Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանդուրժելու տեղ էլ չկա». հերթական բախումը բնապահպան-ակտիվիստների և իշխանական թևի միջև

Նոյեմբեր 06,2012 14:03

Երեկ հերթական բախումն է գրանցվել բնապահպան ակտիվիստների և ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցների միջև: Խնդիրն այն է, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը Խոսրովի անտառում հանրային լսումներ էր նախաձեռնել, այնինչ հրավիրված չէին այն բնապահպան ակտիվիստները, ովքեր Խոսրովի անտառում կառուցված անօրինական շինության մասին առաջինն էին բարձրաձայնել:

Aravot.am-ը կապ հաստատեց բնապահպան-ակտիվիստների հետ՝ պարզելու, թե իրենց երեկ հաջողվե՞ց ընդհանուր հայտարարի գալ իշխանական թևի ներկայացուցիչների հետ: Ակտիվիստներից Եղիա Ներսեսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց. «Իրենք հրավիրել էին իրենց համար ձեռնտու շահագրգիռ  կողմերին՝ մեզ խաղից դուրս թողնելով: Սակայն մենք տեղեկանալով, որ այդպիսի լսումներ են նախաձեռնվում, գնացինք Խոսրովի արգելոց: Անընդհատ փորձում էին մեզ դահլիճից դուրս հանել: Մենք նրանց խանգարեցինք, մեր ներկայությունը թույլ չտվեց՝ իրենց ուզած ծրագիրն իրականանա: Կարող եմ ենթադրել, որ ուզում էին որոշել Խոսրովի արգելոցի ճակատագիրը, տնօրեն էին ուզում ընտրել: Սակայն արեցին ապուշ քննարկում, օրակարգային յոթ-ութ կետերից միայն երկուսը քննարկեցին: Այն է՝ ուզում են տուրիզմ բացեն, թե ոչ, կամ ինչ-որ էկոմոնիտորինգ պիտի անեն»:

Եղ. Ներսեսյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ տարբեր անձինք իրենց փորձել են հորդորել դուրս գալ, անգամ բնապահպանության նախարարն է այդ քայլին դիմել: Երբ Եղիան նախարարին հարցրել է, թե իրենք խանգարո՞ւմ են իրենց լռությամբ և ներկայությամբ նրանց անձամբ բոլորին, նա պատասխանել է. « Դու խանգարում ես ինձ»:

Եղ. Ներսեսյանի համար նաև տարօրինակ էր այն, որ ՄԱԿ-ի մեքենան հասել էր Խոսրովի սահման, նրանց ներկայացուցիչներից մեկը ցանկացել է իր հետ զրուցել, այնուհետև մեքենան անհետացել է:

Եղ. Ներսեսյանը կատարվածին գնահատական տալով՝ նշեց. «Ցավոք, մեր հաղթանակներին հետամուտ չենք լինում,  համենայնդեպս Թռչկանի պարագայում այդպես է: Ի վերջո, որոշում կայացնողը չպատժվեց: Օրինակ՝ նախարարն ինձ հարցրեց, թե ինչո՞ւ չեմ ուզում իմ թեկնածությունն  առաջադրել Խոսրովի արգելոցի տնօրենի պաշտոնում: Ես նրան ասացի, որ ինձ պետք է աշխատող համակարգ լինի, ես էլ գնամ ինձ համար ապրեմ իմ կյանքով, ես չեմ ուզում տնօրեն լինել: Նախարարը նշեց, թե  դուք օլիգարխներից պնդաճակատ եք:Սա նշանակում է, որ իրենք մեզ հետ հաշվի են նստում»:

Բնապահպան-ակտիվիստ Գևորգ Սաֆարյանն էլ գնահատելով այն, ինչ կատարում են իշխանական թևի ներկայացուցիչները, նշեց, որ դա «ոչ թափանցիկ աշխատանք է»: Հետո էլ մանրամասնեց. «Նման հանդիպումներին ընդհանրապես միշտ լինում են որոշ հարցեր, որ իշխանական թևը չի ուզում, որ հասարակությունը տեղյակ լինի: Չեն ուզում, որ պարզ դառնա, թե ինչ է կատարվում կուլիսների ետևում: Բայց մենք հետամուտ ենք լինելու, մեր գործողություններն էլ են դա ցույց տալիս: Հանդուրժելու տեղ էլ չկա, քանի որ ամբողջ ՀՀ բնությունը ոչնչացվում, բնաջնջվում է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930