«ՀԱԿ-ի միակ թեկնածուն, իմ կարծիքով, Լեւոն Տեր-Պետրոսյանն է»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց ՀԱԿ անդամ, «Քրիստոնեաժողովրդավարական միության» նախագահ Սոս Գիմիշյանը: Գիմիշյանը հավանական չի համարում, որ Գագիկ Ծառուկյանը լինի ՀԱԿ-ի թեկնածուն, թեեւ չի բացառում, որ Ծառուկյանը լինի Տեր-Պետրոսյանի թեկնածուն:
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ եթե Տեր-Պետրոսյանը չառաջադրվի Գիմիշյանը կլքի՞ ՀԱԿ-ը: «Եթե Տեր-Պետրոսյանը չի առաջադրվում եւ այս ընտրություններին ՀԱԿ-ը կարող է թեկնածու չունենալ, ճիշտ է, ես կարծում եմ, որ այդ դեպքում առաջնորդը պետք է փոխվի, որովհետեւ առաջնորդը նրա համար է, որ առաջադրվի ընտրություններում եւ տանի դեպի հաղթանակ»:
Եթե այնուհանդերձ, քաղաքական իրավիճակի վերլուծությունը հանգեցնում է նրան, որ իմաստ չունի, որ ՀԱԿ-ը թեկնածու առաջադրի, ապա Գիմիշյանը դա աշխարհի վերջը չի համարում. «ՀԱԿ-ը գնահատական կտա իրավիճակին՝ ելնելով ժողովրդի հետ իր փոխհարաբերություններից, ներքին եւ արտաքին նախադրյալներից: Դրանից հետո հաջորդ հինգ տարի կա, աշխարհը չի վերանում, ՀԱԿ-ն էլ չպիտի վերանա: Առաջնորդները կգան-կգնան, նոր առաջնորդներ կլինեն: Տա Աստված, ՀԱԿ-ը տասնյակ հարյուրավոր տարիներ իր ուրույն տեղն ու դերը ունենա քաղաքական դաշտում: Ես հույս ունեմ: Հենց էդ հույսն է ինձ մինչեւ այսօր պահում»:
Բանախոսը հիշեցնում է, որ ինքը բազմաթիվ հարցերում համաձայն չի եղել ընտրված ճանապարհի հետ, բայց չի համարում, որ դրանով պետք է ՀԱԿ-ն ավարտվի ու կարծում է, որ ամեն ինչ կանի, որ ՀԱԿ-ը պահպանվի:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ