Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Սահակյան. «Կոռուպցիան վազող գազան չէ»

Նոյեմբեր 06,2012 13:58

«Փուչիկների» գործը քաղաքական դաշտի օրակարգում պահելու խնդիր է դրված կարծես»: Այսօր «Հայելի» մամուլի ակումբում այսպես արձագանքեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողի այն հարցին, թե չի՞ կարծում, արդյոք, որ Հանրապետականը պատասխանատվությունից խուսափելու համար մեկ մարդու քավության նոխազ դարձրեց:

Լրագրողն այնուհետեւ հետաքրքրվեց նաեւ՝ ճիշտ չէ՞ր լինի, որ կալանավորված անձին ներում շնորհվեր՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը, մանավանդ որ կալանավորվածի կնոջ հարցազրույցներում ուղիղ ասվում է այն մասին, որ պատվիրատուները շատ լավ իմացել են, թե ինչ են գնում: Հովհաննես Սահակյանն ասաց, որ ինքն էլ կցանկանար, որ այդ մարդը պատիժը չկրեր, մանավանդ որ լուրջ առողջական խնդիրներ ունի: Բայց ներում շնորհելն իր իրավասության մեջ չէ, դա այլ ընթացակարգ է ենթադրում: Լրագրողը մի քանի այլ հարցեր էլ ուղղեց կոռուպցիայի հետ կապված, մասնավորաբար հետաքրքրվեց, թե ինչու հենց հիմա ՀՀԿ-ն սկսեց պայքարել կոռուպցիայի դեմ եւ ճիշտ ժամանակը չէ,՞ արդյոք, այդ համատեքստում անդրադառնալ նաեւ 16 մլն դրամին, որի մասին հիշատակել է Նաիրա Զոհրաբյանը եւ որը մսխվել է խորհրդատվությունների վրա: Բանախոսը նկատեց, որ այն ծրագրերը, որոնք վկայակոչել է ԲՀԿ-ական պատգամավորը, Համաշխարհային բանկի ծրագրերն են եւ բացառապես Համաշխարհային բանկի իրավասության ներքո են:

Ինչ մնում է կոռուպցիային, հանրապետական պատգամավորը հայտարարեց. «Կոռուպցիան վազող գազան չէ, որ վերցնես դնես մի կողմ: Կոռուպցիայի դեմ պետք է պայքարել անընդհատ»: Նա նաեւ հիշեցրեց, որ Հանրապետականը մշտապես է խոսել կոռուպցիայի դեմ պայքարի մասին եւ քայլ առ քայլ եկել-հասել է այսօրվան եւ փորձում է համակարգային լուծումներ տալ խնդրին: Նա չի կարծում, որ կոռուպցիայի դեմ պայքարի որոշակի ժամանակահատված կա նշված, որից այս կամ այն կողմ դա կարող է դիտարկվել քաղաքական համատեքստում ու շահարկումների առիթ տալ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930