Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատյանը՝ Վարդան Այվազյանին. «Ասեք, ախպե՛ր ջան, ո՞նց անեմ, ո՞նց ա պետք»

Նոյեմբեր 06,2012 13:17

«IT ինդեքսով 139 երկրների մեջ 109-րդ տեղում ենք, չնայած ներկայացնում եք մեզ առաջատար: Եվ կա երկրորդ ցուցանիշը  բարձր տեխնոլոգիաների արտահանման տեսակարար կշիռը այդ խմբի մեջ՝ 2 տոկոս է: Այստեղ էլ վերջին տեղն ենք»,- ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանն  այսօր բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս հարցն ուղղեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանին:

Նա խնդրեց՝ «Բացատրեք ինձ, այդ մի քանի կոպեկը, որ այդ ոլորտում ծախսելու եք, ինչպե՞ս եք կարողանալու առաջատար դառնալ՝ 1 տարվա մեջ: Այդպես եք ձեւակերպել: Կընդունեմ նաեւ այն բացատրությունը, որ այս թուղթը հայերեն չի ընդհանրապես, խմբագիր է պետք ձեզ, որը հայերեն նախադասություն կկազմի, որտեղ կա ենթակա, կա ստորոգյալ: Շատ տեղերում չես հասկանում՝ ինչ եք ուզում ասել»:

Տիգրան Դավթյանը վստահեցրեց, որ նույնիսկ այդ սահմանափակ միջոցները օգնում են, եւ ինքը չի կիսում գնահատականը, որ դրանք կոպեկներ են, եւ որ իրենք փորձում են հնարավորության սահմաններում արդյունավետ ծախսել. «Տուրիզմի ոլորտում մենք ամեն տարի ունենում ենք աճ: Ոլորտը, կարծում եմ նորմալ զարգանում է, ենթակառուցվածքներն են ձեւավորվում, շրջանառությունն է մեծանում: Այն ռեսուրսները, որոնք կան բյուջեով, կարծում եմ, որ արդյունավետ օգտագործվում են: Ինչ վերաբերում է  տեղեկատվական տեխնոլոգիաներին, խոսելով ռեյտինգներից, հարյուրավոր եւ հազարավոր ռեյտինգային ընկերություններ կան, հնարավորությունը, ընտրել այնտեղ ցանկացած ցուցանիշ՝ ցանկացած մարդ երեւի թե կկարողանա ընտրել այս կամ այն ցուցանիշը: Կան ուղղություններ, որտեղ մենք տարածաշրջանում առաջատարն ենք, մեր «Սինոփսիսը» առաջատարն է աշխարհում»: Բագրատյանը չհամաձայնեց՝ դրանք հեղինակավոր ինդեքսներ են` «մեկը Համաշխարհային բանկինն է, մյուսին ամբողջ աշխարհն է ուշիուշով սպասում»:

Վարդան Այվազյանը դիտողություն արեց Հրանտ Բագրատյանին՝ ասելով, որ չի ենթարկվում նախօրոք պայմանավորվածությանը, որ պետք է տեղավորվել ժամանակի մեջ ու երկար հարց չտալ, անընդհատ չարձագանքել. «Դուք սկսեցիք դա առաջինը խախտել, պարոն Բագրատյան: Այս մի անգամը կարելի է, որ չասեք՝ ճնշում են գործադրում, մյուս անգամ թույլ չեմ տա»: Հրատ Բագրատյանը զարմացավ՝ «Ասեք, ախպե՛ր ջան, ո՞նց անեմ, ո՞նց ա պետք»: Վարդան Այվազյանն էլ պատասխանեց. «Ասա՛, ախպեր ջան, ասեմ՝ 3 րոպե խոսում եք, 1 րոպե արձագանքում»:

Այնպես էր ստացվում, որ Հրանտ Բագրատյանի ժամացույցով իր խոսքը 3 րոպեից չէր անցնում, Վարդան Այվազյանի ժամացույցով՝ անցնում էր: Հրանտ Բագրատյանի դիտարկմամբ՝ «Ես ժամին նայեցի՝ 2 րոպե, 40 վայրկյան տեւեց»:

ՀՀԿ պատգամավորը հորդորեց ՀԱԿ պատգամավորին շոու չսարքել, ժամացույցն էլ մի կողմ դնել. «Սա շոու չի, ընդամենը հանձնաժողովի նիստ է»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930