Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սոս Գիմիշյան. «Ի՞նչ է` Ռոբերտ Քոչարյանը մենա՞կ է վերցրել զենքն ու գնացել տասը հոգու սպանե՞լ»

Նոյեմբեր 06,2012 11:14

«Ինչի՞ց ելնելով մենք պետք է համագործակցենք ԲՀԿ-ի հետ: ԲՀԿ-ն իշխանության մաս է ու պատասխանատու է Մարտի 1-ի համար»: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ քաղխորհրդի անդամ Սոս Գիմիշյանն՝ անդրադառնալով ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությանը:

Հիշեցնենք, որ  ասուլիսում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը` պատասխանալով հարցին, թե ինչպե՞ս է ՀԱԿ-ը համագործակցում ԲՀԿ-ի հետ, որը  2008թ. Մարտի 1-ի կազմակերպման մեղավորներից էր համարում, պատասխանել է. «Ես գնահատում եմ ԲՀԿ-ի ինքնուրույն որոշումները՝ կոալիցիայից դուրս գալու և Սերժ Սարգսյանի դեմ պայքարելու գործում: Ես ընդունում եմ նրանց դիրքորոշումը հակաիշխանական կոալիցիա ձևավորելու առումով: Եթե ԲՀԿ-ն ունի որոշակի ձայներ և հայտարարում է հակաիշխանական կոալիցիա, ես ողջունում եմ: Այսօր ԲՀԿ-ն ունի 36 մանդատ: Երբ ուզում եմ մարտի 1-ի բանաձևն անցկացնել ու նրանք կողմ են քվեարկում, ես դա համարում եմ համագործակցություն»:

Սոս Գիմիշյանն այս առնչությամբ 168.am-ին ասաց. «Երեք-չորս տարի առաջ ՀԱԿ բոլոր անդամների կողմից միտինգների ընթացում հայտարարվում էր այն մասին, որ ԲՀԿ-ն Մարտի 1-ի մեղավոր է ու ոչ մեկի մոտ այս հարցը կասկած չէր հարուցում: Հիմա այդ ի՞նչ եղավ, ի՞նչ փոխվեց, որ ԲՀԿ-ն այլևս պատասխանատու չէ: Եթե ես տասը տարի առաջ մարդ սպանե՞մ, անցնի տասը տարի, այլևս պատասխանատու չե՞մ լինի գործածս հանցանքի համար»:

ՀԱԿ քաղխորհրդի անդամի խոսքով, ԲՀԿ-ն 2008 թվականի մարտի 1-ին իշխանական կոալիցիայի մաս է կազմել ու կառավարության անդամներ է ունեցել: «Այդ քաղաքական որոշումը կայացրել է խորհրդարանը, գործադիր իշխանությունն էլ, որտեղ ԲՀԿ-ն նախարարներ ուներ, իրականացրել է: Էլ ինչպե՞ս ԲՀԿ-ն կապ չունի մարտի 1-ի հետ»,- նշեց Սոս Գիմիշյանը:

Ինչ վերաբերում է Արամ Մանուկյանի այն հայտարարությանը, թե Մարտի 1-ը «Ռոբերտ Քոչարյանի խելահեղության արդյունքն էր, Քոչարյանի հրահանգով է եղել: Այնտեղ քաղաքական ուժ աշխատո՞ւմ էր, ի՞նչ քաղաքական ուժ, լավ էլի», ապա Ս. Գիմիշյանը հակադարձեց` ասելով. «Ինձ համար ակնհայտ է, որ ԲՀԿ-ն ու Քոչարյանն անբաժանելիւ մասեր են: Ի՞նչ է նշանակում` մեղավոր է Ռոբերտ Քոչարյանը: Նա ի՞նչ է` մենա՞կ է գործել, անձա՞մբ է արել, թե՞ կառավարությունը որոշում չի ընդունել: Ռոբերտ Քոչարյանը ի՞նչ է` մենա՞կ է վերցրել զենքն ու գնացել տասը հոգու սպանել: Այսպես ո՞նց եղավ: Նա անձամբ չի կրակել, որոշում է ընդունվել, այն էլ շատերի կողմից»:

Ս. Գիմիշյանի խոսքով` Մարտի 1-ի  պատասխանատվությունը ոչ միայն ԲՀԿ-ն պետք է կրի, այլև ՀՀԿ-ն, ՀՅԴ, ՕԵԿ-ն ու կառավարությունը: Նրա խոսքով, բացի նրանից, որ կա քաղաքական պատասխանատվության հարց, գործի մանրամասների ամբոջական բացահայտումից հետո, հնարավոր է առաջանա նաև քրեական պատասխանատվության խնդիր:

Մեր հարցին, թե հնարավո՞ր է` Արամ Մանուկյանը նման հայտարարություն արել է, որպեսզի ԱԺ-ում Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու համար կողմ ձայներ ապահովեն, քանի որ ԲՀԿ-ն ԱԺ-ում 36 մանդատ ունի, Սոս Գիմիշյանը պատասխանեց, թե նպատակին հասնելու համար բոլոր ճանապարհները թույլատրելի չեն:  «Ես չեմ ընդունում այս ճանապարհը: Քաղաքականությունն ամեն դեպքում պետք է բարոյական լինի: Մարդասպանության կանխման, բացահայտման համար չի կարելի մարդասպան դառնալ: Անբարոյականություն թույլ տալ չի կարելի»,- ասաց Սոս Գիմիշյանը:

Տիգրանուհի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«168 ժամ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930