«Ես ինձ թույլ եմ տալիս վերապահ վերաբերմունք ունենալու ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այն հայտարարությանը, որ միջազգային հանրությունը խստորեն դատապարտել է Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը եւ նրան ներում շնորհելը»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը՝ հավելելով. «ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ որոշ երկրներ, ինչպես օրինակ` Թուրքիան, Բելառուսը եւ այլք ընդհանրապես չեն անդրադարձել երեւույթին: Սաֆարովի ոչ այնքան արտահանձնումը, որքան նրան ներում շնորհելը դատապարտել են ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրները՝ տարբեր շեշտադրումներով: Կոնսոլիդացված, կոնսենսուսային դատապարտում չեմ կարող ասել, որ եղել է»:
Սովորաբար, նման իրավիճակներում, ըստ մեր զրուցակցի, Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳՆ-ները կամ երեք համանախագահները համատեղ հայտարարություն կանեին: Բայց մենք ականատեսը եղանք նախ ԱՄՆ պետդեպի, ապա Ֆրանսիայի ԱԳՆ-ն, հետո ՌԴ ԱԳՆ-ն՝ մամուլի քարտուղարի մակարդակով արձագանքի: «Չեմ կարծում, թե Սաֆարովի էքստրադիցիան՝ Ադրբեջանին՝ միջազգային հանրության ընկալումներում տեղավորել է այն ֆոնով, որին այդ երկիրն արժանի է»,- ի տարբերություն ՀՀ արտգործնախարարի՝ կարծում է Վահրամ Աթանեսյանը:
Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանում ՀՀ ԱԳ նախարարը խոսելով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների և Մինսկի խմբի եռանախագահների՝ Փարիզում կայացած հանդիպման մասին, դրա գլխավոր նպատակն էր համարել Ադրբեջանին կառուցողական բանակցությունների դաշտ բերելը: Նաեւ նկատել էր. «Միջազգային հանրությունը համապատասխան արձագանքով արտահայտեց իր վերաբերմունքը Ադրբեջանի կեցվածքի վերաբերյալ: Չկա մի երկիր և կառույց, որը խստորեն չքննադատեց, և իր վրդովմունքը չհայտնեց այդ քայլի նկատմամբ»,- ասել էր նա՝ ավելացնելով, որ միակ չփոխված բանը անհրաժեշտությունն է, որպեսզի Հայաստանն ու եռանախագահները պարտադրեն Ադրբեջանին, որ ԼՂ հակամարտությունը պետք է խաղաղ ճանապարհով լուծվի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև
Այլ մանրամասները՝ կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»