Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբերի 17-ին կանցկացվի աշնանային ծառատունկ

Նոյեմբեր 05,2012 15:27

Նոյեմբերի 17-ը հայտարարվել է աշնանային ծառատունկի օր: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ծառատունկին ապահովել ոչ միայն քաղաքապետարանի ենթակայության կառույցների, այլև բոլոր շահագրգիռ կազմակերպությունների մասնակցությունը:

Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է չորացած և վնասված ծառերի ու թփերի սանիտարական էտումն ու ձևավորումը:  Առաջարկվել է էտման աշխատանքներ կազմակերպել նաև մայրաքաղաքի ճանապարհային երթևեկության այն հատվածներում, որտեղ ծառերի ճյուղերը խոչընդոտում են լուսացույցերի բնականոն աշխատանքին:

Մանկապարտեզներում շարունակում են ստուգայցերը  մատակարարվող սննդի որակի ապահովման ուղղությամբ: Հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ 65 մանկապարտեզներում իրականացված ստուգայցի արդյունքում հայտնաբերված թերություններով և խախտումներով պայմանավորված 3 տնօրեն ազատվել է աշխատանքից, ևս 4-ը ենթարկվել են կարգապահական տույժի: Զեկուցվել է նաև, որ հետևողական աշխատանքի շնորհիվ վերջին մեկ տարում դրական տեղաշարժ է արձանագրվել սննդի պատշաճ որակի ապահովման, սանիտարական նորմերի պահպանման, ինչպես նաև ընդհանուր սպասարկման մասով:

Մայրաքաղաքի չջեռուցվող և մասնակի ջեռուցվող դպրոցներում ջեռուցում ապահովելու նպատակով տարվող աշխատանքներին զուգընթաց Տարոն Մարգարյանը հանձնարարել է ավարտին հասցնել փաստաթղթային ձևակերպումները, որպեսզի ջեռուցման սեզոնին դպրոցները լիարժեք պատրաստ լինեն համակարգերի շահագործմանը:

Երևան քաղաքի տարածքում գտնվող կառուցապատման ենթակա տարածքների կառուցապատողների կողմից դադարեցված շինաշխատանքները շարունակելու նպատակով ձեռնարկված միջոցների հետ կապված` իրաբավանական վարչության պետը զեկուցել է, որ համապատասխան կազմակերպություններին ծանուցումներ են ուղարկվելու` առավելագույնը մեկամսյա ժամկետում քաղաքաշինական նոր հայտ ներկայացնելու համար, հակառակ դեպքում դատական կարգով կդադարեցվեն դրանց հողի նկատմամբ իրավունքները:

Մայրաքաղաքում շարունակվում են փոսալցման, փոսանորոգման և ճաքալցման աշխատանքները: Շարունակվում է հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ ամենօրյա հսկողությունն ու Երևանի ներքաղաքային ավտոբուսային և  միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը:

Գույքագրվում, թարմացվում և փոխվում են մայրաքաղաքում առկա ճանապարհային երթևեկության վնասված նշանները: Հանձնարարվել է գույքագրել կահավորման կարիք ունեցող կանգառասրահները` այդ աշխատանքները հաջորդ  տարվա ծրագրերում նախատեսելու համար:

Երևանի ավագանու նիստում բարձրացված հարցի հետ կապված` քաղաքապետը հանձնարարել է ապահովել մայրաքաղաքի առանձին փողոցների ճանապարհային նշանների համապատասխանությունը տվյալ փողոցներում տեղադրված արձանագրման տեսախցիկների և  արագաչափերի աշխատանքների հետ:

«Երևանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՊՓԲԸ տնօրենը զեկուցել է, որ էլեկտրոնային չվացուցակների համակարգի փորձարկման նպատակով ավտոբուսային 2 երթուղիներ  կահավորվում են GPS համակարգով: Շարունակվում են աշխատանքները մայրաքաղաքի գրադարանները WiFi համակարգերով ապահովելու ուղղությամբ:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ուսումնասիրել Երևանի առավել մարդաշատ վայրերը և ներկայացնել համապատասխան առաջարկություններ WiFi  ծածկույթի ընդլայնման նպատակով:

Անդրադառնալով ավտոկայանատեղերի համար ապօրինի գումարների գանձման դեպքերի բացառմանը` հանձնարարվել է առավել հետևողական լինել և շարունակել ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել գործընթացը:

Ձմռան նախապատրաստական աշխատանքների հետ կապված` կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ կարգաբերվում են մեքենամեխանիզմները, աշխատանքներ են տարվում նաև աղի և ավազի քանակի պահեստավորման ուղղությամբ: Հանձնարարվել է զուգահեռ ուսումնասիրություն իրականացնել բազմաբնակարան շենքերի կոմունալ պայմանների, ինչպես նաև ենթակառուցվածքների հետ կապված:

Նախապատրաստական աշխատանքներ են տարվում նաև մայրաքաղաքի ամանորյա տոնական տեսքի ձևավորման ուղղությամբ: Կսահմանվեն անվանակարգեր լավագույն ձևավորում իրականացրած կառույցների և հասարակական օբյեկտների համար:

Անդրադառնալով թափառող կենդանիների վնասազերծման ընթացիկ աշխատանքներին` հանձնարարվել է առաջիկայում այդ աշխատանքների իրականացման համար հայտարարվող մրցույթում ներգրավել  նաև հասարակական կազմակերպություններին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930