ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը զանգահարել է Սիվիլիթաս հիմնադրամի աշխատակից, լրագրող Թաթուլ Հակոբյանին և տեղեկացրել, որ նա այս տարի դասախոսելու չի հրավիրվել, քանի որ անցյալ տարի քիչ լրագրողներ են ընդունվել ժուռնալիստիկայի ֆակուլտետ: Այս մասին ՍիվիլՆեթին տեղեկացրեց Թաթուլ Հակոբյանը:
Սիվիլիթաս հիմնադրամը նոյեմբերի 2-ին հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ հիմնադրամի և նրա աշխատակիցների նկատմամբ հետապնդումներ են իրականացվում: Որպես այդ հետապնդման օրինակ՝ հիմնադրամը նշել էր իր երեք աշխատակիցներին, այդ թվում՝ Թաթուլ Հակոբյանին, այս ուսումնական տարում դասավանդելու հրավեր չուղարկելու բուհի որոշումը:
Թաթուլ Հակոբյանի խոսքով՝ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանն իրեն ասել է, որ մի շարք այլ լրագրողներ, որոնք նախորդ տարիներին հրավիրվում էին, այս տարի ևս չեն հրավիրվել նույն պատճառով, և պետք չէ քաղաքականացնել հարցը: Մարտիրոսյանը նշել է, որ այս տարի համեմատաբար մեծ թվով լրագրողներ են ընդունվել, և եկող տարի Թաթուլ Հակոբյանը կրկին կհրավիրվի դասավանդելու: