Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորացուներից ո՞ւմ կսատարեն գյումրեցի պատվախնդիր տղամարդիկ

Նոյեմբեր 05,2012 19:39

Դեկտեմբերի 2-ին Գյումրին ու Ախուրյանի գյուղերն ընդգրկող թիվ 35 ընտրատարածքում տեղի են ունենալու ԱԺ արտահերթ ընտրություններ: Այստեղ առաջադրված են երկու թեկնածուներ` «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, ՀՀԿ-ական Արման Սահակյանն ու Գյումրու ՀԱԿ համակարգող Մուրադ Գրիգորյանը: Այսօր Մուրադ Գրիգորյանը մամուլի ասուլիս էր հրավիրել` ընտրաշավին ակնկալելով նաև լրագրողների աջակցությունը: Լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե ո՞ւմ են սատարելու Գյումրու քաղաքական ուժերն ու հանրահայտ երկու գերդաստանների` ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանի ու Վարդան Ղուկասյանի շրջապատը:

Նշենք, որ Վարդան Ղուկասյանի պաշտոնանկ լինելը կապված էր Արման Սահակյանի` մայիսի 6-ին թիվ 34 ընտրատարածքում ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանին պարտվելու հետ: Սա փաստորեն էժան չնստեց Վարդան Ղուկասյանի վրա, որն այն ժամանակ գլխավորում էր ՀՀԿ Շիրակի մարզային կառույցը: Գյումրու 13 տարվա քաղաքապետին պաշտոնանկ արեցին` նրա աթոռը հանձնելով ԲՀԿ-ական պատգամավոր Սամվել Բալասանյանին, իսկ պարոն Բալասանյանի պատգամավորական տեղն էլ, ըստ որոշ մեկնաբանությունների, ազատեցին հենց Արման Սահակյանի համար, որը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի փեսայի մոտ ընկերն է:

ՀԱԿ համակարգողի կարծիքով, Գյումրու քաղաքական ուժերն ու պատվախնդիր տղամարդիկ իր կողմնակիցն են, եթե անգամ նրանք հայտարարել են, որ պաշտոնապես ոչ մեկին չեն սատարում: «Եթե անգամ «Դաշնակցությունն» ու «Ժառանգություն»-ը հայտարարել են, որ ոչ մեկին չեն սատարելու, նորմալ եմ վերաբերվում: Քաղաքական հայտարարությունները այնքան էլ շատ չեմ կարևորում այս հարցում, ավելի շատ կարևորում եմ այդ քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, որոնք այս տարածքի բնակիչներն են, ընտրողներ են, ունեն տեսակետ ու քաղաքական հստակ պատկերացումներ. Ինձնից ոչ պակաս լավ հասկանում են այս ընտրարշավի յուրահատկությունը, ինձ հետ ունեցել են զրույցներ` բավական բաց ու անկեղծ, ես ավելի շատ կարևորում եմ հենց այդպիսի զրույց-հանդիպումները քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ »,- ասաց թեկնածուն:

Իրեն սատարող ուժերի մեջ մտնո՞ւմ են ԲՀԿ-ականները, նրանց հետ հանդիպե՞լ է , մեր այս հարցին Մուրադ Գրիգորյանը պատասխանեց. «Չգիտեմ ինչո՞ւ եք ԲՀԿ-ին առանձնացնում, ընդդիմադիր քաղաքական ուժերի գրեթե բոլոր ներկայացուցիչների հետ ունեցել եմ մասնավոր բնույթի հանդիպումներ և ստացել եմ ամենայն աջակցության հավաստիացումներ: Եվ ես չեմ կասկածում, քանի որ ճանաչում և ճանաչել եմ զրուցակիցներիս »: Մուրադ Գրիգորյանը «Դաշնակցությունից» ու «Ժառանգությունից» զատ ընդդիմադիր համարեց նաև ԲՀԿ-ին:

Վարդան Ղուկասյանը` որպես ՀՀ նախագահից նեղացած անձնավորություն, իր թիմակիցներով կսատարի՞ ՀԱԿ թեկնածուին: «Չեմ կարող ասել, բայց կարծում եմ, որ գյումրեցու պատվախնդրությունը հնարավորություն կտա, որպեսզի Սերժ Սարգսյանի ծրագրով պատգամավոր Գյումրին այլևս չունենա, որ նման բիրտ, նենգ սցենարներ աշխատացնելով Գյումրիում ու Շիրակի մարզում այլևս պատգամավորներ չկարողանան ընտրվել: Մեր քաղաքն ու տարածքը դատարկվում են, և ինչպես ասում են՝ դանակը ոսկորին հասած վիճակ է, այլևս էս ընթացքը հանդուրժել չի լինի, որ դատարկվող դպրոցում դպրոցի տնօրենը արդեն կսկսի մտածել Հանրապետական կուսակցության պատվերը կատարի՞, թե՞ մտահոգվի աշակերտների թվաքանակի ամսեամիս նվազումով, համայնքապետը մտածի գործադիր իշխանության պատվերը կատարի՞, թե՞ մտածի ամեսամիս փակվող դռների քանակով»:

Ի դեպ, Մուրադ Գրիգորյանը պատրաստ է սեղմել իր մրցակցի ձեռքը, եթե նա օրինական ճանապարհով ընտրվի, թեև , ըստ նրա, ընտրությունների օրինական անցկացման դեպքում կհաղթի ինքը, քանի որ ծնունդով Ախուրյանից է. այստեղ ժամանակին բարձր պաշտոններ է զբաղեցրել, և որպես քաղաքական գործիչ՝ հայտնի է ամբողջ Շիրակի մարզում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930