Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Պոռնկուհուն պետք չէ բարոյական ամուսին». Պարույր Հայրիկյան

Նոյեմբեր 06,2012 12:29

Այսօր «Հենարան» ակումբում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը խոսելով նախագահական ընտրությունների մասին,  ասաց. «Այդ երեւույթի քաղաքական բովանդակությունը խեղաթյուրվում է, մինչդեռ պետք է արժեւորել ճշմարտացի, իրավագիտական, քաղաքագիտական վերլուծականով: Որպես կանոն, գերագնահատվում է այդ ընտրության նշանակությունը, բայց այդորակ ինքնախաբեության եւ մասնակի բերկրաթմբիրում են ոչ միայն անիրազեկ քաղաքացիները, այլեւ իրենց քաղաքական գործիչ կամ քաղաքագետ համարող մարդիկ: Ակնհայտ է, որ քաղաքական միավորումների եւ նրանց ներկայացուցիչների հիմնական մասը լուրջ ակնկալիքներ ունեն այս ընտրություններից: Բայց իրականությունն այն է, որ Հայաստանում օրենսդիր եւ գործադիր իշխանությունների համար նախագահի ընտրությունը որեւէ փոփոխություն չի առաջացնի»:

Հայրիկյանը հավելեց, որ խորհրդարանական մեծամասնությունը կմնա մեծամասնություն, իսկ նրա կամքով ձեւավորվող կառավարությունն էլ կշարունակի իր գործունեությունը:

ԱԻՄ առաջնորդը գտնում է, որ նոր նախագահը, ուզի թե չուզի, կհաստատի այդ կառավարության կազմը եւ եթե իրեն խելոք չպահի, ապա ինքը կկանգնի հրաժարական տալու հրամայականի առաջ: «Նախագահի առաջիկա ընտրության գերագնահատումը սխալմունք է, սակայն պակաս սխալմունք չէ թերագնահատումը: Պետք է հստակ պատկերացնել, թե ցանկալի հաջողության դեպքում ինչ իրավիճակում է հայտնվելու եւ ինչ խնդիրների առաջ է կանգնելու նորընտիր նախագահը: Ոչ հանրապետական թեկնածուի հաղթանակի դեպքում նախագահը պետք է գիտակցի, որ ինքն ընդամենը բարոյաքաղաքական լծակի է տիրապետում եւ պիտի աշխատել կարողանա մեծ մասամբ իրեն չաջակցող խորհրդարանական մեծամասնության հետ: Նախագահը կամա թե ակամա, գիտակցելով կամ հանգամանքների բերումով, ծրագրած կամ երկրորդ փուլի տրամաբանությամբ միասնական թեկնածու է: Շահեկան վիճակում են նրանք, ովքեր ի սկզբանե գիտակցում են միասնական թեկնածուի կարեւորությունը»,- ասաց Հայրիկյանը:

ԱԻՄ առաջնորդը հստակ պատկերացնելով հնարավոր զարգացումներն ու իրավիճակը, նշեց, որ պատրաստ է ժողովրդին ծառայած իր փորձառությունը եւս մեկ անգամ՝ արդեն նախագահի պաշտոնում, դնել ժողովրդի տրամադրության տակ. «Հասկանալի է, որ հաջողության համար պետք է երկուստեք արժանի լինենք իրար. ես՝ ժողովրդին, ժողովուրդը՝ ինձ»: Անդրադառնալով այն մարդկանց, ովքեր նախագահական ընտրություններին ուշադրություն չեն դարձնի թեկնածուների ծրագրային դրույթներին, կշարունակեն մնալ խեղված մտածելակերպի ճիրաններում, Հայրիկյանը նշեց. «Պոռնկուհուն պետք չէ բարոյական ամուսին, նրան պարզապես փող տվող է պետք: Եվ այս դեպքում փորձ անել նրան հետ բերել, պարզապես անիմաստ է: Եթե մարդիկ կշարունակեն այդպես մտածել, ապա նրանցից ոչինչ պետք չէ»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930