Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծահարուստ տուժողները դժվարանում էին հափշտակվածի չափը հիշել

Նոյեմբեր 05,2012 16:14

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց անցյալ տարվա սեպտեմբերի 23-ին «վնասազերծված» մի շարք ավազակային հարձակումների մեջ մեղադրվողներ Արտուշ Հակոբյանի, Քյարամ Ամոյանի, Արման Դալլաքյանի, Դավիթ Գալստյանի, Սամվել Դավթյանի, Արթուր Մանուկյանի դեմ հարուցված քրեական գործով դատաքննությունը:

Այսօր ցուցմունքներ տվեցին տուժողները:

«Լինսի» հիմնադրամի ԾԻԳ-ի տնօրեն Էդուարդ Բեզոյանի կինը՝ Սենիկ Սողոյանը, նկարագրեց անցյալ տարվա լույս հունիսի 1-ի գիշերը: Նա հայտնեց, որ այդ օրը հեռուստացույցն անջատել եւ քնել է գիշերվա ժ. 4-ի սահմաններում: Սեփական տունը գտնվում էր Ավան թաղամասում: 1-ին հարկում այդ օրը գտնվել է անկողնային հիվանդ մայրը, նրան այդ օրը խնամող եղբոր աղջիկը: 3-րդ հարկի ննջասենյակներից մեկում ինքն ու ամուսինն էին, իսկ մյուս ննջասենյակում տղան, հարսը, երեք երեխաները:

Տուժողի նկարագրածով հանկարծ լսում է ամուսնու ձայնը: Ննջասենյակում խավար էր, նկատում է երկու հոգու, որոնցից մեկն անմիջապես բերանն է փակում: Դեռ չէր հասցրել հարցնել՝ ինչ եք ուզում, մեկն ասում է .«հիմա կիմանաք»: Տուժողի հիշողության մեջ տպավորվել էր խռպոտ ձայնով մեկը, եւ ռուսերեն-վրացերենով իրենից գումար, ոսկի պահանջող մեկի ձայնը:

Նա հայտնեց, որ իր ամուսնուն ընկած տեղն էլ էին խփել, ասելով. «արդար ես՞, արդար…»: Ըստ տուժողի՝ վրեժի, նեղացած մարդու ձայն էր:

Սենիկ Սողոյանը կապկպված վիճակով հասկացնում է՝ վրան բան գցել:

Նա նաեւ հայտնեց, որ դիմակավորված էին, սեւ հագուստով եւ որ ամուսինն անգամ փորձել է նրանցից մեկի դիմակը հանել:

Տան միջանցքում դրված չհրկիզվող պահարանը չեն կարողացել բացել, եւ այն տեղափոխել են իր ամուսնու մեքենայով: Դատավորի հարցին, թե ինչքան գումար կար, տիկինը չհիշեց, ասաց, որ գումար չի եղել, մինչդեռ, նրանից հետո ցուցմունք տված եղբոր աղջիկը հայտնեց, որ ներընտանեկան խոսակցություններից լսել է, որ բացի ոսկեղենից, եղել է 20-25 հազար դոլար գումար:

Նա չհիշեց, թե չհրկիզվող պահարանում, ուր պահվել էր աղջկա, իրենց ոսկեղենը, ինչ գումարի, ինչ ոսկեղեն էր: Երբ ասաց իրեն ի պահ տրված աղջկա ոսկեղենի մասին, հայտնեց, թե այն շուկայականով մինչեւ 90 000 դոլարի էր, մինչդեռ դուստրը՝ Լիլիթ Բեզոյանն այն գնահատեց մինչեւ 180 000 դոլարի:

Այս տուժողը հայտնեց, որ իրեն տարել են «նախարարություն» եւ ինքը ձայներ է լսել. խռպոտի ձայնն էլ եղել է հանգուցյալ Գուրգենինը, որին չի ճանաչել եւ իրենց տան մեջ նա խոսել է նաեւ ուտելով:

Տուժող Մանե Սողոյանն էլ ասաց, որ այդ գիշեր գտնվել է հորաքրոջ տանը:

Արթնացել է ձայներից: Իրենց առաջին հարկում խավարի մեջ տեսնում է երկու ուրվագիծ, իսկ մեջքի կողմից ինչ-որ մեկը փակում է բերանը, ոտքերը, ձեռքերը:

«Քեզ հանգիստ պահի, քեզ չենք վնասի», ասում է ինչ-որ մեկը:

Նրա տպավորությամբ՝ ինչ-որ մեկի ձայնից զգում էր, որ կեղծում է:

Այս տուժողը դատական նիստերի դահլիճում լսել էր ամբաստանյալ Արթուր Մանուկյանի ձայնը, որը տպավորվել էր նաեւ դեպքի օրվա հետ կապված: Մինչդեռ ամբաստանյալն ասաց, որ ինքը դեպքի օրը Ռուսաստանում է եղել եւ չէր կարող մասնակցել ավազակային հարձակմանը:

Տուժող Զարուհի Ղազազյանի ամուսինը եղել է «Ոսկու շուկայի» ադամանդների որակավորող:

Նրանց առանձնատուն էլ դիմակավորված մտել են անցյալ տարվա մայիսի 17-ի լույս 18-ին: «Երբ աչքերս բացեցի, տեսա դիմակավորված 2 անձի, ասացին՝ 6-րդ վարչությունից ենք, սուս մնացեք», պատմեց տուժողը:Կապկպում են իրեն, «ռուսերեն-չեչեներենով, տհաճ ռուսերենով» պահանջում են գումար, ոսկեղեն: Հետո նաեւ սպառնում սպանել երեխաներին, եթե գումարի տեղը չասեն:

Ի դեպ, տուժողն ասաց, որ ինսուլտ տարած ամուսինը դեպքից հետո տառապում է շաքարախտով, իսկ 11- ամյա դուստրը վախենում է տնից միայնակ դուրս գալ, եւ դեպրեսիայի մեջ է դեռ:

«Ձայնային» տպավորությունն այսպիսին էր .«ռադիոյի ձայն էր գալիս…միկրոֆոնի…լավ չեմ ջոկել»:

Հափշտակվածից որեւէ իր մինչ օրս չի հայտնաբերվել:

Այս տուժողի բնակարանից էլ գողացվել էր 24 մլն դրամի պատվիրված ապրանք, 31 հազար դոլար գումար, եւ երբ ամուսինն ընկած է եղել հատակին, անգամ նրա գրպանի 50 000 դրամ գումարը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930