Այսօր 2013-ի բյուջեի քննարկման ժամանակ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանից հետաքրքրվեց՝
Սաֆարովի արտահանձնումից հետո ադրբեջանցի պաշտոնյաները չեն դադարում խոսել ռազմական հռետորաբանությամբ, վերջերս տեղի ունեցավ ձեր հանդիպումը Մամեդյարովի հետ, ինչի՞ն էր ուղղված դա: Նախարարը պատասխանեց, որ գլխավոր նպատակն այն էր, որպեսզի վերադարձվեր Ադրբեջանը կառուցողական բանակցությունների դաշտ. «Ադրբեջանը մերժում էր` բանակցային գործընթացը առաջ շարժելու եւ փաստորեն ուզում էր բանակցությունները տապալել: Սաֆարովի արտահանձնումը եւս մեկ հարված էր՝ բանակցային գործընթացին: Հայտնի է, որ Հայաստանը մի քանի օր արտահանձնումից հետո հայտարարեց, որ տրամադրված է եւ շարունակելու է բանակցությունները: Եթե որեւէ մի կողմ ցանկություն ունի տապալելու եւ բանակցությունները չշարունակելու, դա ադրբեջանական կողմն է: Դա էր պատճառը, որ եռանախագահները նախաձեռնեցին այդ հանդիպումը: Այս երկու ամսվա ընթացքում ի՞նչ է փոխվել. փոփոխություն կա: Փոփոխությունն այն է, որ միջազգային հանրությունը համապատասխան հայտնեց իր վերաբերմունքը՝ Ադրբեջանի քայլերի, կեցվածքի վերաբերյալ: Եռանախագահները նաեւ: Չկար մի երկիր, մի կառույց, որը խստորեն չարտահայտեր իր վրդովմունքը այս քայլի վերաբերյալ, դա ակնհայտ է: Եռանախագահների եւ Հայաստանի ընդհանուր ցանկությունն է շարունակելու բանակցությունները եւ պարտադրելու Ադրբեջանին՝ խաղաղ կարգավորման՝ ԼՂՀ հիմնախնդրի հարցում»:
ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը հետաքրքրվեց՝ 2013-ի բյուջեի նախագծով 436 մլն դրամ է նախատեսվում՝ Մեքսիկայում, Ինդոնեզիայում եւ Վիետնամում դեսպանություններ բացելու հետ կապված: Վերջերս քաղաքական շրջանակներում ակտիվ մեկնաբանություններ, քննադատություններ էր գնում, որ Մեքսիկա, Ինդոնեզիա, Կոնգո կատարած շրջագայության հետ կապված, այսօր առիթ է, որ լսենք Ձեր մեկնաբանությունները եւ այնտեղ դեսպանությունների բացման արդյունավետության հետ կապված Ձեր տեսակետը: Հիշեցնենք, որ այդ երկրները էկզոտիկ էր անվանել ԲՀԿ պատգամավոր Էլինար Վարդանյանը: Նախարարը պարզաբանեց. «Առնվազն կոռեկտ չէ որեւիցե երկիր էկզոտիկ կոչել: Կոնգոն մի քանի անգամ ավելի մեծ երկիր է, քան թե Հայաստանը: Ինդոնեզիան ամենամեծ իսլամական բնակչություն ունեցող երկիրն է՝ 250 մլն բնակչություն ունեցող երկրի 86 տոկոսը իսլամ է: Այնտեղ գործում է ադրբեջանական դեսպանությունը եւ գիտեք, թե ինչ հայտարարություններ էր ընդունել այդ երկրի պառլամենտը: Մեքսիկայում ամսի 22-ին էի, այնտեղ 6 տարի գործում է Ադրբեջանի դեսպանությունը: Միայն այդ օրը, երբ բացեցի իսպանալեզու թերթերը՝ 16 հոդված իսպանալեզու թերթերն էին գրել: Ադրբեջանի նախագահը ներկայացվում էր որպես դիկտատոր: Ադրբեջանը ներկայացվում էր ամենակոռումպացված երկրներից մեկը եւ ոչ ժողովրդավար: Ծիծաղի էին ենթարկում այն գրությունը, որը դրել էին արձանի տակ՝ shining example, այսինքն՝ փայլատակող օրինակ՝ ջատագով ժողովրդավարության էին գրում՝ որպես փայլատակող օրինակ՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ այլն: Դա սկանդալ առաջացրեց: Այսօր 21-րդ դարում չի կարելի սահմանափակվել քո տարածաշրջանի տեսլականով, եւ քո պատշգամբից ավելի հեռուն չտեսնել: Մենք վարում ենք բազմավեկտոր, նախաձեռնողական, ակտիվ քաղաքականություն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ