Տեղեկացրել ենք, որ Տավուշի մարզպետի խորհրդական, իջեւանցի բանաստեղծ Լյուբիկ Չիբուխչյանը վերջերս արժանացել է բնության եւ հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի ակադեմիկոսի կոչման:
Այս ակադեմիայի մասին համացանցում տեղեկություներ որոնելիս, իմացանք, որ ակադեմիայի նախագահ Ռաֆայել Մելիք-Օհանջանյանը նաեւ Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի հայաստանյան մասնաճյուղի նախագահն է: Հայ առաքելական եկեղեցու կայքում նշված է, որ 2000թ. Նավասարդ եպիսկոպոս Կճոյանը (այժմ նա արքեպիսկոպոս է) ընտրվել է Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ եւ Ռուսաստանի բնության եւ հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի փոխնախագահ:
Մենք չկարողացանք պարզել, թե ի՞նչ կապ ունեն բնության եւ հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիան եւ Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի հայաստանյան մասնաճյուղը, բացի նրանից, որ երկուսի նախագահն էլ Ռաֆայել Մելիք- Օհանջանյանն է: Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի հայաստանյան մասնաճյուղի կայքում ակադեմիկոսները ներկայացված են անուն-ազգանուն -հայրանուններով, մի քանիսն էլ՝ առանց հայրանունի: Կայքում նշված է, որ «մասնաճյուղը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ականավոր գիտնականների եւ մասնագետների ստեղծագործական միավորում, այն ստեղծվել է 1997թ., ակադեմիկոս , քիմիական գիտությունների թեկնածու Ռաֆայել Մելիք-Օհանջանյանի կողմից»: Մասնաճյուղի պատվավոր նախագահների թվում նշված է նաեւ երջանկահիշատակ Ֆադեյ Սարգսյանի անունը, տեղադրված է նրա լուսանկարը:
Մասնաճյուղի գործունեության մասին նշված է ,որ 2005-2006թթ. Ռաֆայել Մելիք-Օհանջանյանի խմբագրությամբ լույս է տեսել գեներալ Վալենտին Վարեննիկովի «Զինվորի քաղաքացիական պարտքը» եւ «Կյանքը շարքի մեջ» գրքերը: Այս գեներալը 1991թ. օգոստոսին միացել էր ԽՍՀՄ նախագահ Գորբաչովին պաշտոնից հեռացնելու գործողություններին, 2008թ. «Ռուսաստանի անունները» հեռուստանախագծում ներկայացրել է Իոսիֆ Ստալինին: Մասնաճյուղի կայքը միայն ռուսերեն լէ: Ակադեմիկոսների ցանկում նշված է նաեւ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, ով այդ այդ մասնաճյուղի ակադեմիկոս է 2002թվականից: Տավուշի մարզպետի մասին նշված է նաեւ, որ նա Հայաստանի ճարտարապետների միության անդամ է, նախագծել եւ կառուցել է մի շարք օբյեկտներ, հանրապետական մրցույթների դափնեկիր է:
Կարդացեք նաև
Նախկինում տեղեկացրել ենք ենք, որ Արմեն Ղուլարյանը բանակում չի ծառայել, ազատամարտին չի մասնակցել, սակայն պահեստազորի գնդապետի կոչում ունի:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ