Երեկ «Ժողովուրդ»-ի թղթակիցն ականատես եղավ, թե ինչպես են Մելիք Ադամյան հասցեում գտնվող Հանրապետական կուսակցության գրասենյակի շինաշխատանքներն իրականացնող բանվորները քարերով ծեծում միմյանց։
Մոտ վեց ամիս շարունակվող վերանորոգման աշխատանքները, ըստ երեւույթին, զայրացրել են նաեւ բանվորներին, որոնք երեկ՝ ժամը 14:00-ի սահմաններում, իրենց բարձր ձայներով, գոռոցներով ու հայհոյանքներով գրավեցին անցորդների ուշադրությունը։ Դրանից հետո նրանցից երկուսը սկսեցին իրար քարերով հարվածել ու բարձր ձայնով հայհոյել։ Տեսարանը շարունակվեց մոտ 10 րոպե, մինչեւ մյուս աշխատակիցները հանդարտեցրին նրանց։ Այդ ժամանակ անցորդներից մեկը, քմծիծաղ տալով, նկատեց. «Էս շենքի վրա գալովի ա։ Վառվելը քիչ էր, հիմա էլ աշխատողներն են իրար ծեծում»։
Միջադեպի կապակցությամբ փորձեցինք մեկնաբանություն ստանալ ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանից, որը, ինչպես միշտ, ոչնչից տեղյակ չէր։ «Ես տեղյակ չեմ եւ այդ մասին որեւէ մեկնաբանություն չեմ կարող տալ»,- ասաց նա ու անջատեց հեռախոսը:
«Ժողովուրդ»