Լրահոս
Օրվա լրահոսը

Մայորը հարվածել էր բաղնիքի պետին. Պաշտպանության նախարարը միջնորդագիր է ուղարկում դատարան

Նոյեմբեր 05,2012 19:17

Նոյեմբերի 14-ին ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանում կսկսվի Շահեն Աբալյանի դեմ հարուցված քրեական գործով բողոքի քննությունը:

Շ.Աբալյանը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի /Ստեփանակերտի նստավայր/ դատավոր Հ.Դավթյանի դատավճռով այս տարվա հոկտեմբերի 3-ին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման: Նրա նկատմամբ կկիրառվի փորձաշրջան: Դատավճռի օրինական ուժի մեջ անցնելուց հետո նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցն էլ՝ ստորագրությունը չհեռանալու մասին, կփոխվի:

Հադրութցի Շահեն Աբալյանը հանդիսացել է ՊԲ զորամասերից մեկի իրային ծառայության պետը:

Նա մեղադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով եւ իրեն մեղավոր է ճանաչել լիովին: Այդ իսկ պատճառով դատաքննությունն անցել է արագացված ընթացակարգով:

Չնայած նկատենք, որ հազվադեպ է լինում, երբ արագացված դատաքննությունից հետո բողոք է բերվում:

Մայորը փետրվարի 8-ին ծառայողական պարտականությունները թերի կատարելու պատճառով ձեռքերով հարվածել էր զորամասի բաղնիքի պետ, պայմանագրային զինծառայող, շարքային Վ. Ադամյանի գլխի շրջանին` պատճառելով վերջինիս առողջությանը թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով: Նրա հարվածները ուղղվել էին նաեւ զինծառայողի ձախ ականջին: Այդպիսով, նա կատարել էր միջին ծանրության հանցանք:

Դատարանն առաջնորդվելով ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածով, այն է՝ հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի` համապատասխանեն հանցանքի ծանրությանը, ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ: Մայորը նախկինում դատված չի եղել, զղջացել էր կատարածի համար, խնամքի տակ է 11 տարեկան երեխան:

Նա նաեւ հանդիսացել է ԼՂՀ պաշտպանական մարտերի մասնակից, ծառայության պարտականությունների բարեխիղճ կատարման, բարձր ցուցանիշների համար պարգևատրվել է մեդալներով: Ի դեպ, ԼՂՀ պաշտպանության նախարար-ՊԲ հրամանատար Մ. Հակոբյանը սեպտեմբերի 15-ին թիվ 254 գրությամբ դատարանին միջնորդել էր վերջինիս նկատմամբ կիրառել ազատազրկման հետ կապ չունեցող պատժատեսակ:

Գործով քաղաքացիական հայց չէր հարուցվել:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930