ԱՄՆ-ում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիները երեքշաբթի օրը կընտրեն նախագահ` ավարտին հասցնելով երկրի ներկա նախագահ Բարաք Օբամայի և նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնիի միջև ծավալված ընտրապայքարը, ինչի ընթացքում նրանցից ոչ մեկը չի կարողացել գրանցելհստակ առավելություն մյուսի նկատմամբ:
Անցկացված հարցման արդյունքները վկայում են այն մասին, որ ընտրապայքարում տեղաշարժ չի նկատվում, և այս հանգամանքը ստիպել է նախագահի թեկնածուներին ընտրություններին նախորդող օրը կատարել բազմաթիվ այցելություններ այն նահանգներ, որոնց բնակչությունը հստակ չի կողմնորոշվել, թե նախագահի թեկնածուներից որին պիտի տա իր ձայնը:
Նախագահ Օբաման ընտրապայքարի վերջին մի քանի օրվա ընթացքում բավական շատ ժամանակ է հատկացրել Օհայո նահանգում ընտրողների հետ հանդիպումներ անցկացնելով:
Ըստ Օբամայի, այս ընտրությունները «երկու թեկնածուների կամ երկու քաղաքական կուսակցությունների պարզ ընտրություն չէ», այլ ընտրություն է «Ամերիկայի վերաբերյալ երկու տարբեր աշխարհայացքների միջև»:
Կարդացեք նաև
Հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին իր ընտրապայքարի ավարտին կարճաժամկետ այց է կատարել Փենսիլվանիա նահանգ, որի բնակչությունն ավանդաբար հիմնականում քվեարկել է դեմոկրատների օգտին: Այս նահանգում սակայն, ըստ հարցումների վերջին արդյունքների, ընտրապայքարը նույնպես հավասար է ընթանում:
«Եթե կան մարդիկ, որոնց համար պարզ չէ, արդյոք ապագայում հնարավոր կլինի բարելավել աշխատաշուկայի և աշխատանքի վարձատրության հետ կապված իրավիճակը, ապա նման անձանց ես հստակ և միանշանակորեն ասում եմ, որ ճիշտ ղեկավարություն ունենալու դեպքում Ամերիկան շատ արագ կվերականգնի իր դիրքերը», – ասել է Ռոմնին:
Ընտրությունների ընթացքում երկու թեկնածուները կփորձեն ստանալ յուրաքանչյուր նահանգի Ընտրողների կոլեգիայի ձայների մեծամասնությունը: Յուրաքանչյուր նահանգին հատկացված են Ընտրողների կոլեգիայի ձայներ՝ ըստ նահանգի բնակչության թվի, և նախագահական ընտրություններում հաղթող կճանաչվի Կոլեգիայի ընդհանուր թվով 538 ընտրողների ձայների 270-ը հավաքած թեկնածուն:
Քաղաքական ոլորտի փորձագետների համաձայն, Միացյալ Նահանգների 50 նահանգից 40-ը հստակ նախապատվություն են տալիս այս կամ այն թեկնածուին, սակայն մնացած նահանգներն ընտրությունների ընթացքում համարվում են «ռազմադաշտային» կամ «տատանվող» նահանգներ: Այս նահանգներում ընտրությունների արդյունքները դժվար է կանխորոշել, և երկու թեկնածուների նախընտրական շտաբներն ամենամեծ ջանքերը գործադրում են հենց այս նահանգներում տարվող ընտրարշավների վրա:
Նախընտրական պայքարի ընթացքում ամենամեծ ուշադրությանն արժանացող նահանգների թվում են Օհայոն, Ֆլորիդան, Վիրիջնիան, Կոլորադոն, Այովան, Նյու Հեմփշիրն ու Վիսկոնսինը:
Վերլուծաբաններից շատերի կարծիքով, անկախ այն բանից, թե ով հաղթանակ կտանի 2012 թվականի նախագահական ընտրություններում, երկիրն այնուամենայնիվ կանխատեսելի ապագայում կմնա բաժանված:
Նախագահական ընտրություններ հետ մեկտեղ երեքշաբթի օրը կորոշվի նաև ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 տեղերի ճակատագիրը: Ընտրությունների արդյունքներից պարզ կդառնա նաև Միացյալ Նահանգների Սենատի 100 տեղերից 33-ի ճակատագիրը:
Մասնագետների կարծիքով, դեմոկրատներին կհաջողվի պահպանել Սենատում ունեցած չնչին առավելությունը, հանրապետականներն իրենց հերթին կպահպանեն վերահսկողությունը ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի նկատմամբ:
«Ամերիկայի ձայն» ռադիոկայան