ԱԱԾ նախկին բարձրաստիճան սպան «կանխատեսում» է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ճակատագիրը:
«Երբ մարտի 1-ին ինձ ու իմ ընկերներին կալանավորեցին, «Կլոր գաղութում»` Վարդաշեն ՔԿՀ-ում, շուրջ երկու ամիս կոյուղաջրերը գտնվում էին առաջին հարկի խցերում: Այդ խցերում կար ութ մահճակալ, որոնց վրա տեղավորում էին 12-14 հոգու: Հերթով էին քնում: Կալանավորները, երբ ոտքները մահճակալից ցած էին դնում, դնում էին կղկղանքի մեջ, «աֆրիկյան փոս» էր»: Նստել չէր լինի, մարդիկ կանգնած ու այդտեղ հաց էին ուտում»,- «Առավոտի» հետ զրույցում «գաղութային կյանքի» այս մանրամասները հիշեց նախկին քաղբանտարկյալ, ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Գուրգեն Եղիազարյանը:
Ընդհանուր առմամբ, մեր զրուցակիցն այն կարծիքին է, որ ամենադաժան քրեակատարողական հիմնարկները լինում են զարգացող՝ Հայաստանի նման երկրներում. «Աֆրիկյան երկրներում քրեակատարողական հիմնարկներ, որպես այդպիսին, չկան: Խորը փոսեր են փորում, մարդկանց գցում են դրանց մեջ. մարդիկ պարզապես խեղդամահ են լինում գազերից: Մեր քրեակատարողական հիմնարկները աֆրիկյան չեն, մարդիկ փոսերի մեջ չեն: Բայց ես կասեի՝ հայաստանյան քրեակատարողական հիմնարկները «աֆրիկյան փոսեր են»:
Նրա կարծիքով՝ հենց քրեակատարողական հիմնարկի մակարդակը, կենսամակարդակը, սպասարկումն են տվյալ հասարակության լավագույն ցուցանիշը: Հետեւաբար՝ համարում է, որ ՀՀ քրեակատարողական հիմնարկներին պետք է նայել ՀՀ-ում բնակվող մեկ միլիոն 200 հազար աղքատների պրիզմայով: Այս համատեքստում մեր զրուցակիցը որոշ մանրամասներ է պատմում գաղութային իրականությունից. «Ամեն խուց, ամեն բարաք իր «նայողն» ունի: Իսկ ՔԿՀ-ն ունի իր գլխավոր «նայողը»` «բաժնի վարիչներ եւ վարչության պետ»: Իշխանություններին զուգահեռ՝ ներսում կառավարման նոր համակարգ է ստեղծված, որը գտնվում է «նայողների» հսկողության ներքո, իսկ «նայողները» ՀՀ օրենսդրություն չեն կիրառում, այլ «գողական»: Ու դա պարզ նպատակ ունի. այդ կառավարման համակարգը հսկողներին եւ նրանց վերահսկիչներին աստղաբաշխական գումարներ է բերում: Ամեն կալանավորից ամսական 100 դոլար է գանձվում, որ ինքն իրավունք ունենա հեռախոսից օգտվելու ու ընդհանրապես՝ կալանավայրում ապահովի իր գոյությունը որպես մարդ: Կալանավորը մշտապես ճնշված է «ճշտի» եւ «սխալի» արանքում: Իսկ «ճիշտն» ու «սխալը» մնում են «նայողի» հայեցողությանը: Ու եթե «սխալ» է, բացի ամսական 100 դոլարից, կալանավորը պարտավոր է «այլ մուծումներ» կատարել` «շյոտչիկը միացնում են», «տոկոս ա գալիս»: Հակառակ դեպքում նրա կյանքը կվերածեն դժոխքի: Այսինքն՝ 10 հազար կալանավորները մինիմում ամսական մեկ միլիոն դոլար են վճարում, ու դա՝ կալանավորի ընտանիքի, երեխայի հաշվին, որ մի քանի տզրուկ հարստանան, արտասահմանում տներ ու կղզիներ գնեն»:
Մեր զրուցակիցը հաստատում է, որ կալանավորների անկողինը, օճառը, հագուստը եւ կենսագործունեության ցանկացած միջոց բերվում է «դրսից»` հարազատների կողմից: Տեղի միայն հացն է օգտագործվում: Եվ հռետորական հարց է հնչեցնում` եթե ՀՀ մեկ միլիոն 200 հազար քաղաքացիների եկամուտը չի գերազանցում ամսական 35 հազարը, ինչպե՞ս կարող են ամսական 100 դոլար տալ «տուլիկին»` իր կալանավորին ուղարկվելիք ծանրոցին: Նա վստահեցնում է նաեւ, որ կալանավայրերի հաշվին խոզի ֆերմաներ եւ թռչնաբուծական ֆաբրիկաներ են պահվում, քանի որ այդ ճաշ կոչվածը, միեւնույն է, եփվում է, բայց ոչ ոք չի օգտվում: «Ներսի գտնվողների համար կապ չունի, թե մյուսի հարազատներն ինչ վիճակի մեջ են: Իսկ վերջիններս էլ ստիպված վաճառում են անգամ բնակարանները, միայն ապահովեն նեղության մեջ գտնվող իրենց հարազատին: Այդ գումարները մխսվում է էդ «շան ծիծ կերած» հիմնարկում` արդարադատության նախարարությունում: Ես հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էի` թքեմ դրանց ճակատին: Մարդկանց գցելով ծանրագույն պայմանների մեջ` որոշ մարդիկ հսկայական գումարներ են լափում: Կալանավայրերում չի կարող նման բաներ կատարվեն առանց արդարադատության նախարարության վերահսկողության վարչության գիտության: Եթե նախարարությունում չցանկանան, ոչ ոք «տուլիկից» տոկոս չի վերցնի եւ կալանավայրը հյուրանոցի չի վերածի»: Նա այս առումով վիճակը որոշակիորեն լավ է համարում «Կենտրոն» ՔԿՀ-ում` նախկին ԱԱԾ մեկուսարանում, եւ Վարդաշեն ՔԿՀ-ում, որտեղ իրավապահ համակարգի նախկին աշխատողներն են. «Գողական» օրենքները, «նայողների» ինստիտուտն այստեղ 1-2 տոկոսով է գործում, որովհետեւ այն ներքին դաստիարակությունը, որ ստացել են մարդիկ տարբեր իրավապահ մարմիններում, դրսեւորվում է: Ի վերջո, այդ կալանավայրերում գրագետ մասսա է»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը` կոռուպցիայի դեմ պայքարի ծարավ չինովնիկներին խորհուրդ տալով «գործի անցնել»:
Ու հենց վերոնշյալով է Գուրգեն Եղիազարյանը պայմանավորում այն, որ կալանավորը կալանավայրից դուրս գալով՝ առանձնապես դաժանությամբ է վերադառնում հասարակություն` իմանալով, որ իր «նեղության մեջ» եղած ժամանակ ի~նչ զրկանքներ են կրել նաեւ հարազատները: Ի դեպ, մեր զրուցակցի հավաստմամբ՝ կալանավայրերում գտնվողների 50 տոկոսը անմեղ մարդիկ են, ու այդ գործերն անհապաղ պետք է վերանայվեն: «Եթե մարդը նստել է գողության համար, դուրս գալուց հետո անպայման ավազակային հարձակում կանի, որպեսզի իր պարտքերը տա, երեխաների համար տանիք ապահովի: Եթե ավազակային հարձակման համար էր նստել` այս անգամ կանի ավազակային հարձակում` սպանությամբ: Մենք գործ ունենք մի հսկայական մասսայի հետ, որը ամեն օր անցնելով «այդ դարբնոցով»՝ հասարակություն է վերադառնում որպես գայլ»: ԱԱԾ նախկին պաշտոնյայի համոզմամբ՝ իրավիճակը շտկելու համար ընդամենը երեք օր է պահանջվում: Ու այս համատեքստում դիտարկելով ՀՀ կալանավայրերում տեղի ունեցած վերջին դեպքերը՝ ընդհուպ մինչեւ ճկույթի կտրում, բերանի եւ աչքերի կոպերի կարում, մեր զրուցակիցը դրանք համարում է ճիչ. «Աչքի կոպերը կարելը, իրենց խեղանդամ անելը խոսում է դժոխքի մասին: Անմեղ մարդուն բանտ են տեղափոխում, որոշ ժամանակ անց իմանում է, որ իր տունը վաճառվել է, որպեսզի սրանց փայ տա: Սա սարսափ է, հոգու ճիչ»:
Զուգահեռելով մեր իրադարձությունները վրացական հայտնի իրադարձությունների հետ` Գուրգեն Եղիազարյանը հանգում է հետեւյալ եզրակացության. «Սահակաշվիլին հասարակության աչքին թոզ փչելու համար թափանցիկ ոստիկանություններ էր կառուցել, որի նկուղում մարդկանց խեղանդամ էին անում, բարոյազրկում էին: Ընդամենը երկու նկարահանում ՔԿՀ-ում, եւ հասարակությունը ցասում ապրեց: Իվանիշվիլին չհաղթեց իր ծրագրով: Ազատ վրացին բարկացավ եւ Սահակաշվիլուն հասկացրեց, որ ինքը պետք է գնա, այլապես լավ չի լինի: ՀՀ արդարադատության նախարարը հայտարարություն է արել, համեմատել է կալանավորի շրթունքները պիրսինգ օգտագործողների հետ: Հասարակությունը լռեց, չընդվզեց, ոչ մի հրաժարական չեղավ, անգամ ներողություն չխնդրեցին կալանավորներից: Ավելին, դեռ արդարացում է հնչում, թե իր միտքը սխալ են հասկացել: Որովհետեւ մեր հասարակությոնն էլ է կալանավայրում, հասարակությանը ոչ մի նոր բան չենք ասել, չեն վրդովվում: Երբ ազատության մեջ գտնվող քաղաքացին է «փակված» սրանց իրավունքի տակ, կալանավորն ընդհանրապես գոյություն չունի, քայլող դիակներ են, եւ կապ չունի՝ ականջը կկարի, թե քիթը: Կամ էլ` մանկուրտի հոգեբանություն ունենք, եւ մեր առաջին ու վերջին ցանկությունը տիրոջ գլխարկ ունենալն է, ոչ թե նամուս ու թասիբ, տղամարդավարի ապրել: Ես այսպես՝ աբստրակտ պատկերացնում եմ, որ եթե Հրայր Թովմասյանը մի օր հայտնվի մի կալանավայրում, վստահեցնում եմ, որ առաջին հինգ րոպեում երկու ականջներին պիրսիգ կանեն, կքնի պառաշի (զուգարան-Ն. Գ.) մոտ: Էլ չեմ ասում մնացած կալանավորների ճղճիմ սեռական ցանկությունները իրագործելու մասին»:
Կարդացեք նաև
«Առավոտի» հարցին` խնդիրների լուծման առումով ի՞նչ կտա պատգամավորների այցելությունները կալանավայրեր, Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Պատկերացրեք, որ գնում ենք ՔԿՀ եւ հարցնում ենք` ինչպե՞ս եք, ինչո՞վ օգնենք, սնունդը վա՞տն է, ձեզ ծեծո՞ւմ են: Կանգնած է «նայողը» ու լավ իմանալով, որ գիշերը դատաստան կլինի` կբռնաբարեն կամ խեղանդամ կանեն, մնացած կալանավորները միաբերան պատասխանելու են` ինչի՞ մասին է խոսքը, այստեղ ավելի լավ ենք ապրում, քան մեր տանը: Իսկ եթե կալանավորին առանձին հրավիրեն զրույցի, նա էլի մենակ չի, նրան ուղեկցելու է կալանավայրի աշխատակազմից մեկը, ու ինքը լավ գիտի, որ պատերն էլ ականջ ունեն, ամեն ինչ կհասնի «նայողին»: Իրավիճակը շտկելու համար մեր զրուցակիցը մեկ բան է առաջարկում` կալանավայրը դիտարկել որպես մարդուն ազատությունից զրկելու վայր, ոչ թե վրեժխնդրության վայր: Գիտակցել, որ կալանավորը հայր է, մայր է, եղբայր ու քույր եւ վաղը վերադառնալու է հասարակություն. ինչպես իրեն կվերաբերվենք` դրա քառակուսին մեզ կվերադարձնի. «Իսկ այսօր իրողությունն այն է, որ մեք կալանավորին վերաբերվում ենք անասունից վատ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ