«Հայաստանում ձեւավորվել է իշխանական բուրգ, որտեղ պաշտոններ են ստանում Գալուստ Սահակյանի նմանների որդիները, միլիարդատեր են դառնում Ռոբերտ Քոչարյանի տղաները, իսկ քաղաքապետ կարող է դառնալ մի երիտասարդ՝ Տարոն Մարգարյան կոչեցյալը, որի միակ արժանիքը Անդրանիկ Մարգարյանի որդին լինելն է»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասուլիսի ժամանակ դժգոհեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:
ՀՀԿ-ականների այն հայտարարությունները, որ առաջիկա նախագահական ընտրություններում քաղաքական մյուս ուժերը մրցելու են 2-րդ տեղի համար, պարոն Մակեյանին հուշում են, որ ոչինչ չի փոխվելու. «Սա ցույց է տալիս, որ ականատես ենք լինելու նույն ընտրություններին, որը տեսել ենք վերջին տասնամյակում: Այսինքն՝ ընտրության իմիտացիայի քողի տակ վերարտադրվելու է վարչախումբը: Հետաքրքիր լուրջ զարգացումներ են սպասվում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ