Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը Հայաստանի 2013 թվականի բյուջեի նախագծում և «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում հոկտեմբերի 31-ին առաջարկություն է ուղարկել ՀՀ Ազգային ժողովի` էլեկտրոնային հասցեներ ունեցող բոլոր 73 պատգամավորներին: Ըստ նրա՝ առաջարկի նպատակը Հանրային հեռուստաընկերությանը պետական բյուջեից լրացուցիչ 1 մլրդ դրամ հատկացնելն ու նույն հեռուստաընկերության հաղորդումները առևտրային գովազդից օրենքով ազատելն է:
Առաջարկի ընդհանուր գաղափարը Հայաստանի հանրային հեռուստաընկերության ֆինանսավորման կայունացումն է, հնարավոր ստվերային գովազդային փողերի շրջանառության կրճատումը գովազդային շուկայից, հանրային նշանակության եթերաժամանակի ավելացումը Հանրային հեռուստաընկերության եթերում: Պարոն Բարսեղյանը պատգամավորներին ուղարկված առաջարկությունների փաթեթում հստակ ներկայացնում է, թե ինչ մեխանիզմներով պետք է Հանրայինին տրամադրվի նշված գումարը:
Aravot.am-ը տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող գործիչների հետ զրույցում քննարկեց նշված առաջարկի իրագործելիության և արդյունավետության աստիճանը: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այս կապակցությամբ ասաց. «Այդ առաջարկը մեր նախընտրական կարևորագույն դրույթներից մեկն է: Մենք առաջարկում էինք վերացնել գովազդը Հանրայինի եթերում և հիմնական շեշտադրումը դնել հանրային ծառայությունների վրա և պետբյուջեով կատարել համապատասխան հատկացում: Լ. Բարսեղյանն իր առաջարկը հիմնավորում է նաև թվային տվյալներով, ինչը կարծում եմ՝ օգտակար է: Այս բյուջեի պարագայում, սակայն, առաջարկը իրատեսական չեմ համարում, քանի որ բյուջեն կառուցված է իներցիայի սկզբունքով, ոչ թե հիմնարար փոփոխություններ անելու ցանկությունների մոտեցումներով»:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանն այլ կարծիքի է. «Կարծում եմ, որ դա իրատեսական չէ, քանի որ մեր բյուջեն անսահմանափակ չէ, և ես չեմ տեսնում, թե որտեղից կարող ենք այդ գումարները տրամադրել: Ճիշտ է, գովազդի հետ կապված խնդիրներ կան, բայց ես չեմ կարծում, որ դրանք այն չափի են, որ պետք է այսպես հեղափոխական ձևով հարցերը լուծել: Իհարկե, շատ լավ կլիներ, որ բյուջեով տրամադրվեին այդ գումարները, բայց իրատեսական չեմ համարում, քանի որ հասկանում եմ, որ դա բավականին մեծ գումար է: Կոնկրետ Հանրային հեռուստատեսության գովազդային խնդիրների հետ կապված գիտեմ, որ այդ կազմակերպությունը առանձին կազմակերպություն է, որ զբաղվում է գովազդով և Հանրայինի կազմում չէ, և եթե ինչ- որ խնդիրներ լինեն, պետք է ստուգվի և փաստերով արձանագրվեն, ոչ թե խոսքերով»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ