Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սոցիալական աշխատող ունենք, նվազագույն չափանիշներ չունենք

Նոյեմբեր 05,2012 14:32

 

Մեր երկրում սոցիալական բարեփոխումները հաջողություն չեն ունենա, եթե սոցիալական աշխատողի ինստիտուտը չզարգանա: Այսօր Մոսկվայի տանը տեղի ունեցած համաժողովի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը:

Տիկին Անտոնյանը սոցիալական ոլորտի պատասխանատուներին հորդորեց պետական աջակցություն ցուցաբերել սոցիալական աշխատողին, որպեսզի նա օրենքով պաշտպանված լինի:

Համաժողովին ներկա աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին եւ ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանին էլ կոչ արեց նվազագույն չափանիշներ սահմանել, որոնք կհստակեցնեն, թե ով եւ ինչպես կարող է գրագետ աշխատել մարդկանց հետ:

Սոցիալական ծառայությունը ընտանիքներին մոտեցնելու նպատակն այն է, որպեսզի կարիքավոր մարդիկ չհայտնվեն խնամքի հաստատություններում եւ աջակցություն ստանան հենց իրենց տանը: Այսինքն, ըստ տիկին Անտոնյանի, սոցաշխատողը պետք է հայտնաբերի վատ իրավիճակում հայտնված մարդուն, պարզի այդ պայմաններում հայտնվելու սկզբնապատճառը, որպեսզի կարողանան նրա խնդիրներին լուծում տալ: Խնամքի հաստատությունում գտնվող 126 երեխա սոցաշխատողների աջակցությամբ արդեն վերադարձել է ընտանիք:
Ներկայումս մեր երկրում գործում է սոցիալական ծառայություն մատուցող 35 ընկերություն, սակայն, ըստ տիկին Անտոնյանի, մարդիկ շատ հաճախ չգիտեն, որ նման ծառայություններ կան: Այսօր նույն վայրում կազմակերպվել էր նաեւ սոցիալական ծառայությունների ցուցահանդես:

ԵՊՀ-ում սոցիալական աշխատանք կրթական ծրագիր է գործում, որտեղ մասնագիտանում են սոցիալական աշխատողներ: Սակայն պրակտիկ դաշտում նրանք չեն կարողանում լիարժեք գործել` անհրաժեշտ չափանիշների բացակայության պատճառով:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930