Վերջին օրերին ՀՀ. նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է տարբեր պատմամշակութային պեղվող տարածքներ: ՀՀ. Գիտության ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Պավել Ավետիսյանի խոսքով, երկրի ղեկավարը ցանկանում էր ծանոթանալ պեղվող հուշարձաններին եւ տեսնել, թե ինչ խնդիրներ ունեն իրենք: Նա ասաց, որ Սերժ Սարգսյանը տեղյակ էր իրենց գործունեությունից:
Գնահատելով պեղումների արդյուքները՝ Ավետիսյանը նշեց, որ իրենք հասել են համաշխարհային մասշտաբների, նշեց նաեւ, որ վերջին տարիներին լայնածավալ պեղումներ են տարվում Արցախում եւ Արտաշատում: Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրենի համար ամենատպավորիչը Արենիի քարայրում հայտնաբերված մաշիկն էր: Նրա խոսքով, ամեն նոր բան իր հետ բերում է խնդիր: Առաջացած խնդիրները ներկայացվել են երկրի ղեկավարին: Նա էլ իր հերթին խոստացել է` լուծել դրանք:
Պավել Ավետիսյանի համոզմամբ, Հայաստանը անչափ շատ հուշարձաններ ունի: Կարծում է, որ մարդը իր գործունեությամբ, իմանալով կամ չիմանալով, կարող է վնասել դրանց, սակայն ասում է` նախկին վիճակը չէ: Նա լուրջ առաջընթաց է նկատել հուշարձանների պահպանության ոլորտում: Համեմատելով մյուս երկրների հետ, բանախոսը հայտնեց, որ ոչ մի երկրում հուշարձանը չի պահպանվում ինչ որ կազմակերպության կողմից, քանի որ դրանով զբաղվում է հասարակությունը: Ավետիսյանի խոսքով, այս պահին ամենավտանգված հուշարձանները Հյուսիս-հարավ ճանապարհին են. ճանապարհը լայնացվում է, եւ ճամփեզրին կան հուշարձաններ: Ավետիսյանի խոսքով, Մշակույթի նախարարությունը հետեւում է այդ խնդրին:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ