Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյանը ԲՀԿ-ին մարտի 1-ի մեղավոր այլեւս չի՞ համարում

Նոյեմբեր 05,2012 14:28

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր վերահաստատեց, որ դեռ օգոստոսին ՀԱԿ-ը  ԲՀԿ-ի հետ համագործակցելու  որոշում է ընդունել: Առաջիկա նախագահական ընտրություններում կսատարե՞ն ԲՀԿ թեկնածուին, պարոն Մանուկյանն այդպես էլ չհստակեցրեց:  «Որոշումը եղել է ու գործունեության մեջ է: Այդ ֆորմատը համարում եմ աշխատող… Որեւէ կոմպլեքս չունեմ, քաղաքական բոլոր ուժերի հետ համագործակցելու: Թեկնածուն ածանցյալն է: Մենք ունենք հզոր թեկնածու՝   բոլոր մարտահրավերների դեմ առնելու, թեկնածուի դեֆիցիտ չունենք: Յուրաքանչյուր կուսակցություն կանի իր առաջարկները,  հետո քննարկումների դաշտում կտեսնենք, ինչպես կստացվի»,- այսօր «Հայացք» ակումբում ասաց պարոն Մանուկյանը:

Հարցին, թե ինչպե՞ս է ՀԱԿ-ը համագործակցում ԲՀԿ-ի հետ, որին  2008-ի մարտի 1-ի կազմակերպման մեղավորներից էր համարում, պարոն Մանուկյանը պատասխանեց.«Ես գնահատում եմ ԲՀԿ-ի ինքնուրույն որոշումները՝ կոալիցիայից դուրս գալու եւ Սերժ Սարգսյանի դեմ պայքարելու գործում: Ձեր ասած մեղադրանքը կարող է լինել նաեւ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-նկատմամբ: Ես ընդունում եմ նրանց դիրքորոշումը հակաիշխանական կոալիցիա ձեւավորելու համար, եթե ԲՀԿ-ն ունի որոշակի ձայներ եւ հայտարարում է հակաիշխանական կոալիցիա, ես ողջունում եմ: Նույն վերաբերմունքն ունեմ այլ քաղաքական ուժերի հետ, որոնք գտնում են, որ Հայաստանում կա սպառման, մսխման,  վերացման վտանգ եւ ուզում են այս խնդիրը լուծել, դուրս գալ Սերժ Սարգսյանի դեմ, ես ողջունում եմ: Այսօր ԲՀԿ-ն ունի 36 մանդատ Աժ-ում, երբ ուզում եմ մարտի 1-ի բանաձեւն անցկացնեմ ու նրանք կողմ են քվեարկում, ես դա համարում եմ համագործակցություն: ԵԹԵ ՀՀԿ-ից որեւէ քաղաքական ուժ դուրս կգա իշխանափոխության պլատֆորմ եւ Սերժ Սարգսյանի հեռացման հարց կդնի, ես դա կհամարեմ նորմալ երեւույթ»:

Հարցին, թե ո՞ր քաղաքական ուժն էր  կանգնած մարտի 1-ի կազմակերպման հետեւում, պարոն Մանուկյանը չհստակեցրեց.«Ռոբերտ Քոչարյանի խելահեղության արդյունքն էր, Քոչարյանի հրահանգով է եղել եւ նրան աջակցող  ուժերը: Այնտեղ քաղաքական ուժ աշխատու՞մ էր, ի՞նչ քաղաքական ուժ, լավ էլի»: Նա բացատրեց, որ ավելորդ շտապողականությունից խուսափելու ու քաղաքական դաշտն ուսումնասիրելու պատճառով է , որ ՀԱԿ-ը դեռ չի հայտարարում իր թեկնածուին.«Շուտ հայտարարելը պետք է, չէ մի հատ նայեք, ովքեր են հայտարարել, ամենաթույլերը»:

Պարոն Մանուկյանը քննադատեց  կոռուպցիայի դեմ պայքարի կառավարության  մեթոդները.«Այս պայքարի  հռչակումը ծաղր է,  ձեռ առնելիք  քաղաքացու նկատմամբ:  20 տարի առաջ  Հայաստանը եղել է  75-րդ տեղը կոռուպցիոն երկրների շարքում, այս իշխանությունների համառ ջանքերով հիմա հասել ենք 129-րդ տեղ. 50 կետով ՀՀ կոռուպցիան աճել է: Կոռուպցիան ամեն տեղ  է, բոլոր համակարգերում : Իշխանություններին թվում է ՝ եվրոպացիներին ֆռռացնում են, իբր թե Հայաստանում այդպիսի գործընթաց կա, ոչ մեկը չի հավատում»:

 

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930