Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը՝ Էդվարդ Նալբանդյանին. «Եթե այստեղ շահարկող կա, դա դուք եք»

Նոյեմբեր 05,2012 17:05

«ՀՀ արտգործնախարարության հիմնական մտահոգությունը պետք է լինի ոչ թե այն, որ ՀՀ մամուլում կամ քաղաքացիական հասարակությունում որեւէ մեկը այդ երկրներին էկզոտիկ չհամարի, այլ, որ այդ երկրներում, այդ երկրների մամուլում ՀՀ-ին էկզոտիկ չհամարեն»,-այսօր ԱԺ-ում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այս դիտարկումից հետո հարց ուղղեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին. «Արտերկրում ինչպե՞ս են գնահատում այն պետությանը, որի գործող դեսպանը Եվրոպայի առանցքային երկրներից մեկում հանդես է գալիս հայտարարությամբ՝ ասելով, որ երկիրը, որը ինքը ներկայացնում է, սպիտակ ցեղասպանություն է իրականացնում ժողովրդի նկատմամբ եւ մաֆիան բռնագրավել է այդ երկիրը: Ինչ վերաբերում է այցելությանը այդ երկրներ, այն ուշադրության արժանացավ շատ պարզ պատճառով: Այն ժամանակ, մեր ՀՀ արտգործնախարարը մեկնել էր Հարավ-արեւելյան Ասիայում ադրբեջանական դիվանագիտության կանխող գործողություններ անելու, այդ նույն ադրբեջանցիները կարողացան հասնել իր մարդասպանի ազատ արձակմանը: Սա ինքնին շատ բան է ցույց տալիս, թե ՀՀ արտգործնախարարությունն ինչպես է աշխատում: 6 տարի աշխատում են Ադրբեջանի դիվանագետերը, արձան են դնում Մեխիկոյում, հետո ՀՀ կառավարությունը հասկանում է՝ Մեքսիկան ինչքան կարեւոր երկիր է: Որ արձան չդնեին՝ կարծես թե չէին հասկանա»:

Նա հարց ուղղեց. «ՀՀ իշխանությունն ընդունո՞ւմ է իր ձախողումը հայ-թուրքական հայտնի ֆուտբոլային դիվանագիտության ասպարեզում, ընդունո՞ւմ է, որ ի վերջո իրականացան բոլոր այն գնահատականները, որ հայ -թուրքական արձանագրություններն ի վերջո վիժեցնելու են Ցեղասպանության միջազգային ճանաչումը: Ֆուտբոլային դիվանագիտությունից ի վեր ցեղասպանությունը ճանաչել է միայն Շվեդիան: Վաղը ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ են: Չեմ հիշում ընտրութուններ, որի ժամանակ Հայոց ցեղասպանության հարցը ընդհանրապես քննարկման թեմա չդառնա: Սա ցույց է տալիս, թե ինչի հասավ ՀՀ իշխանությունը հայտնի ֆուտբոլային դիվանագիտության արդյունքում»:

Նախարարը պատասխանեց. «Սխալ եք, երբ ասում եք, որ երկրի ներսում այլ երկրներին էկզոտիկ են հայտարարում, դա պետք է արտգործնախարարությանը չհետաքրքրի, որովհետեւ փակում եք այդ երկրի հետ համագործակցության դռներն ու պատուհանները: Ոչ թե օգոստոսին էր, որ ՀՀ իշխանությունը քայլեր էր ձեռնարկում, քայլեր էր ձեռնարկում շարունակ: Այստեղ պետք չի շահարկել եւ պիտակներ կախել: Պիտակներ կարելի է կախել տարբեր բաների, շատ ավելի էֆեկտիվ կլինի դա, վստահ եմ: Ինչ վերաբերում է ֆուտբոլային դիվանագիտությանը՝ առաջին անգամ իր պատմության մեջ Հայաստանը խոսեց Թուրքիայի հետ՝ իբրեւ հավասարը հավասարի: Չկա երկիր, որն իր աջակցությունը չհայտներ՝ ՀՀ կողմից ձեռնարկված քայլերի մասին: ԱՄՆ-ն անգամ, ոչ միայն ԱՄՆ, ՌԴ-ն, Եվրամիությունը, այլ երկրներ, հայտարարեցին այն, ինչ հայտարարեցին՝ որ Հայաստանը անցել է իր ճանապարհը, Թուրքիան պետք է անցնի: Որ գնդակը գտնվում է իրենց դաշտում: Մենք պետք է մտածենք առաջին հերթին մեր երկրի շահերի մասին, ոչ թե անձնական ինչ-որ բաներ ստանալու»:

Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց՝ «Բոցաշունչ ճառ արտասանեցիք, բայց հարցերիս չպատասխանեցիք՝ ցեղասպանության հետ կապված, ԱՄՆ նախագահական ընտրությունների հետ կապված: Ձեզ թվում է՝ շահարկում բառը որ օտագործում եք, դրանից ավելի տպավորի՞չ է դառնում ձեր խոսքը: Եթե այստեղ շահարկող կա, դա դուք եք: Ես որեւէ բան չեմ շահարկում՝ ընդամենը փաստերն եմ արձանագրում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930