«Հայաստան» մարզական միության մարզադահլիճում կայացավ «Առավոտ» օրաթերթի կազմակերպած սեղանի թենիսի ավանդական` 5-րդ մրցաշարը ԶԼՄ-ների միջեւ, որի ժամանակ 12-ից ավելի լրատվամիջոցների ավելի քան 30 աշխատակիցներ պայքարեցին տղամարդկանց եւ կանանց անհատական առաջնությունների հաղթողներին ու մրցանակակիրներին որոշելու համար:
Միջոցառման նպատակը սեղանի թենիսի միջոցով առողջ ապրելակերպն ու մասսայական ֆիզկուլտուրան լրատվական դաշտ տեղափոխելն է, այն կենսակերպ դարձնելը, ինչը, արդեն կարելի է վստահաբար ասել, հաջողվել է:
Հինգերորդ տարին անընդմեջ մրցաշարը հովանավորում է VivaCell-MTS-ը, որն ամեն անգամ երեքական մրցանակակիրներին պարգեւատրում է վերջին արտադրության բջջային հեռախոսներով: Հինգերորդ տարին անընդմեջ «Հայաստան» մարզական միության նախագահ Ռազմիկ Ստեփանյանը սեղանի թենիսի մարզադահլիճը սիրով տրամադրում է լրագրողներին: Բոլոր մրցաշարերում մրցավարությունը հաճույքով ստանձնում են Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի ազգային հավաքականների գլխավոր մարզիչ Ֆելիքս Սարգսյանը, Եվրոպայի բրոնզե մեդալակիր, միջազգային կարգի մրցավար Գոհար Խանզրատյանն ու նրանց սաները` հանրապետության տարբեր տարիքային խմբերի չեմպիոններն ու մեդալակիրները:
«Առավոտ» օրաթերթի ավանդական մրցաշարն այս տարի եւս մի պատկառելի հովանավոր ունեցավ՝ ի դեմս Coca-Cola Hellenic Armenia ընկերության, որը նույնպես հնարավոր ամեն բան անում է Հայաստանում մասսայական սպորտն արմատավորելու եւ աշխարհագրությունն ընդլայնելու համար: Ընդ որում, լրագրողների շրջանում էլ առողջ ապրելակերպը խթանելու նպատակով Coca-Cola Hellenic Armenia-ն արժեքավոր ժամացույցներով խրախուսեց մրցաշարերում իրենց լավ դրսեւորած, սակայն մրցանակային տեղ չզբաղեցրած երեքական տղամարդ եւ կին մասնակիցների:
«Առավոտի» մարզական նախաձեռնությունները, ըստ ամենայնի, արդեն հետաքրքրում են նաեւ սպորտի պետական կառույցին եւ ՀԱՕԿ-ին: Մասնավորապես, մեկ շաբաթ առաջ թերթը, Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի (ՀՄԼՖ) հետ համատեղ եւ ՀԱՕԿ-ի հովանավորությամբ «Արենա» բոուլինգի ակումբում նմանատիպ մրցաշար էր կազմակերպել, որին ներկա եղավ նաեւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Նախարարը, որ այցելեց նաեւ սեղանի թենիսի մրցաշար եւ ինքն էլ իր «հնարավորությունները ստուգեց» թենիսի սեղանի առջեւ, հորդորեց` ՀՄԼՖ-ի հետ համատեղ շարունակել նոր, մատչելի մարզաձեւերի մրցաշարեր նախաձեռնել զանգվածային լրատվամիջոցների աշխատակիցների միջեւ` իր կողմից էլ անհրաժեշտ աջակցություն ստանալու առաջարկով:
Մի քանի ժամ տեւած պայքարի արդյունքում կանանց մրցաշարում լավագույն եռյակը կազմեցին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության աշխատակիցներ Մարինե Կարապետյանը, Բիայնա Ստեփանյանը եւ «Xsport.am»-ից` Վերոնիկա Ավետիսյանը: Իսկ տղամարդկանց մրցակցությունում հավասարը չունեցան Արսեն Թամազյանը, Էդուարդ Քալանթարյանը (երկուսն էլ` Հանրային հեռուստաընկերություն) եւ Սամվել Ջինանյանը` «Երկիր Մեդիա»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ