«Ես ինձ թույլ եմ տալիս վերապահ վերաբերմունք ունենալու ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այն հայտարարությանը, որ միջազգային հանրությունը խստորեն դատապարտել է Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը եւ նրան ներում շնորհելը»,- երեկ Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը՝ հավելելով. «ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ որոշ երկրներ, ինչպես օրինակ` Թուրքիան, Բելառուսը եւ այլք, ընդհանրապես չեն անդրադարձել երեւույթին: Սաֆարովի ոչ այնքան արտահանձնումը, որքան նրան ներում շնորհելը դատապարտել են ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրները՝ տարբեր շեշտադրումներով: Կոնսոլիդացված, կոնսենսուսային դատապարտում չեմ կարող ասել, որ եղել է»:
Սովորաբար, նման իրավիճակներում, ըստ մեր զրուցակցի, Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳՆ-ները կամ երեք համանախագահները համատեղ հայտարարություն կանեին: Բայց մենք ականատեսը եղանք նախ՝ ԱՄՆ պետդեպի, ապա Ֆրանսիայի ԱԳՆ-ի, հետո ՌԴ ԱԳՆ-ի՝ մամուլի քարտուղարի մակարդակով արձագանքին: «Չեմ կարծում, թե Սաֆարովի էքստրադիցիան Ադրբեջանին միջազգային հանրության ընկալումներում տեղավորել է այն ֆոնով, որին այդ երկիրն արժանի է»,- ի տարբերություն ՀՀ արտգործնախարարի՝ կարծում է Վահրամ Աթանեսյանը:
Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանում ՀՀ ԱԳ նախարարը խոսելով Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների, Մինսկի խմբի եռանախագահների՝ Փարիզում կայացած հանդիպման մասին՝ դրա գլխավոր նպատակն էր համարել Ադրբեջանին կառուցողական բանակցությունների դաշտ բերելը: Նաեւ նկատել էր. «Միջազգային հանրությունը համապատասխան արձագանքով արտահայտեց իր վերաբերմունքը Ադրբեջանի կեցվածքի վերաբերյալ: Չկա մի երկիր, կառույց, որը խստորեն չքննադատեց, իր վրդովմունքը չհայտնեց այդ քայլի նկատմամբ»,- ասել է նա՝ ավելացնելով, որ միակ չփոխված բանը անհրաժեշտությունն է, որպեսզի Հայաստանն ու եռանախագահները պարտադրեն Ադրբեջանին, որ ԼՂ հակամարտությունը պետք է խաղաղ ճանապարհով լուծվի: «Դրանից առաջ Կազանում Ադրբեջանը հետքայլ արեց ոչ միայն Կազանում, դրանից առաջ՝ Սոչիում, ավելի շուտ՝ Աստրախանում, Սանկտ Պետերբուրգում, փաստորեն մերժելով եռանախագահների բոլոր առաջարկները՝ կապված ԼՂՀ հարցի կարգավորմանը, դա ստեղծել էր այնպիսի վիճակ, որ, փաստորեն, Ադրբեջանը, մերժելով բանակցային գործընթացը, գնում էր բանակցությունների տապալմանը: Այսպիսով պետք էր (մի քայլ- խմբ.) անել, որ բանակցությունները շարունակվեն: Հայաստանը հայտարարեց, որ տրամադրված է վճռական՝ շարունակելու բանակցությունները: Եթե մեկը կա կողմ ցանկություն ունենալու՝ տապալել այդ բանակցությունները, դա ադրբեջանական կողմն է: Եռանախագահները նախաձեռնեցին Ադրբեջանին վերադարձնել բանակցային սեղանին»,- ասել էր նախարարը՝ հավելելով, որ Սաֆարովի հետ կապված պատմությունը եւս մեկ հարված էր բանակցային գործընթացին:
«Ես ասել եմ եւ մնում եմ իմ կարծիքին, որ այսուհետեւ շատ ծանր է լինելու հայկական կողմերի համար՝ բանակցել Ադրբեջանի հետ»,- ասաց Վահրամ Աթանեսյանը՝ կիսելով Նալբանդյանի այն տեսակետը, որ Կազանում, Աստրախանում, Սանկ Պետերբուրգում Ադրբեջանը տապալել է բանակցությունները, բայց իբրեւ ԼՂՀ քաղաքական գործիչ մնում է իր անձնական այն կարծիքին, որ Ադրբեջանը շարունակելու է մերժել ԼՂՀ խնդրի խաղաղ կարգավորման բոլոր առաջարկները եւ ակնկալիքներ ունենալ, որ Ադրբեջանին կարելի է բերել կոնստրուկտիվ դաշտ, բանակցությունների սեղանի շուրջ՝ առնվազն չափազանց լավատեսական է համարում: «Ադրբեջանը չունի ԼՂՀ խնդրի կարգավորման հայեցակարգային լուծման մտադրություն: Մերժել, մերժում եւ մերժելու է բոլոր առաջարկները: Իհարկե, Հայաստանը, որպես միջազգային հանրության, ՄԱԿ-ի անդամ, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացում անմիջապես ներգրավված կողմ, պետք է դրական վերաբերմունք արտահայտի բանակցությունների վերսկսման ցանկացած փորձի: Այս առումով ԱԳ նախարարի լավատեսական գնահատականները հասկանալի եւ ընդունելի են. մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր կողմից չսպառվի բանակցությունները շարունակելու հնարավորությունը»,- փաստում է մեր զրուցակիցը՝ միջազգային հանրության, միջնորդ երկրների եւ համանախագահների ուշադրությունը մեկ անգամ եւս հրավիրելով այն իրականության վրա, որ Ադրբեջանի համար կա խնդրի լուծման մեկ տարբերակ՝ վերականգնել այն, ինչ որ գրված է իրենց Սահմանադրության մեջ, որըտեղ չկա ԼՂ հասկացությունը:
Վահրամ Աթանեսյանը գտնում է, որ այս պարագայում խնդիրն աստիճանաբար պետք է տեղափոխել ԼՂՀ փաստացի անկախության միջազգային ճանաչման ուղեգիծ. «Այսինքն՝ այն տրամաբանությամբ, որ եթե Ադրբեջանն իր քաղաքական էլիտայի նպատակադրվածությամբ մերժում է միջնորդների ցանկացած առաջարկություն, ապա դրա այլընտրանքը փաստացի իրավիճակի օրինականացումն է միջազգային հանրության կողմից: Այդ իմաստով ես ողջունում են արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի լավատեսությունը: Այո, պետք է շարունակել, պետք է փորձել բանակցությունների սեղանի շուրջ միջազգային հանրությանը համոզել, որ Ադրբեջանը չունի խնդրի խաղաղ կարգավորման նպատակադրվածություն, որպեսզի միջազգային հանրությունն էլ համապատասխան եզրակացություն անի: Միաժամանակ, իհարկե, ամրապնդելով ԼՂՀ-ի, ՀՀ-ի պաշտպանունակությունը՝ բանակի սպառազինվածությունն ավելացնել, լուծել պրակտիկ, կոնկրետ հարցեր, ինչպես, օրինակ, Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը»:
Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ