Այսօր Գյումրու ՀԱԿ համակարգող , թիվ 35 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված Մուրադ Գրիգորյանը մամուլի ասուլիս էր հրավիրել` ներկայացնելու իր խորհրդարան մտնելու նպատակն ու ընտրակաշառքի դեմ պայքարելու մեխանիզմները:
Հիշեցնենք, որ թիվ 35 ընտրատարածքը, որն ընդգրկում է Գյումրու մի հատվածն ու Ախուրյանի տարածաշրջանի բոլոր գյուղերը, առանց պատգամավորի մնացին ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի Գյումրու քաղաքապետ դառնալուն պես: Այժմ այստեղ իրենց թեկնածությունն են առաջադրել «Շիրակ » ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արման Սահակյանն ու ՀԱԿ համակարգող Մուրադ Գրիգորյանը, և երեկվանից քարոզարշավն արդեն մեկնարկել է:
Այս թեկնածուները ԱԺ հերթական ընտրությունների ժամանակ դարձյալ իրենց թեկնածությունն էին առաջադրել Գյումրին ընդգրկող թիվ 34 ընտրատարածքում, սակայն պարտվեցին ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանին:
Այսօր լրագրողները ՀԱԿ համակարգողից հետաքրքրվեցին, թե հանդիպե՞լ է արդյոք այդ ընտրատարածքի նախկին պատգամավորի` Սամվել Բալասանյանի հետ, որի խոսքը վճռորոշ կարող է լինել ընտրազանգվածի համար, և ինչպե ՞ս է պայքարելու Հանրապետական կուսակցության թեկնածու, միլիարդատեր Արման Սահակյանի հետ, ով ՀՀ նախագահի փեսայի` Միքայել Մինասյանի մոտ ընկերն է, և չի բացառվում, որ վարչական լծակները ի օգուտ նրան օգտագործվեն: «Միքայել Մինասյանն ո՞վ է, որ ասում են Միշիկ, նա՞ է: Գյումրի քաղաքը ձեր հիշատակած Միքայել Մինասյանի ու մյուս անուն- ազգանունների համար, կներեք արտահայտությանս, բոստան չէ, որ այստեղ փորձարկեն, յուրայիններ բերեն, փորձեն խցկեն, փորձեն իշխանության հասանելիք մասնիկը վերցնել, խլել, դա ինձ չի մտահոգում բացարձակապես: Իսկ քաղաքապետ Բալասանյանի հետ չեմ հանդիպել, չեմ էլ հանդիպելու , դրա անհրաժեշտությունն ու կարիքը չունենք: Գիտեմ, որ իշխանական ուղղահայացը վերից վար ստանալու է հանձնարարականներ՝ ապահովելու Միքայել Մինասյանի չխայտառակվելը, բայց մենք ամեն ինչ անելու ենք, Գյումրին Միքայել Մինասյանի ամառանոցը չէ, ռանչոն չէ, Գյումրին իր պատվախնդրությամբ, քաղաքական ակտիվությամբ ուրույն տեղ ունի Հայաստանի քաղաքական դաշտում, և ժամանակն է, որ ընտրություններով իր հավաքական կամքը զգացնել տա», -ասաց թեկնածուն:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ