19-րդ դարի վերջերին կիսաանապատի նմանվող հսկայական ձորում գտնվող, խարխուլ պատերով, ծուռ ու մուռ տանիքներով հյուղակներից ու թաղամասեր կոչվող ցեխոտ քուչաներից բաղկացած հին Կապանից այսօր ոչինչ չի մնացել: «Ամայություն էր, իսկ հեռուներում տարածվում էին թշվառության եւ անգիտության մեջ խարխափող գյուղերը… Անպակաս էին հիվանդություններն ու համաճարակները», -այսպիսի նկարագիր ուներ հին Կապանը: Սակայն Կապանն ավելի հին պատմություն ունի, առաջին գրավոր հիշատակությունը Կապանի մասին պահպանվում է Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» աշխատության մեջ եւ վերաբերում է Ք. ծ. հ. 5-րդ դարի վերջին քառորդին: 10-րդ դարում Կապանը Սյունիքի թագավորության մայրաքաղաքն է եղել:
Իսկ ահա 1938թ. հոկտեմբերի 1-ին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի հրամանագրով Ղափան բանվորական ավանը փոխակերպվեց քաղաքի: 1963թ. հունվարի 12-ին Ղափանը դասվեց հանրապետական ենթակայության քաղաքների շարքը: 1991թ.-ից Ղափանն արդեն անվանվեց Կապան:
Սյունիքի մարզկենտրոն Կապանն արդեն 74 տարեկան է եւ կիրակի օրը նշվեց քաղաքի ծննդյան 74-ամյակը: Կապանի տարբեր թաղամասերում տոնական միջոցառումներ, բնակիչների համար հյուրասիրություն, համերգային համարներ էին կազմակերպվել, մի շարք թաղամասերում խաղահրապարակների, հանգստյան գոտու եւ վերանորոգված տարբեր կառույցների բացման հանդիսություններ անցկացվել:
Քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումները մեկնարկեցին Կապան քաղաքի Շմավոն Մովսիսյանի անվան պատմության թանգարանից, որտեղ վերանորոգված սրահի բացման արարողությունից հետո ներկաները մասնակցեցին թանգարանի այդ անկյունում կազմակերպված Արցախյան գոյամարտի օրերին զոհված եւ ողջ մնացած կապանցի ազատամարտիկների մասնակցությունը լուսանկարներով ամբողջացնող ցուցադրությանը: Նորոգման աշխատանքների համար ԶՊՄԿ-ի կողմից հատկացվել էր մոտ 3 մլն դրամ, իսկ կահավորումն ու ձեւավորումն արվել էր Կապանի քաղաքապետարանի եւ Դինո գոլդ մայնինգ քամփնիի միջոցներով` 1մլն 500 հազար դրամով:
Կարդացեք նաև
Հաջորդ կանգառը Կապանի թիվ 7 մանկապարտեզն էր, որտեղ համայնքային բյուջեով եւ Դինո գոլդի համատեղ ներդրմամբ նորոգվել էր մանկապարտեզի դահլիճը:
Կապանի թիվ 1 մանկապարտեզում նույնպես տոն էր, երեխաներն իրենց երգով ու ասմունքով շնորհակալություն հայտնեցին քաղաքապետարանից եւ Դինո գոլդից` 2 խմբասենյակի նորոգման համար:
Միջոցառումների շարքը շարունակվեց Կապանի Արամ Մանուկյան, Մինաս Պապյան, Բաղաբերդ թաղամասերում, որտեղ Կապանի քաղաքապետարանի, «Կապան» բարեգործական հիմնադրամի, «Քաունթերփարթ ինթերնեշնլի», «Վորլդ Վիժնի» Կապանի տարածքային զարգացման գրասենյակի միջոցներով կառուցված խաղահրապարակների, հանգստյան գոտու եւ ակումբ-գրադարանի բացման արարողություններ եղան:
Բաղաբերդ թաղամասի մյուս հատվածում էլ «Կապան» բարեգործական հիմնադրամի միջոցներով`12,617 հազար դրամով, հանգստյան գոտու հանդիսավոր բացումը եղավ, որտեղ լողավազան, համերգային բեմ ու նստարաններ, մեծահասակների համար նարդու, շախմատի համար նախատեսված խաղատեղի է կառուցվել:
Քաղաքի տոնին նվիրված միջոցառման պաշտոնական մասը տեղի ունեցավ Կապանի քաղաքապետարանում, որտեղ քաղաքապետ Արտուր Աթայանը խոսեց 2012թ. ձեռքբերումների մասին` ճանապարհաշինության, առողջապահության եւ մի շարք այլ ոլորտներում կատարված գործերից: «Կապանում կառուցվեց մանկական պոլիկլինիկա, որի նախատիպը հանրապետությունում չկա: Օրերս ստորագրել եմ քաղաքի հիվանդանոցի շինարարության թույլտվությունը, մոտ 1 մլդ դրամ է պետությունը հատկացրել, որով կապիտալ կնորոգվի հիվանդանոցը: Նորոգվել են 30-ից ավելի տանիքներ, վերելակներ, մի շարք թաղամասեր տանող ճանապարհներ, քաղաքի կենտրոնական հատվածի տաղավարների կառուցման աշխատանքներն են ընթանում այժմ եւ այլն: Տարին բավականին լավ է եղել, ձեռքբերումները շատ են», – նշեց Կապանի գործող քաղաքապետ Արտուր Աթայանը:
Կապանի տոնի կապակցությամբ մշակույթի կենտրոնում նաեւ համերգային մեծ ծրագիր էր կազմակերպվել: Կենտրոնի ստեղծագործական խմբերից բացի՝ տոնին հրավիրված եւ Մոսկվայից ժամանած կապանցի Արմեն Պետրոսյանը (Բեսթը) իր որդու հետ ելույթ ունեցավ կապանցի հանդիսատեսի համար:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ