Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր սեղանի վրա դրված Աստվածաշունչը չպետք է փոշոտվի». Տ. Վարդան աբեղա Նավասարդյան

Նոյեմբեր 05,2012 18:09

Օրերս Մալաթիայի Սբ. Աստվածածին եկեղեցու կից սրահում «Մանանա» երիտասարդական ծրագրի հանդիպումն էր` «Ո՞վ է քրիստոնյան» թեմայով:  Օրվա բանախոսն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, ՔԴԿ տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը:

Ներկաների հետ ծանոթանալուց հետո հոգեշնորհ հայր սուրբն անցավ բուն նյութին: Նշեց, որ  իսկական քրիստոնյայի կոչմանն արժանի դառնալու համար պետք է հետեւենք Քրիստոսին, ապրենք Նրա պատգամներով: Իսկ Քրիստոսին հետեւելու առաջին նախապայմանը Նրան ճանաչելն է, գիտակցելը, որ Նա է մեզ կյանք պարգեւել, Նա է մեր կյանքը պահպանում, խնամում: Տերն ուզում է,  որ մոտենանք Իրեն, ճաշակենք Իր սուրբ մարմինն ու արյունը, Աստծո խոսքերի ու խորհուրդների քաղցրությունը զգանք:

Հոգեւորականի խոսքով` մարդ արարածը ոչ միայն ֆիզիկական էակ է, մարմին ունի, այլ նաեւ` հոգեկան, եւ  հոգեւոր սնունդը, հոգեւոր աճը նույն չափով կարեւոր է մեզ համար, որքան ֆիզիկականը: Մենք միշտ կարիք ունենք մեր հոգու այգին ջրելու, մեր հոգու ծարավը հագեցնելու: Իսկ այս ամենը Քրիստոս է  պարգեւում մեզ: «Ով որ խմի այն ջրից, որ ես եմ տալու նրան, յաւիտեան չպիտի ծարաւի»,-ուսում է Տերը: «Այս ճշմարիտ կերակուրն անհրաժեշտ է, որպեսզի ճանաչենք եւ կարողանանք զատորոշել, տարբերակել չարը բարուց, իմանանք` ճիշտ, թե՞ սխալ ենք վարվում մեր կյանքում, գիտակցենք մեր մեղքերը, զղջանք, ապաշխարենք: Մեզանից  շատերն են ասում, որ  եկեղեցի գնալով հանգստանում, խաղաղվում են. ուրեմն, հոգեւորին հասնելը, հոգեւորը ճանաչելն ու  այդ աշխարհի մեջ ապրելն ամենակարեւորն է մարդու համար»:

Իսկական քրիստոնյա լինելու համար պետք ապրել քրիստոնեական արժեքներով, Ճշմարիտ կերպով հետեւել Սուրբ Գրքի պատգամներին, որի անբաժանելի մասն է կազմում բարի, առաքինի, համբերատար, ներող, գթասիրտ, ողորմած լինելը, կարիքավորներին օգնելը.  չէ՞ որ ամեն մի այսպիսի քայլ  մեզ մոտեցնում է Աստծուն, արժանի դարձնում Երկնքի արքայությանը:

Հայր սուրբը նշեց, որ մեր կյանքում, առօրյայում Աստված ամեն վայրկյան խոսում է մեզ հետ ամենատարբեր միջոցներով, ամենաաներեւակայելի ճանապարհներով: Սակայն  մեր մեղքերը, մեր` նյութական աշխարհին կառչած լինելն այնքան զորավոր է, որ դա շատ հաճախ չենք տեսնում ու զգում: Մենք շատ հաճախ ենք փորձվում: Սակայն դա չպետք է պատճառ դառնա մեր անկմանը, այլ պետք է հաղթահարենք այդ փորձությունը. չէ՞ որ Քրիստոս եւս փորձվեց, բայց չմեղանչեց, Նա հաղթեց չարին: «Կատարյալ եղեք, ինչպես որ Ձեր երկնավոր հայրն է կատարյալ»,-ասում է Նա: «Ուրեմն,  Նրան ապավինելով, ձգտենք կատարելության, հոգեպես ավելի զորանանք եւ հաղթենք փորձչին,  ապրենք  ոչ թե նյութական, այլ հոգեւոր արժեքներով»:

Ճշմարիտ, գիտակից, հավատացյալ քրիստոնյայի նպատակը աստվածային լույսին, երջանկությանը հասնելն է, հոգու փրկություն, Երկնքի արքայություն ժառանգելը: «Եվ այս ամենի համար Քրիստոս պատվիրում է ջրից եւ հոգուց վերստին ծնվել` մկրտվել, որպեսզի դա լինի մեր  հաղթաթուղթը, որ քրիստոնյա ենք, Աստծո որդեգիր զավակը»:

Հոգեշնորհ հայր սուրբի խոսքով՝ կարեւոր է ոչ միայն Տիրոջ  օրենքները կատարելը (պահք պահել, սուտ չխոսել, գողություն չանել, եկեղեցի գնալ, հաղորդություն առնել, մեղքերը գիտակցել, ապաշխարել), այլեւ ճշմարտապես քրիստոնեական արժեքներով ապրելը, մաքուր միտք, արդար կամք, ուղիղ խոսք, սուրբ սիրտ, կատարյալ հավատք եւ բարի վարք ունենալը:

«Որքան հեշտ է չար լինելն ու չարություն անելը, դժվարին` բարին կամենալն ու մտածելը, քանի որ բարի լինելու համար պետք է Աստծո նման լինել, Նրա պատգամների համաձայն ապրել: Քրիստոնյայի սիրտը պետք է ազատ լինի չարությունից, քանի որ  չարություն անելիս առաջին հերթին ինքներս  մեզ ենք վնասում, հետո միայն դիմացինին: Խախտվում է մեր ողջ ներաշխարհը, մինչդեռ մեր յուրաքանչյուր քայլը պետք է ուղղված լինի մեր ներաշխարհի, մեր հոգու խաղաղությանն ու հանգստությանը»:

Ի վերջո, ճշմարիտ քրիստոնյան այն մարդն է, ով ուղիղ եւ կատարյալ հավատ ունի առ Աստված, «ինչպես ասում է  Քրիստոս` «վեմի վրա կառուցված հավատ». եւ եթե մեզ հետ է Աստված, եթե Նրան ընկալում ենք մեր կյանքի միակ ճշմարիտ փրկիչ, Նրա  պահապան ուժն ենք զգում մեր կյանքում, ոչնչից չենք վախենա»:

Հայր սուրբը խորհուրդ է տալիս. «Սուրբ Գիրքն  ընթերցեք. մեր սեղանի վրա դրված Աստվածաշունչը չպետք է փոշոտվի, որպեսզի և´ Աստված խոսի մեզ հետ, և´մենք հաղորդակից լինենք Նրան, մոտենանք Տիրոջը, եւ  եթե այս հաջողվի մեզ, մեր կյանքը բոլորովին այլ ճանապարհով կգնա,  աստվածային խորհուրդներով եւ արժեքներով կապրենք: Եվ այդ ժամանակ իսկապես կճաշակենք աստվածային սերը, երջանկությունը, ուրախությունը` պահված  ճշմարիտ քրիստոնյայի համար»:

 

 

Մարիամ Ավետիսյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930