Լրահոս
Օրվա լրահոսը

Լալա Մնացականյան. Դարեր շարունակ մենք եղել ենք Ռուսաստանի ոչ թե «պուճուր եղբայրը», այլ «պուճուր ծառան»

Նոյեմբեր 05,2012 16:33

 «Քաղաքակիրթ երկրում մարդիկ անգամ չգիտեն, թե ով է իրենց նախագահը, եւ դա նորմալ է, որովհետեւ լինել վարչապետ կամ նախագահ` նշանակում է գնալ աշխատանքի: Դա ընդամենը աշխատանք է, որ մենք վստահում ենք այսինչ մարդուն: Իսկ մեր պարագայում չի կարելի քաղաքացիներին ներքաշել յուրաքանչյուր քաղաքական դրվագի մեջ: Ստացվում է այնպես, որ ես իմ թատրոնն ու կինոն թողած` պետք է զբաղվեմ «ով կլինի», «ինչու կլինի» եւ «ինչքան կլինի» հարցերով: Մեզ լուրջ չեն վերաբերվում, որովհետեւ մենք ինքներս մեզ լուրջ չենք մոտենում: Ռուսաստանում կատարվածի «պուճուր մոդելը» մեզ մոտ է արվում: Դարեր շարունակ մենք եղել ենք Ռուսաստանի ոչ թե «պուճուր եղբայրը», այլ «պուճուր ծառան»: Ռուսաստանի քայլերը վատ օրինակներով մենք ենք կրկնում, մինչդեռ այդ երկրի շռայլությունները չենք կարող մեզ թույլ տալ»,-այսօր «Ելակետ» ակումբում ասաց ՀՀ վաստակավոր արտիստուհի Լալա Մնացականյանը:

Նա նշեց, որ քաղաքականությունից չի հասկանում. «Բայց Սաակաշվիլին ասաց, որ ընդունում է մեծամասնության որոշումը, եւ այդ խելացի քայլից հետո ժողովուրդը կշրջվի նրա կողմը: Իսկ մեր պարագայում մեկն ասում է, որ լավն է, նույնն ասում է նաեւ մյուսը, եւ արդյունքում լավ բան չի անում ոչ մեկը»:

Դերասանուհին ասաց, որ անհույս ռոմանտիկ է. «Միշտ հուսով եմ, որ այն երկիրը, որին սիրում են անտանելի խանդով, մի օր կունենա այնպիսի նախագահ, ով առաջին հերթին կպաշտպանի իր ստեղծած օրենքի տառը: Դա կնշանակի, որ մենք ապրում ենք իրավական երկրում, ոչ թե վախի մթնոլորտում, մինչդեռ ընտրում ենք նրան, ումից ամենաշատն ենք վախենում: Իսկ վախեցած մարդիկ կամ մեռնում են վշտից, կամ փախչում երկրից»: Տիկին Մնացականյանը հավելեց, որ դեռեւս նախապատվություն չի տալիս որեւէ թեկնածուի. «Չկա այն ուժը, որին ես հավատամ»:

ՀՀ վաստակավոր արտիստուհու խոսքով. «Մենք մոռանում ենք, որ լավ հատկանիշներով հանդերձ` Սովետական Միությունը փտած երկիր էր: Մենք ստի, կեղծիքի եւ վախի մթնոլորտում մեծացած սերունդ ենք, հետեւաբար` կամ նոր սերունդ պետք է դաստիարակենք, ինչը չենք անում, կամ հայրենիքի համար ապրող սերունդ կրթենք: Միայն արժանապատիվ քաղաքացին կարող է արժանապատիվ երկիր կառուցել: Մարդիկ տարիներով են դաստիրակում վարչապետ կամ նախագահ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930