Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՕԵԿ» գրված է բոլոր կուսակցությունների ճակատին

Նոյեմբեր 06,2012 11:43

Մինչ բոլոր կուսակցություններն աստիճանաբար, ասուլիս առ ասուլիս բացում են իրենց խաղաթղթերը, ԲՀԿ-ն դեռևս նախընտրում է գործել ինկոգնիտո։ Փոխարենը՝ ՀԱԿ-ն է բացահայտում իր ակնկալիքները, մասնավորապես՝ ԲՀԿ-ից։ Ինչպես երեկ իր ասուլիսում հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը՝ դեռևս օգոստոսին է ՀԱԿ-ը որոշում ընդունել՝ համագործակցել ԲՀԿ-ի հետ։ Յուրաքանչյուր կուսակցության իրավունքն է՝ որոշել՝ ինչպիսի՞ մարտավարություն ընտրել։ Այնպես որ, որքան էլ ընտրողներին ավելի հասկանալի լինի ԱԺ ՀԱԿ խմբակցության մեկ այլ պատգամավորի՝ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը՝ երեք «ոչ»-երի տեսքով, համագործակցության խնդիրը ՀԱԿ-ի օրակարգում է։

Եվ մարդկայնորեն հասկանալի է Արամ Մանուկյանի ջանքը՝ արդարացնել ՀԱԿ-ի որոշումը։

Անգամ հիմնավորել, թե ինչո՞ւ ԲՀԿ-ի վրա չի ընկնում Մարտի 1-ի պատասխանատվությունը, երբ ոչ վաղ անցյալում Մարտի 1-ի համար կոալիցիոն բոլոր ուժերի պատասխանատվության հարցը ՀԱԿ հանրահավաքների առանցքն էր։ Հանրահավաքների մարդաշատության երաշխիքը։

Սակայն, կարծում եմ, այս ասուլիսի ամենաուշագրավ միտքը հետևյալն էր՝ Սերժ Սարգսյանի հրաժարականին հասնելու համար ՀԱԿ-ը պատրաստ է համագործակցել քաղաքական բոլոր ուժերի հետ։ Բացառությամբ՝ ՕԵԿ-ի։ Հիմնավորում. «Օրինաց Երկիրը» Հայաստանի քաղաքական դաշտի «խայտառակությունն է»։ Այսինքն՝ ՕԵԿ-ի բարոյականությունը ՀԱԿ-ի համար անընդունելի է։ Եվ ոչ մի կոմպրոմիս։

2008-ի նախագահական ընտրություններից հետո ՕԵԿ-ն ավտոմատ դադարեց համարվել հեղինակավոր կուսակցություն։ Հիմա այն անգամ՝ որպես առանձին, ինքնուրույն կուսակցություն, չի էլ ընկալվում։ Եվ դրանից, ինչպես տեսնում ենք, վատ չի զգում։ Սահեցրեք ձեր մատը ՀՀԿ-ի համամասնական ցուցակով և կհանդիպեք ինքնասիրության բարդույթ չունեցող նման այլ կուսակցությունների։ ԱԺ-ում, մարդաշատ այլ վայրերում երևալուց այդ կուսակցությունների առաջնորդներն ամենևին չեն շառագունում։

2008թ. նախագահական ընտրություններից անմիջապես հետո ՕԵԿ-ի և մյուս կուսակցությունների «բարոյական» կոնտրաստը խիստ մեծացավ։ Ամեն դեպքում, չէր եղել նախադեպ, որ որևէ կուսակցության «դավանափոխությունից» հետո տասը զոհ լիներ։ ՕԵԿ-ի քայլը՝ մեկ գիշերում ընդդիմադիրից դառնալ իշխանություն, հնարավոր չէր հասկանալ ոչ մի տրամաբանությամբ։ Սակայն հարցրեք Արթուր Բաղդասարյանին, և նա հիմնավոր կներկայացնի իր քայլի անհրաժեշտությունը։ Պարոն Բաղդասարյանը բազմիցս նշել է, որ այդ ժամանակ իր կուսակցության ընդունած քաղաքական որոշումը միակ խոհեմն էր։ Դրա արդյունքում հնարավոր եղավ խուսափել քաղաքացիական բախումներից և արտաքին ագրեսիայից։

Նման հիմնավորումից հետո դժվար է նրան «դավաճան» կամ «ՀՀ քաղաքական դաշտի խայտառակություն» անվանելը։ Սակայն անվանում են, քանի որ այս խոսքերի թիկունքը դատարկ է։

Ի դեպ, ՕԵԿ-ի ոչ այնքան պատվաբեր այդ քայլը չխանգարեց, որպեսզի մարտի մեկից հետո, կարճ ժամանակ անց, ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի հետ միասին կոալիցիա կազմեն ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն։ Ստիպողաբա՞ր է ԲՀԿ-ն դաշինք կազմել իշխող կուսակցության և «ՀՀ քաղաքական դաշտի խայտառակություն» համարվող կուսակցության հետ։ Դժվար։ Հակառակ դեպքում՝ խորհրդարանական ընտրություններից հետո իրեն թույլ չէր տա հրաժարվել ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի հետ ՝ վաղուց ծանոթ կոալիցիա մտնելուց։

Այսօր ՀԱԿ-ում գնահատում են ԲՀԿ-ի ինքնուրույն որոշումը՝ կոալիցիա չկազմել իշխանությունների հետ, հանդես գալ ընդդիմադիր դիրքերից, թող որ ո՛չ կուսակցության առաջնորդի շուրթերով։ Կրկնենք՝ յուրաքանչյուր կուսակցություն ինքն է որոշում իր մարտավարությունը՝ գործել բացահայտ կամ կոնսպիրացված։

Ինչպես Արթուր Բաղդասարյանն էր հիմնավորում Մարտի մեկից հետո իր կուսակցության որոշման խոհեմությունը, այնպես էլ կարող է Արամ Մանուկյանը հիմնավորել, թե ինչու նույն Մարտի մեկից հետո ՀԱԿ-ն, այնուամենայնիվ, երկխոսության առաջարկ-խնդրանքով դիմեց Սերժ Սարգսյանին։ Առավել ևս, եթե իր առաջնային խնդիրը հենց վերջինիցս ազատվելն է՝ անգամ ԲՀԿ-ի հետ դաշինքի գնով։ Եվ ինչո՞ւ ժամանակին, հանուն Սերժ Սարգսյանից ազատվելու, դաշինք չկազմեց «Ժառանգության» հետ։ Այդ դաշինքը՝ ի տարբերություն ՀԱԿ-ԲՀԿ հնարավոր մերձեցման, անպատճառ կաշխատեր և կծառայեր իր նպատակին։

Մեր քաղաքական դաշտի խնդիրն ամենևին ՀԱԿ-ի կամ ԲՀԿ-ի միավորման անտրամաբանականությունը չէ։ Քաղաքականության մեջ ոչինչ բացառել հնարավոր չէ։ Խնդիրն այն է, որ մեր բոլոր կուսակցությունների ճակատին գրված է նույն հապավումը՝ ՕԵԿ։

Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

«168 ժամ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930