«Առնվազն պետք է կույր լինել, որպեսզի չտեսնել կամ չգնահատել այդ նախարարության այն առաջընթացը, որը եղել է Հրայր Թովմասյանի նախարար դառնալուց հետո»,- այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը՝ պատասխանելով «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողի այն հարցին, որ արդարադատության նախարարի հայտնի հայտարարությունից հետո, նորմալ երկրում հրաժարականներ կլինեին: Որպես օրինակ, պատգամավորը բերում է պետռեգիստրի գրանցումների կարգի դյուրինացումը:
Նա չի հերքում, որ ոլորտում խնդիրներ կան, ավելին՝ ասում է. «Հրայր Թովմասյանն ամենակարող նախարարը, մարդը չէ, որ մեկ գրչի հարվածով պետք է այդ խնդիրները վերացնի: Խնդիրներ կան եւ կալանավայրերում, եւ նախարարության ենթակայության տակ գտնվող այլ հիմնարկներում, բայց դրանք լուծելու համար ժամանակ, կամք է պետք: Պակաս կարեւոր չէ նաեւ բարի խոսքը, որ կատարված աշխատանքները կարողանան գնահատել»:
Վերջերս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն էլ էր խոսել կալանավայրերի թեմայով: Լրագրողները հետաքրքրվեցին՝ Սահակյանը դա պատահականությո՞ւն է համարում: Սահակյանը Ծառուկյանի կեցվածքը որակեց այսպես. «Դա մտահոգ մարդու հայտարարություն էր»:
Aravot.am-ի հարցին՝ ԱԱԾ նախկին բարձրաստիճան սպա Գուրգեն Եղիազարյանը մանրամասն խոսել էր կալանավայրերում առկա իրավիճակի մասին, իշխանությունները փորձելո՞ւ են հետամուտ լինել Եղիազարյանի բարձրացրած հարցերին, մանավանդ որ, նա շատ կոնկրետ պաշտոնյաների է մատնանշել: Հիշեցնենք, որ իրավապահ համակարգում իրավիճակը սուր քննադատել էր նաեւ հանրապետության նախագահը:
Կարդացեք նաև
«Դա մի փոքր փակ, ոչ թափանցիկ մի միջավայր է, որը նաեւ բնական է, մենք գործ ունենք հանցագործների հետ, ովքեր իրենց պատիժը կրում են կալանավայրերում: Եթե փորձում ենք այդ ամենը թափանցիկ դարձնել՝ գալիս է եվրոպական մի կառույց եւ ասում, որ դա կալանավորների իրավունքների սահմանափակում է: Խնդիրը շատ բարդ է: Պետք է տարբեր միջամտություններով, մի փոքր ավելի վիրահատական միջամտություններով իրավիճակը կարգավորել: Այդ քայլերից է նաեւ նոր կալանավայրի կառուցումը, որը, կարծում եմ, ինչ- որ չափով կօգնի այդ հարցերին լուծում տալ»,- պատասխանեց Հովհաննես Սահակյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ