Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանի քաղաքական դաշտը՝ բերմուդյան եռանկյունի

Նոյեմբեր 06,2012 11:47

Րաֆֆի Հովհաննիսյանը, հայտարարելով իր առաջադրման մասին, այսպիսով փակում է Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելու իր գործունեության գուցե առաջին փուլը, որովհետեւ Հայաստանի քաղաքական դաշտի ընդհանուր ինտրիգային ֆոնին` Րաֆֆին մի կարկատան էր, որի հրապարակային պահվածքը չընկալվեց. թեեւ չի կարելի ասել, որ այն ամբողջովին հրապարակային էր: Համենայն դեպս` նրա շատ որոշումների շարժառիթները շատ անգամ անհասկանալի էին մնում լայն հանրությանը: Նրա այն հույսը, թե կարող էր ընդդիմադիր ալյանս ստեղծել իր թեկնածության շուրջը, արդեն վերջին շրջանում դադարել է ռեալ հիմք ունենալուց, մանավանդ` «Ազատ դեմոկրատների» հետ արիշ-վերիշից հետո: Այնպես որ` Րաֆֆի Հովհաննիսյանը թեթեւ սրտով թող մասնակցի ընտրություններին, բարձրաձայնի ընտրությունների արատները եւ նույնքան թեթեւ սրտով էլ ժամանակավոր դադար վերցնի, մինչեւ կմտորի Հայաստանի քաղաքական դաշտում իր հետագա մասնակցության ձեւաչափի հարցը` «Ժառանգության» հետ, թե` առանց:

Երեկ էլ Ր. Հովհաննիսյանն ասաց, թե ակնկալում է տրամաբանական հաղթանակ. թե ինչ նկատի ունի նա` «տրամաբանական հաղթանակ» ասելով` երեւի միայն Ր. Հովհաննիսյանը գիտի եւ մեկ էլ Աստված: Իսկ որ Րաֆֆին կուզենար արտահերթ խորհրդարանական ընտրություններ եւ «սիրելի դարձած պատգամավորների» վերադարձը ԱԺ` այդ մասին ժամանակին պետք է մտածեր:

Անցած շաբաթ մերձքաղաքականները թարմացան Հովիկ Աբրահամյանի ասուլիսով եւ ՀՀԿ այն որոշմամբ, որ Հովիկ Աբրահամյանը կրկին ՀՀԿ-ի շտաբի պետ է, այս անգամ` ՀՀԿ-ի առաջադրելիք նախագահի թեկնածուի: Ենթադրություններ են արվում, որ Հ. Աբրահամյանը գուցե հրաժարական տա կրկին ԱԺ նախագահի պաշտոնից, ինչպես որ խորհրդարանական ընտրություններին եղավ. երեւի մոռացվել է, որ կրկին ԱԺ նախագահ դառնալիս Հ. Աբրահամյանը լրագրողներին ասել էր, թե այլեւս հրաժարական չի տալու, եթե ղեկավարի նախագահի թեկնածուի նախընտրական շտաբը: Մյուս կողմից էլ` ողջ հունվար ամիսը Ազգային ժողովն արձակուրդում է լինելու, եւ հենց դա էլ երեւի նկատի է ունեցել Հ. Աբրահամյանը` շտաբի աշխատանքը արձակուրդներին համակարգելը նկատի ունենալով, այս անգամ չվտանգելու համար իր այն պաշտոնը, որում լինելը հավանաբար նրան դուր է գալիս: Այնպես որ մերձքաղաքականների` Աբրահամյանին եւ նրանից բարձր կանգնած մարդկանց հավեսի բերելու «հաթաթաները», թե նա անպայման պետք է հրաժարական տա, գուցե կարելի է դասել հոգեբանորեն նրան բան պարտարդրելու եղանակների թվին, ու այս անգամ ավելի կարեւոր կլինի, թե արդյո՞ք ԱԺ նախագահը կուլ կգնա այդ կարգի հնարամիտ տեխնոլոգիաներին ու հրաժարական կտա: Վերջին դեպքում հնարավոր կլինի ասել, որ մարդկանց որոշումների վրա ներազդելու հանրային եղանակները Հայաստանում ավելի ազդեցիկ են, քան պաշտոնյաների ցանկությունները:

Իսկ ընդհանրապես` հիմա արդեն անհասկանալի է այն սպասումը, որ պատել է քաղաքական դաշտին, երբ ոչ ոք չգիտե, թե ով է լինելու այն թեկնածուի մրցակիցը, որի շտաբը ղեկավարելու է Հովիկ Աբրահամյանը: Արդյո՞ք նրա խնամին, կամ միգուցե առաջին նախագահը, կամ միգուցե երկրորդը, մանր-մունր «հայտարարված» թեկնածուներին չհաշված: Կամ գուցե ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն այլ թեկնածուի վրա են կանգ առնում: Միասին: Փաստորեն այժմ լուծվում է երկրորդ թեկնածուի կամ հիմնական մրցակցի հարց: Ոչ թե հավասար թեկնածուի: Սակայն հանրությունն ընթացող գաղտնի գործընթացների մասին տեղեկացված չէ: Այդպիսի բան միայն Հայաստանի նման պետության մեջ կարող է լինել, երբ հանրային ինստիտուտները ոչինչ են, իսկ անձերն` ամեն ինչ: Պատկերացրեք, ամիսներ առաջ հստակ էր, որ ԱՄՆ-ում մրցակցելու են Օբաման եւ Ռոմնին` երկու կուսակցության երկու ներկայացուցիչ, ու ոչ մի ինքնագործունեություն, որովհետեւ այնպիսի քաղաքական կարգ է աշխատում, որ բոլոր տեսակի կոմբինացիաներն ու տեղափոխությունները ստորադաս են ինստիտուտին: Իսկ մեզ մոտ կարող է երկու ամիս մնալ (փաստական) նախագահական ընտրություններին, ու ոչ ոք ոչինչ չիմանա հնարավոր թեկնածուների մասին, ավելին, ողջ քաղաքական դաշտը կախված լինի ու իրապես կախված է մեկ մարդու որոշումից, եւ այդ մարդը Գագիկ Ծառուկյանն է:

Ճիշտն ասած` մենք նկատում ենք, որ այս ամենը այլեւս այնքան էլ չի հետաքրքրում հասարակ մարդկանց: Խորհրդարանական ընտրությունները վկա: Մարդիկ տեսնում են, որ քաղաքական կյանքը Հայաստանում մտել է փակուղի, հայոց քաղաքական դաշտը վերածվել է մի բերմուդյան եռանկյունու, որտեղ ընկածները կուլ են գնում ոչ թե անհայտ մագնիտիզմին, այլ Հայաստանի երեք նախագահների ազդեցության միասնական տիրույթին` այս հայտնի եռանկյունուն, ու մարդիկ այլեւս չեն ուզում այդ մագնիտիզմի մեջ տաշեղ լինել: Եթե եռանկյունի է, ու դրա դեմ ոչինչ անել չի լինի, ապա այժմ գործող անկյունն այս պահին էլ թող մնա, քանի որ տարբերություն չկա, ասում են մարդիկ: Դուրս եկեք փողոց, զրուցեք հասարակ մարդկանց հետ, հիասթափությունն այնպիսին է, որ երեքից ոչ մեկի մասին դրվատական խոսք համարյա չեք լսի: Ու 2012 թվականի նախագահական ընտրությունների խնդիրը, ինչպես եւ ավելի վաղ, շարունակելու են լուծել ոչ թե հասարակ մարդիկ` ընտրողները, այլ էլի Հայաստանի կուսակցականացված փոքրաթիվ հատվածները` իրենց տուրեւառով, իրենց տարբեր կոմբինացիաներով, հարմար, տաքուկ եւ օգտավետ բանաձեւի գալով, բայց` միայն սեփական քաղաքական միավորի համար հարմար, տաքուկ եւ օգտավետ: Այնպես որ հարաբերականորեն, շեշտում ենք, հարաբերականորեն, որովհետեւ բացարձակ առումով մարդիկ իրենց այս ապրելակերպով բոլորից հիասթափված են, երեքի եռանկյունուց շահում է գործող նախագահի անկյունը, քանի որ նա հնարավորություն եւ գործիքներ ունի ինչ-որ բան փոխելու իրերի դրության մեջ… եթե ցանկանա եւ եթե կարողանա: Բոլոր խոսքերը հնչել են, բոլոր մտքերը բոլորը գիտեն, ոչ մեկին պետք չէ ասել, թե ո՞վ, ե՞րբ, ո՞ւմից, ի՞նչ ձեւերով է կաշառք վերցնում, «ատկատ» կառուցում, պետական միջոց փոշիացնում, ի՞նչ արժե այս կամ այն դատական վճիռը, ինչ` այս կամ այն դրամաշնորհի ուղղորդումը, ո՞ւմ է այս կամ այն ապրանքի ներմուծման քվոտան տրվում, ի՞նչ արժե «ազատ մրցակցային շուկա» բառակապակցությունը եւ այլն: Այսինքն` խոսքերի կարիք չկա, դրանք այլեւս անտանելի են, քանի որ մնում են լոկ խոսքեր: Գործողությունների կարիք կա, որոնց համար անգամ այլեւս ժամանակ չկա: Իսկ Գելապներին. Ադիբեկյաններին, թվախաղի զանազան այլ վարպետներին վաղուց ոչ ոք չի հավատում: Հիմա եթե իրերի այս դրությունը ոչ ոք կամքի ուժ չունի փոխելու, ոչ ոք չի կարող խառնել գծված խաղի կանոնները, որից հանրությունը բացարձակապես դուրս է մնացել, այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի մասնակցել մի խաղի, որը բացարձակապես քոնը չէ: Այդպես է մտածում հանրությունը: Եվ այդպես մտածելու համար մեղավոր են բոլոր քաղաքական ուժերը, որոնք Հայաստանի քաղաքական դաշտը դարձրել են Բերմուդյան եռանկյունի:

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Ազգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930