Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրակաշառքը Սամվել Բալասանյանից, ընտրվելը` Մուրադ Գրիգորյանի՞ց

Նոյեմբեր 05,2012 21:22

Այսօր Aravot.am-ը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի նախկին պատգամավորական տեղի համար պայքարող Գյումրու ՀԱԿ համակարգող Մուրադ Գրիգորյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է առանց ընտրակաշառքի հաղթելու թիվ 35 ընտրատարածքում, երբ Սամվել Բալասանյանն արդեն իսկ վատ էր սովորեցրել գյուղերի բնակիչներին. նրանց անընդհատ պարկերով ցորեն-գարի էր բաժանում: Նրանք էլ, լրագրողներին տեսնելու պես, ամպերին էին հավասարեցնում պարոն Բալասանյանին` փոխարենը «թաղել-հանելով» նախկին պատգամավոր Մխիթար Վարագյանին: Մեր հարցին ի պատասխան, Մուրադ Գրիգորյանն ասաց. «Ձեր թվարկած գյուղերի շատ ու շատ ինձ ճանաչող, մեզ գիտեցող, մեր ուժին համակրող անձնական ծանոթներ ու բարեկամներ իրենք են մեզ ասում, թե նախորդ ընտրությունների բարեգործական նման կարգի ակցիաները ` ցուցակագրումներով, անձնագրահաշվառումով բաժանված կաշառքը նպատակին չեն ծառայելու: Առանց բացառության բոլոր համայնքներից, ոչ թե 1-2 բնակիչներ, այլ նույնիսկ ազգություններ, գյուղերում այդ դրվածքը հստակ կա, հավաստիացումներ են տալիս, իրենք են եկել մեր գրասենյակ և ասել, որ ընտրակաշառքի և բարեգործական ինչ-ինչ ակցիաները նպատակին չեն ծառայելու, իրենք ունեն բավականաչափ փորձառություն, որ հոգեբանական ճնշման մանիպուլյացիները արդյունք չեն տալու»:

Ինչպե՞ս հասկանանք գյուղացիների այդ պահվածքը, այսինքն սա նշանակում է, որ կվերցնեն ընտրաշակառքը, բայց ձայն կտան ում ուզե՞ն: Այս հարցադրմանը Մուրադ Գրիգորյանը պատասխանեց. «Ես չեմ մանրամասնել, բայց մոտավորապես հենց այդպիսի հայտարարություններ, տեսակետներ ինձ շատ են հասել»:

Ի դեպ, Գյումրու ՀԱԿ համակարգողը նաև ասաց, որ թիվ 35 ընտրատարածքում շատերն են ցանկություն ունեցել առաջադրել իրենց թեկնածությունը, սակայն, ըստ Մուրադ Գրիգորյանի տեղեկությունների, նրանց պարզապես չեն թույլատրել: Նշենք, որ այստեղ ընտրապայքարի են դուրս եկել Սերժ Սարգսյանի փեսայի ընկերը` Արման Սահակյանն ու Գյումրու ՀԱԿ համակարգող Մուրադ Գրիգորյանը:

«Ես շատ կուզենայի, որ թիվ 35 ընտրատարածքում, որն ընդգրկում է Գյումրիի մի հատված և Ախուրյանի նախկին տարածաշրջանի մի հատված, շատ բնականոն կլիներ, եթե տեղից մի 2-3-4 հոգի թեկնածուներ առաջադրվեին, կլինեին անկուսակցականներ, կուսակցականներ , հասարակական ոլորտի փորձված անհատականություններ: Ցավոք սրտի, իշխանությանը հաջողվեց հասնել նրան, որ փորձեցին բոլոր հնարավոր հավակնորդների հետ, մեղմ ասեմ, ընդհանուր լեզու գտնելով թույլ չտալ առաջադրվելու: Իմ ունեցած ինֆորմացիան այդպիսին է , իհարկե շատ կուզենային, իդեալական կլիներ , որ ես էլ չառաջադրվեի»:

Aravot.am-ի այն հարցին, թե իր հե՞տ էլ են փորձել բանակցել, Մուրադ Գրիգորյանը պատասխանեց. «Թույլ տվեք Ձեր հարցին չպատասխանել առայժմ: Ես ցավով եմ նշում, որ Գյումրիի նման քաղաքականապես հասուն,աշխույժ քաղաքում առաջադրվողների դուետը ձևավորվեց Մուրադ Գրիգորյան-Արման Սահակյան: Շատ բնականոն կլիներ եթե Գյումրիից ունենայինք ևս 2-3-4 առաջադրվողներ. դա կլիներ իրական մրցակցություն, իրական ընտրաշավ, այնպիսին, ինչպիսին մենք պատկերացնում էինք, և այն սցենարը, որ թողնելու էին միջոցառման նման ընտրություն` մեկ հոգանոց թեկնածուով, մենք այդ սցենարն ենք վիժեցնում: Մենք թույլ չենք տալու, որ իշխանությունները խլեն ընտրողի հավատը ընտրություն հասկացության նկատմամբ: Այս ընտրատարածքում համախբվելու են քաղաքական շատ ուժեր, համախմբվելու են օրինական ընտրություններ անցկացնելու , համախբվելու են ԱԺ պատգամավորի ընտրությունը իրոք ընտրովի պաշտոն դարձնելու նպատակով: Այդ պատկերավոր խոսքը, որ մանդատը փորձում են կրծքանշան դարձնել, քաղաքական քիմքին ու ճաշակին համապատասխան շնորհել ու հետ վերցնել` փոխատեղումներով, մենք դուրս ենք եկել այդ սցենարի դեմ: Եվ խնդիրն այստեղ իմ անձը չէ, խնդիրը իշխանության այդ շատ վտանգավոր սցենարը վիժեցնելն է, ոչ ասելը , մեր քաղաքը քաղաքական պոլիգոնի չվերածելն է, որը մենք թույլ չենք տա: Պոլիգոնի, որովհետև փորձարկվում են ընտրովի մարմինների դաբրոներով կանխորոշված ընտրության արդյունքներ, որը և պետականության հիմքերն է խախտում և ազգային անվանգության խնդիր է»:

Մուրադ Գրիգորյանը բացարձակապես չհամաձայնեց այլ քաղաքական ուժերի հնչեցրած այն հայտարարություններին , թե «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, ՀՀԿ-ական Արման Սահակյանը արդեն իսկ նշանակված է թիվ 35 ընտրատարածքում որպես պատգամավոր:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930