Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անուշ Սեդրակյան. «Խնդիր է դրված՝ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն անջա՞տ են հանդես գալու, թե՞ իրար հետ հարցը թիվ մեկ ինտրիգը դարձնել»

Նոյեմբեր 06,2012 15:54


«Ազատ Դեմոկրատներ»-ի փոխնախագահ Անուշ Սեդրակյանի կարծիքով՝ ԲՀԿ-ՀԱԿ բանակցային գործընթացը պետք է թափանցիկ լիներ՝ հանրության մեջ տարակուսանք չառաջացնելու համար

– Օրերս ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը չբացառեց, որ Սերժ Սարգսյանին սատարելու մասին առաջիկայում կարող է ԲՀԿ-ի հետ պայմանավորվածություն ձեռք բերվել։ Պատասխանելով հարցին, թե արդյոք Ս. Սարգսյանին սատարելու համար այժմ բանակցություններ ընթանո՞ւմ են ԲՀԿ-ի հետ, Հ. Աբրահամյանն ասել էր, թե պաշտոնական քննարկումներ չկան, բայց քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում։ Ստացվում է, որ քաղաքական գործընթացները նախագահական ընտրություններից առաջ բացառապես կոալիցիոն երբեմնի գործընկերների՝ ՀՀԿ-ԲՀԿ տիրույթում են: Դուք ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը:
– Իրավիճակը հայկական ստատիկ, փաստային իրավիճակ է, որից փախչել չենք կարող: Այնպես է ստացվում, որ Հայաստանում քաղաքականություն անում են վարչական եւ ֆինանսական ռեսուրսներին տիրապետող մարդիկ, այդ մարդիկ կենտրոնացած են հիմնականում ՀՀԿ-ԲՀԿ դաշտում, եւ դաշտից դաշտ փոխներթափանցումները եւ դաշտից դաշտ այդ գործընթացը միանգամայն բնական են։ Պարզապես այլ խնդիր կա. բավական թափանցիկ խնդիր է դրված. որպեսզի դա դառնա քաղաքական, ընտրական գործընթացի թիվ մեկ ինտրիգը, որպեսզի հանրության ողջ ուշադրությունը, հետաքրքրությունը կենտրոնացած լինի այդ ինտրիգի վրա, արդյոք ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն անջատ-անջա՞տ են հանդես գալու, թե՞ իրար հետ։ Մինչդեռ իրականում քաղաքական առումով այդ երկու ուժերին միմյանցից ոչինչ չի բաժանում՝ նրանց ոչ քաղաքական պլատֆորմներն են ռադիկալ կերպով տարբերվում, ոչ նրանց քաղաքական պահվածքն է ռադիկալ կերպով տարբեր։ Գնդակի փոխանցումը նույն դաշտում կարելի է դնել քաղաքական գործընթացի տեղ, բայց, անյուամենայնիվ, չի կարելի դարձնել հանրային այդ աստիճանի քննարկման առարկա, որովհետեւ հանրության առջեւ դրված խնդիրները բացարձակապես այլ են։
– Այսինքն՝ ԲՀԿ-ի՝ որպես այլընտրանք հանդես գալու հավաստիացումները, ձգտումները Դուք համարում եք հասարակության համար ո՞չ այնքան ուշադրության արժանի։
– Կարծում եմ՝ եթե մեր հասարակությունը, որը քաղաքական այսքան պայքարներում թրծվել է, տեղյակ է ընդդիմության որակներին, որոշ ընդդիմադիր գործիչների պահվածքին, այլեւս պետք է քաղաքական այդ սցենարին կուլ չգնա։ Այլ բան է, եթե հասարակությունն իր առջեւ խնդիր դնի, որ մի քաղաքական կառույցը փոխարինում է մեկ այլ՝ նրան շատ նման կառույցով. սա արդեն այլ խնդիր է, բայց այս դեպքում արդեն հանրային շահերը չեն աշխատում, աշխատում են անձնական շահերը։
– ՀԱԿ ներկայացուցիչները մի քանի օր է, ինչ հիշեցնում են, որ ԲՀԿ-ի հետ համագործակցության հարցը քննարկվել է օգոստոսին, եւ ՀԱԿ-ի քաղխորհուրդը կոնսենսուսով որոշում է ընդունել, որ վստահում է առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ չի սահմանափակում նրան այդ հարցում որոշում կայացնելու մեջ: Այս երկու ուժերի համագործակցության հնարավորությունը ա՞յդ դեպքն է, որը Դուք ակնարկեցիք՝ մեկ ուժին մեկ այլ նման ուժով փոխարինելու հնարավորության, հասարակական պահանջի եւ անձնական շահերի հետ կապված։
– Կարծում եմ, որ ընդդիմադիր կուսակցությունը երբ սկսում է այդպիսի բանակցային գործընթաց, նա պետք է շատ թափանցիկ պահի այդ գործընթացը՝ հանրության մեջ տարակուսանք չառաջացնելու համար։ Առայժմ որեւէ քաղաքական պատճառաբանություն չի տրվել այդ գործընթացին։ Իսկ ինչ վերաբերում է որեւէ առաջնորդի անսահմանափակ լիազորություններին ինչ-ինչ գործընթաց վարելու՝ իբրեւ ազատական ուժի ներկայացուցիչ, նման գործընթացին նայում եմ խիստ թերահավատությամբ եւ կարծում եմ, որ քաղաքական հաշվետվության ենթակա են բոլորը՝ նույնիսկ ամենախարիզմատիկ լիդերները։
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930