Այսօր Aravot.am-ը Գյումրու ՀԱԿ համակարգող, թիվ 35 ընտրատարածքում պատգամավորի թեկնածություն առաջադրած Մուրադ Գրիգորյանից հետաքրքրվեց, թե առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածությունը վերստին առաջադրելու դեպքում ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կոնկրետ Շիրակի մարզում կունենա՞ նույն քանակությամբ ընտրազանգված, ինչ ուներ 2008 թվականին: Համամի՞տ է հնչող այն կարծիքներին, թե ՀԱԿ-ը ճգնաժամ է ապրում, քաղաքական այս ուժին այլևս չեն վստահում: «Հենց դեկտեմբերի 2-ին, թիվ 35 ընտրատարածքում տեղի ունեցող Ազգային ժողովի ընտրությունները ցույց կտան, թե տվյալ ընտրատարածքի ընտրողները ի՞նչ չափով են քաղաքականապես կողմնորոշված, վստահո՞ւմ են մեզ, և բնականաբար այս ամբողջ ընտրարշավը նաև միտված է ապացուցելու, որ Հայ ազգային կոնգրեսը կարող է և ԱԺ մեծամասնականով հաղթանակ տանել և հաջորդ քայլով նախագահական ընտրություններում ամրագրել իր հաղթանակը»,- այսպիսի ինքնավստահությամբ պատասխանեց Գյումրու ՀԱԿ համակարգողը:
Իսկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը նախագահական աթոռ հավանական համարո՞ւմ է , մեր այս հարցին Մուրադ Գրիգորյանը պատասխանեց. «Ներողություն եմ խնդրում, ես ավելի լուրջ գործով եմ այս օրերին զբաղված, ավելի լուրջ ծրագրերով, ավելի լուրջ անձնավորությունների մասին մտածելով, և ձեր ասած անձնավորության համար ժամանակ չի մնում»:
Ի դեպ,Մուրադ Գրիգորյանի ներքին համոզմունքը հուշում է , որ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածությունն անպայման կառաջադրի, ըստ Գյումրու ՀԱԿ համակարգողի, նա ՀԱԿ-ի ամենահարմար ու անփոխարինելի թեկնածուն է, իսկ այլ թեկնածուների մասին ինքը չի մտածել, չի էլ ուզում մտածել:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ