Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձագետ. Բարձրահարկեր կառուցելուն այսօր Հայաստանը պատրաստ չէ

Նոյեմբեր 06,2012 16:25

«Հայաստանում շինարարության ոլորտում կա ընդամենը 4 կանոնակարգ, դրանք են` ցեմենտ- բետոնե ամրանավորման համար օգտագործվող պողպատները, սինթետիկ հիմքերով լաքերը, ներկերը,եւ շինապակին: Մնացած շինանյութերը դուրս են մնում սերտիֆիկացումից եւ փորձարկումից»: Այս մասին այսօր «Peoplemeter» ակումբում ասաց շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող եւ շինանյութի որակը փորձարկող ընկերության ղեկավար Փիրուզա Աբաջյանը:

Նրա խոսքերով, օրինակ փորձարկումներից դուրս են որոշ հանքերը. «Ասենք`արտադրում են խիճ, ավազ, որոնք բետոնի բաղադրիչ մասեր են: Ստանդարտների մեջ հստակ ասվում է` թե ինչ քանակով եւ ինչ հաճախականությամբ պետք է օգտագործվի, պետք է վերցնենք նմուշառումներ կատարենք, սակայն քանի որ դա կամավոր է, կառուցապատողն էլ չի ցանկանում ավել գումար ծախսել փորձարկումների վրա: Իսկ որքան շատ լինեն փորձարկման կանոնակարգերը, այնքան շինության անվտանգությունը բարձր կլինի»:

Տիկին Աբաջյանի վստահեցմամբ, Հայաստանում օգտագործվող շինանյութերը, ճիշտ է, վատը չեն, բայց դրանք այնքան էլ բարձրորակ չեն. «Իմ կարծիքով՝ բավարար որակ է, բայց ոչ լավ, չպետք է բավարարվենք բավարարով, պետք է որակը բարձրացնել»:

Մասնագետի դիտարկմամբ, բազմաթիվ հսկիչներ էլ, որոնք շինարարության սկզբից մինչեւ վերջ պատասխանատու են շինության որակի համար, անգամ չգիտեն, թե ինչ բան է տեխնիկական կանոնակարգ: Բացի այս, շինարարությունների փորձարկումներն էլ ցածր մակարդակի վրա են, ինչպես ասաց տիկին Աբաջյանը, եթե հաճախակի փորձարկվեն շինանյութերը, ապա խնդիրներ էլ չեն լինի:

Հարցին, թե, արդյոք, Հայաստանը տեխնիկապես եւ շինորակի առումով պատրա՞ստ է բարձրահարկ շենքեր ունենալուն, հաշվի առնելով, որ որոշ մասնագետներ կարծիք են հայտնել, որ 9 հարկից ավելի պետք չէ կառուցել, տիկին Աբաջյանն ասաց` «Ոչ: Այսօրվա վիճակով չունենք այն մակարդակը, որ նման բարձրահարկ շենքեր կառուցվեն: Շատ բաներով չենք զիջում միջազգային որակին, բայց այսօր դեռեւս պատրաստ չենք բարձրահարկերի կառուցմանը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930