն Ջինա Սարգիսովան տեղեկացրեց, որ նախաձեռնությունն ուղղված է հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի իրավունքը պաշտպանելուն եւ ՀՀ-ում աշխատելու հնարավորություններ ստեղծելուն. «Հայաստանում կա 170.000-ից ավելի հաշմանդամություն ունեցող անձ: Նրանցից քչերն են, որ աշխատանք ունեն կամ պահանջված են հասարակության կողմից եւ հնարավորություն ունեն կիրառել իրենց գիտելիքներն ու ներուժը: Հետազոտությունն ուղղված էր պարզելու, թե արդյոք բարենպաստ է հաշմանդամություն ունեցողների նկատմամբ ձեւավորված հանրային կարծիքը` հետագա քայլերը մշակելու նպատակով: Պետք է ապացուցենք, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ ունեն գիտելիքներ, աշխատելու եւ օգտակար լինելու իրավունք»:

Սարգիզովան հավելեց, որ հետազոտությունն անց է կացվել Լոռիում, Արարատում, Շիրակում եւ Գեղարքունիքում. «Ընդհանուր առմամբ` հարցման արդյունքները ցույց են տվել, որ թեեւ հարցվողները տեղյակ են հաշմանդամություն ունեցող մարդկանցից, բայց քչերն են, որ ստույգ պատկերացում ունեն նրանց կարիքների եւ հնարավորությունների մասին: Հետեւաբար` հասարակության պատկերացումը եւ մոտեցումը ոչ այնքան բարենպաստ է: Մեր խնդիրն է ` պայքարել կարծրատիպային մոտեցումների դեմ: Օրինակ` հաշմանդամությունը շատ տեսակներ ունի, եւ խնդիրները չեն սահմանափակվում միայն շենք անարգել մտնելու հարցով: Կարծրատիպը կարելի է հաղթահարել հանրային միջոցառումներով եւ գործնական ճանապարհով: Հարցվողների մեծամասնությունը պատասխանել է, որ հանդուրժող է հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ: Դա բացասական արդյունք է, որովհետեւ մենք պետք է ոչ թե հանդուրժող լինենք, այլ ընդունենք նրանց որպես հասարակության լիիրավ անդամ: Իսկ մոտ երեսուն տոկոսը խղճահարությամբ է մոտենում հաշմանդամություն ունեցողներին: Դա նույնպես բացասական արդյունք է, քանի որ նրանք ունեն հավասար իրավունքներ»:

Ծրագրի տնօրենը նաեւ ասաց, որ աշխատելու են գործատուների հետ, ստեղծելու են սոցիալական ձեռնարկություններ, որտեղ հաշմանդամություն ունեցողները հնարավորություն կունենան կիրառել իրենց գիտելիքները:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930