Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀԿ գրասենյակի տանիքից 27-ամյա երիտասարդ է ընկել ու մահացել

Նոյեմբեր 06,2012 10:59

Հանրապետական կուսակցության տխրահռչակ շենքի շինաշխատանքների ժամանակ՝ սեպտեմբերին, մեր տեղեկություններով, զոհվել է շինարարական աշխատանքներն իրականացնող բանվորներից մեկը՝ 27-ամյա Դավիթ Գեւորգյանը։

Հիշեցնենք, որ Մելիք Ադամյան փողոցում տեղակայված այս շենքը կարծես թուղթուգիր արած լինեն, այս տարվա ընթացքում այնտեղ երկու անգամ բռնկված հրդեհի պատճառով (առաջինը՝ մայիսին, երկրորդը՝ սեպտեմբերի 22-ին) արդեն մի քանի ամիս է՝ այն վերանորոգվում է։ Ինչպես նաեւ կից կառուցվում է նոր մասնաշենք, ինչի պատճառով ՀՀԿ կենտրոնական գրասենյակի աշխատանքները մոտ երեք ամիս է, ինչ տեղափոխվել են Բուզանդի փողոցում տեղակայված «Երեւաննախագծի» շենք։

Ինչեւէ, ուշագրավն այն է, որ ՀՀԿ- ում այս դժբախտ միջադեպը փորձել են շաբաթներ շարունակ խնամքով թաքցնել եւ այնպես անել, որ մամուլ չընկնի։ Այդ նպատակով էլ մոտ 1.5 մլն դրամ են հատկացրել մահացածի ընտանիքին՝ թաղման ծախսերը հոգալու համար, ինչի մասին մենք տեղեկացանք Դավիթի մտերիմներից մեկից։

Դավիթ Գեւորգյանը Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ էր եւ ՀՀԿ գրասենյակի շենքում մասնակցել է տանիքի կառուցման աշխատանքներին։ Ականատեսների փոխանցմամբ, Դավիթը սայթաքել է եւ մոտ 3 մետր բարձրությունից ցած ընկել։ Հոկտեմբերի 23-ին նրա մահվան քառասունքն էր, իսկ երկու օր առաջ նա կդառնար 27 տարեկան։

Այն մասին, որ նման դեպք եղել է, եւ որ ՀՀԿ-ականներն իսկապես ջանացել են պարտակել, խոսում են նաեւ ոստիկանությունից ստացված փաստերը, համաձայն որոնց, նման դեպք եղել է, սակայն դեպքից ավելի քան 50 օր անց ոստիկանությունում քրգործ չի հարուցվել։ Երեկ, մեր հարցմանն ի պատասխան, այստեղից հայտնեցին, որ «նյութերի նախապատրաստումն ընթացքի մեջ է, դեռ չի ստացվել դատաբժշկի եզրակացությունը»։

Ակնհայտ էր նաեւ, որ հատուկ հրահանգ էր իջեցվել շինհրապարակում աշխատողներին այս թեմայով որեւէ բառ չփոխանակել անծանոթների, առավել եւս լրագրողների հետ։ Երեկ, երբ փորձեցինք այստեղ աշխատողներից հարցուփորձ անել կատարվածի մասին, շատերի առաջին հարցը սա էր՝ «լրագրո՞ղ ես», ապա, կասկածելով, ոչինչ չէին ասում։ Նրանցից միայն մեկը՝ մոտ 50-55 տարեկան մի մարդ, մանրամասն պատմեց եղելությունը՝ մասնավորապես ընդգծելով, որ կատարվածը դժբախտ պատահար էր։ «Հա, ես արդեն քանի ամիս է՝ այստեղ եմ, դեպքի օրն էլ եմ այստեղ եղել։ …Դե, երեւի ոտքը սայթաքել էր, ընկել էր գետին ու ըտենց… Չէ, շենքից դուրս չէր ընկել՝ ներսի հատվածում»,- մանրամասնեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այդ դեպքից հետո Դավիթի գործընկերները, այսինքն՝ այդ խումբը, աշխատանքները կիսատ թողնելով, գնացել են այդ շենքից։

Սակայն ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը վստահաբար պնդում էր, որ նման միջադեպ չի եղել, եւ դա ընդամենը մեր «մտքի թռիչքն է»:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930