Լրահոս
Օրվա լրահոսը

Կորյուն Նահապետյանն ու Վարդան Օսկանյանը հանդիպեցին ՆԱՏՕ-ի պատվիրակության հետ

Նոյեմբեր 05,2012 18:17

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը եւ պատվիրակության անդամ Վարդան Օսկանյանը նոյեմբերի 5-ին հանդիպեցին Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի գլխավորած պատվիրակության հետ:

Կորյուն Նահապետյանը, ողջունելով հյուրերին, կարեւորեց «ՆԱՏՕ-ի շաբաթը Հայաստանում» միջոցառման անցկացումը, որին անմիջական մասնակցություն են ունեցել Ջեյմս Ապատուրայը եւ նրա գործընկերները: Անդրադառնալով Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ներկա մակարդակին՝ նա ընդգծեց, որ գործընկերային այդ հարաբերություններն արձանագրում են կայուն առաջընթաց եւ խոստանում նոր հեռանկարներ: Այդ համագործակցությունը խարսխված է մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների, ազատության եւ արդարության ապահովման, ժողովրդավարության շրջանակներում խաղաղության հաստատման ու համամարդկային այլ արժեքների եւ սկզբունքների վրա: ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավարը կարեւորեց «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շարունակականությունը, Ազգային ժողովի եւ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի համագործակցությունը, միջազգային խաղաղարար առաքելությանը Հայաստանի մասնակցությունը: Կորյուն Նահապետյանն անդրադարձավ նաեւ ադրբեջանական իշխանությունների կողմից Ռամիլ Սաֆարովին ներում շնորհվելու եւ հերոսացվելու՝ միջազգային բոլոր նորմերին հակասող ու աղաղակող փաստին, դրա առնչությամբ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ու ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահի հայտնած մտահոգություններին՝ հույս հայտնելով, որ այս փաստի առնչությամբ հնչած արձագանքներին կհաջորդեն համապատասխան գործողություններ:

Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը գոհունակությամբ արձանագրեց, որ ՆԱՏՕ-Հայաստան տարբեր ձեւաչափերով համագործակցությունն ավելի ու ավելի է աշխուժանում: Նա հույս հայտնեց, որ Հայաստանի հետ տարբեր ծրագրերի իրականացումն ու խաղաղապահ ուժերի կազմում հայկական զորախմբերի մասնակցությունը շարունակական կլինեն:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ տարածաշրջանային անվտանգությանն ու ԼՂՀ հիմնախնդրին առնչվող հարցեր: Կորյուն Նահապետյանը եւ Վարդան Օսկանյանը հավաստիացրին, որ ԼՂՀ խնդրի կարգավորումը հնարավոր է միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով՝ հիմնված միջազգային նորմերի ու սկզբունքների վրա, որոնց շարքում իր կարեւոր տեղն ունի ազգերի ինքնորոշման սկզբունքը: «Անկախ եւ ինքնուրույն ապրելու ճանապարհը բռնած Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երբեք Ադրբեջանի մաս չի կարող լինել,- ասաց Կորյուն Նահապետյանը,-սա ոչ միայն Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն է, այլեւ ողջ հասարակության համոզումը»:

Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձան նաեւ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող այլ հարցերի:

ԱԺ Հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930