Լրահոս
Օրվա լրահոսը

Դիրքային պայքար

Նոյեմբեր 06,2012 15:58

 

Սպորտում կա այսպիսի հասկացություն՝ դիրքային պայքար: Օրինակ, ֆուտբոլում. պաշտպաններն ու կիսապաշտպանները գնդակը գլորում են սեփական կիսադաշտում, չեն ուզում ռիսկի դեմել, հետն էլ խաղում են հակառակորդի նյարդերի հետ: Եթե խաղացողները տեխնիկապես լավ են պատրաստված, դա կարող է մի քանի րոպե տեւել (10-15 փոխանցում)՝ չնայած այդ մարտավարությունն էլ իր վտանգն ունի. հակառակարոդը կարող է պրեսինգի դիմել, խլել գնդակը եւ վտանգավոր գրոհ կազմակերպել: Հենց մրցակից թիմի պրեսինգն է, որ ստիպում է գնդակն ուղարկել առաջ, գնալ սրացումների եւ այդպիսով ավարտել դիրքային պայքարի փուլը: Բայց եթե պրեսինգ առանձնապես չկա, գնդակ գլորելը կարող է կարող է անվերջ թվալ, եւ այդ դեպքում անխուսափելի է, որ տրիբունաները կսկսեն սուլել: Ընդ որում, նման «ոչ արտահայտիչ» խաղի համար կարող են սուլել թե՛ քո եւ թե՛ քո մրցակցի երկրպագուները:

Քաղաքական «պրեմյեր-լիգայում» երեք հիմնական թիմերն առայժմ ընտրել են հենց այդ մարտավարությունը: «Երկրորդ դիվիզիոնում», որտեղ թիմերն ու խաղացողներն ավելի շատ են, մենք ականատեսն ենք հիմնականում «բաց, հարձակողական» ֆուտբոլի, որն, իհարկե, ավելի դիտարժան է: Բայց քանի որ հավակնություններն ու խաղադրույքներն ավելի ցածր են, հետաքրքիր կոմբինացիաներն ու դրիբլինգները դիտվում են գրեթե որպես ինքնանպատակ, մի տեսակ՝ «արվեստ արվեստի համար»: Հենց այդ պատճառով էլ՝ եթե նույնիսկ, ասենք, Պարույր Հայրիիկյանը գեղեցիկ խաբս տա Արամ Հարությունյանին կամ Արամ Կարապետյանը վարպետորեն խաղա գլխով Րաֆֆի Հովհաննիսյանի տուգանային հրապարակում, ծափահարություններ, իհարկե, կհնչեն, բայց հրճվալից ոռնցներ կամ աղաղակներ դուք չեք լսի:

Ուրիշ հարց՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը: Այստեղ պայքարը զուտ դիրքային է: Պատահում է, իհարկե, որ հակառակորդ թիմերի արագաշարժ հարձակվողներ, օրինակ Նաիրա Զոհրաբյանը կամ Արմեն Աշոտյանը փորձում են պրեսինգի ենթարկել մրցակցի պաշտպանությունը՝ թույլ չտալով հանդարտորեն գլորել գնդակը, բայց այդ դեպքում պաշտպանները գնդակը փոխանցում են դարպասապահներին՝ Տիգրան Ուրիխանյանին, Էդուարդ Շարմազանովին եւ Արման Մուսինյանին, որոնք «հանգստացնում են խաղը»՝ «դեռ ոչինչ պարզ չէ, քաղաքական կոնսուլտացիաները շարունակվում են»: Այս երեքի դիրքային պայքարի հիմքը հետեւյալն է. ՀԱԿ-ը ոչինչ չի ասի, մինչեւ որ ԲՀԿ-ն չասի, իսկ ԲՀԿ-ն կասի այն ժամանակ, երբ պարզ է կդառնա, թե ինչ պետական լծակներ է նրան աապտրաստ տալ իշխանությունը՝ բավարար, թե ոչ բավարար:

Դիրքային պայքարը, ինչպես արդեն ասացի, հավերժ չի կարող տեւել: Դա կարելի է ցույց տալ թեկուզ շախմատի օրինակով՝ վաղ թե ուշ սկսվում է ֆիգուրների փոխանակման փուլը: Երբեմն այդ փախանակումն այնքան հեռու է գնում, որ խաղատապտակին մնում են միայն թագավորները: Իսկ դա նշանակում է՝ «մարտական ոչ-ոքի»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել