«Հրապարակ» օրաթերթը տեղեկություն էր տպագրել, որ շինարարության ժամանակ ՀՀԿ-ի շենքի տանիքից 27-ամյա շինարարն ընկել եւ մահացել է: Այսօր «Հայելի» մամուլի ակումբում լրագրողները ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանից հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ էր ՀՀԿ-ն թաքցնում այդ իրողությունը:
Ավետիսյանը վրդովվեց. «Ես թաքցրե՞լ եմ: Ո՞վ պիտի հայտարարեր: Օրինակ՝ դուք տեսե՞լ եք դա: Ես այսօր առավոտ լրատվությամբ եմ տեսել, որ նման դեպք ա եղել: Թաքցնողներին գնացեք՝ ասեք՝ ինչի՞ եք թաքցրել: Ես չգիտեմ՝ ոստիկանությո՞ւնն է, ո՞վ է: Գնացեք ձեր գործընկերներին հարցրեք»:
«Առավոտի» հարցին՝ լուրն իմանալով չի՞ փորձել որեւէ պատասխանատու անձից ճշտել տեղեկությունը, մանավանդ որ գնում էր լրագրողների հետ հանդիպման եւ տրամաբանական էր, որ նման հարց հնչելու է: «Մեր մոտ կոնկրետ նման բան չկա, որ շինարարության համար պատասխանատու է կուսակցությունը ու մեկը առավոտից իրիկուն կանգնած նայում է, թե շինարարներն ի՞նչ են անում»:
ՀՀԿ-ական պատգամավորը դա որակեց «ՀՀԿ-ի դեմ սեւ փիառ: Որ մի ամիս առաջ ա եղել, ո՞նց ա էդ լրատվամիջոցը լռում է, էսօր նոր որոշեց, որ նման բան ա եղել»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ «Երկիր»-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավարը հաստատել էր, որ նման դեպք եղել է եւ ՀՀԿ-ն էլ հոգացել է հուղարկավորության ծախսերը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ