«Քաղաքացիական հասարակության հիմնական խնդիրը իշխանություններով զբաղվելն է, այսինքն՝ իրականացնել իշխանության գործառույթների նկատմամբ վերահսկողություն եւ այդ վերահսկողության իրականացումը որոշակի անհարմար հարցեր է առաջադրում, նայած թե իշխանության բնույթը ինչպիսին է»,- այսօր «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կազմակերպված «Քաղաքացիական հասարակության զարգացման հիմնախնդիրները եւ մարտահրավերները» քննարկման ժամանակ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Անդրադառնալով ՀՀ-ում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ռազմավարության հայեցակարգին՝ նշեց, որ համակարգված, քայլ առ քայլ, ըստ բնագավառների, օրենսդրական մակարդակով փորձ է արվում ցանկացած հասարակական նախաձեռնության նկատմամբ վերահսկողություն իրականացնել, որ վերջինս բոլոր առումներով կառավարելի լինի: Ինչի վառ օրինակը, ըստ Սաքունցի՝ ընտրություններում իրականացրած դիտորդական առաքելությունն էր: «Համոզված եմ եւ փաստեր ունեմ, Հայաստանի Հանրապետությունում կա ընտրողական արդարադատություն եւ ընտրողական վարչարարություն: Ընտրողական վարչարարության մեխանիզմները հարստացնելը, փորձ են անում կիրառել, այսպես կոչված գրանտակերների, հայրենիքի դավաճանների, պետական շահերի դեմ հանդես եկողների վրա, որոնք բարձրացնում են հարցեր, որ հենց իշխանության մարմինների կողմից է թույլ տրվում: Այս փաստաթուղթը միտված է քաղաքացիական հասարակության ակտիվությանը լռեցնելուն, կամ կառավարելի դարձնելուն: Այսինքն՝ պուտինյան կառավարելի ժողովրդավարության ֆենոմենը նաեւ այստեղ իրականացնել»:
Սաքունցը անդրադառնալով հիմնադրամներին, նշեց, որ մինչեւ հիմա ՀՀ դատական ատյաններում չեն կարողանում ստանալ հաշվետվություն՝ օրինակ «Մարտիկ» հիմնադրամի կողմից ֆինանսական միջոցների վերաբերյալ: «Մարտիկ» հիմնադրամի հիմնադիրներն են հանդիսացել այն ժամանակ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, իրավաբանական վարչության պետը, Ամենայն հայոց կաթողիկոսը: Հիմնադրամի վերաբերյալ, փողերը, որ հավաքել են զինծառայողների սոցիալական ապահովության խնդիրները լուծելու համար, տվյալներ չունեն: Մեծ էշը ախոռում թողած, ընկել են չգիտեմ ինչի հետեւից, բայց այս հարցերին պատասխան պետք է տրվի: Մենք չենք հանդուրժելու, որ օրենսդրորեն ոչ իրավական նորմերով միջամտություն կատարվի քաղաքացիական հասարակության գործունեության դաշտը: Այսինքն՝ պուտինյան մեխանիզմ, արտասահմանյան ագենտներ, քաղաքական գործունեություն, այդ մտածելակերպի տեղավորումը ՀՀ իրականության մեջ անթույլատրելի է: Երբ սեփական աչքի գերանը չտեսնելով, փորձում են դիմացինի մոտ սարքովի փղեր տեսնել, այն իմաստով որ թույլ չտրվի քաղաքական այլախոհության հետ միասին նաեւ քաղաքացիական այլախոհությունը եւ երկիրը դարձնել տոտալ վերահսկողության այն աստիճանի, որ սեփական կոռուպցիոն հանցագործությունների եւ խախտումների վերաբերյալ չբարձրաձայնվի՝ դա նշանակում է մահ, հետընթաց տեռոր: Այն փորձերը որոշ կազմակերպությունների նկատմամբ, որտեղ հարկային մարմինները սկսել են ստուգումներ, առանց որեւէ հիմնավորման, ուղղակի միջամտություն է. դրանցից են օրինակ Արմավիրի զարգացման կենտրոնը, Գորիսի ուսումնական կենտրոնը, որտեղ եւ սկսել են ստուգումներ զուտ այն բանի համար, որ համագործակցվել է «Սիվիլիթասի» հետ»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ