«ՀԱԿ քաղխորհրդում ընդամենը քննարկվել է մեկ հարց՝ արդյոք ՀԱԿ ֆրակցիան իրավունք ունի՞ համագործակցի ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի հետ: Այո, մենք որոշում ենք կայացրել, որ եթե ՀԱԿ-ը մանդատները վերցրել է, ապա նա պարտավոր է եւ իրավունք ունի բոլոր հնարավոր համագործակցության ձեւերը գտնի քաղաքական ուժերի հետ: Մասնավորաբար, ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ: Սա է եղել: Իսկ խոսել այն մասին, որ ՀԱԿ-ը որոշում է ընդունել, որ նախագահական ընտրություններում ՀԱԿ-ը պետք է համագործակցի ԲՀԿ-ի հետ, էդպիսի բան չի եղել»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հարցերին ի պատասխան՝ ասաց ՀԱԿ անդամ, կուսակցության ղեկավար Սոս Գիմիշյանը:
Նա հիշեցրեց, որ հայտնի հանրահավաքում Տեր-Պետրոսյանն ինքն է հայտարարել, որ այդ հարցում ՀԱԿ քաղխորհրդում կոնսենսուս չկա, բայց քաղաքագիտական նկատառումներից ելնելով՝ հնչեցրեց այդ գաղափարը: «Մենք էլ, մասնավորաբար մեր կուսակցությունը, որը այդ ուղուն համաձայնություն չի տվել, ընդամենը հայտարարել է, որ այսօր չի ցանկանում ոչ խանգարել, ոչ էլ գնահատական տալ: Գնահատականը կլինի նախագահական ընտրություններից հետո: Պառլամենտական ընտրությունները նույնպես կարող էին հանդիսանալ գնահատական, բայց, որոշ իմաստներով, սա կարող էր միջանկյալ քայլ դիտարկվել: Շատ քիչ ժամանակ է մնացել, կլինեն նախագահական ընտրությունները, ՀԱԿ-ը կգա՞ իշխանության՝ կասեմ՝ ճիշտ ուղի էր ընտրվել, ներողություն կխնդրեմ, հասարակության առջեւ կընդունեմ իմ սխալը: Եթե՝ ոչ, հստակ կլինի, որ դա սխալ ուղի էր»:
Գիմիշյանը չգիտի՝ ինչո՞ւ են ՀԱԿ քաղխորհրդի որոշումը Արամ Մանուկյանն ու Լեւոն Զուրաբյանն այլ կերպ ներկայացնում: Վաղը կայանալիք քաղխորհրդի նիստին կփորձի բարձրացնել այդ հարցը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ