Սերժ Սարգսյանի հրահանգով՝ մի բանի ոչ կենտրոնական անձանց մեծ աղմուկով թիկնապահներից զինաթափելու օպերացիան իրականացրած ոստիկանությանը դեռ շաբաթներ առաջ մեր թղթակիցը հարցում էր արել, թե ինչու նույնքան ջանասիրությամբ չեն զինաթափում Սերժ Սարգսյանի մերձավորների՝ Սաշիկ Սարգսյանի, Գագիկ Բեգլարյանի (Չոռնի Գագո), Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամո) թիկնապահներին («Նկատելիներին չեն նկատում», հոկտեմբեր 9, 2012, «ՀԺ»): Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանը պատասխանել էր. «Երբ նշված անձանց շարասյուները նկատվեն…»:
Օրեր առաջ համացանցում հայտնվեց մի լուսանկար, որտեղ, ըստ հեղինակների, պատկերված էր Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի (Միշիկ) ավտոշարասյունը։ Եվ քանի որ որեւէ պատկան մարմին չի հերքել, որ նկարում երեւացող մեքենաները Մ. Մինասյանի եւ նրա թիկնապահների ավտոշարասյունն են, մեր թղթակիցը ոստիկանությունից հետաքրքրվեց՝ ինչու դա մինչ օրս չի վնասազերծվել։ «Այդ լուսանկարով դժվար է տարբերակել՝ դա շարասյուն է, թե մեքենաների հոսք։ Եթե լուսանկար է ներկայացվում, դրանում երեւացող խախտումը պետք է ակնհայտ լինի».- հարցին ի պատասխան ասել է ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանը եւ ավելացրել, որ տեսագրություն ներկայացնելու դեպքում ավելի հեշտ կլիներ արձանագրել խախտումը։
Ստացվում է, որ ՀՀ ոստիկանությունը Սերժ Սարգսյանի մերձավորներին թիկնապահներից չի «զինաթափում», նախ՝ որովհետեւ չի նկատում նրանց ավտոշարասյուները, իսկ երբ դրանցից մեկն արձանագրվում է լուսանկարում, եւ հնարավոր չէ չնկատել, էլի չի զինաթափում, որովհետեւ դրա համար լուսանկարը քիչ է, տեսագրություն է անհրաժեշտ։
«Հայկական ժամանակ»