Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կարեն Անդրեասյանը բարկացած է. նա վստահեցնում է, որ էլ դռնեդուռ չի ընկնի, փող չի խնդրի

Նոյեմբեր 05,2012 13:24

«Մեր կյանքում որեւէ ավելացում տեղի չի ունեցել: Հաշվի առնելով, թե ինչ էինք մենք  խնդրել, չգիտեմ… այնպես ստացվեց, որ ինչ-որ տարօրինակ հաստիքներ էինք մենք խնդրել: Օրենքով կա՝ աուդիտոր է պետք: Իրականում ուզել էինք մի բան, որի համար մեր պետությունը ստորագրել է պարտավորություն, որ պետք է անի: Խոշտանգումների դեմ կոնվենցիայի անդամ երկիր ենք մենք: ՄԻՊ-ի վրա օրենքով դրված է ազգային կանխարգելման մեխանիզմներ»,- այսօր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը 2013-ի բյուջեի նախագծով ՄԻՊ-ի ֆինանսավորումը ներկայացնելու ժամանակ խիստ բորբոքված այսպիսի ելույթ ունեցավ:

Անցյալ տարվա բյուջեի համեմատությամբ այս տարվա նախագծով ՄԻՊ-ի ֆինանսավորումն ավելացել է ընդամնեը 3 մլն դրամով՝ 176 մլն դրամ է կազմել: Նա պահանջեց, խնդրեց, որ իրենց տան գոնե լրացուցիչ 11 մլն 817 հազար 300 դրամ: Իրենց  կամավորներն արդեն հրաժարվում են բարեգործական հիմունքներով աշխատել պետության համար: Կարեն Անդրեասյանը պաշտոնապես հայտարարեց՝ «2013-ը կլինի վերջին տարին գոնե իմ պաշտոնավարման ժամանակ, որ մենք կփորձենք մեր օրենսդրական եւ Սահմանադրական պարտականությունները կատարել օտարերկրյա կազմակերպությունների դրամաշնորհներով, նրանց խնդրելով, դռնեդոռ գնալով»:

‘ԵՄ-ից դեռեւս ՄԻՊ-ը ունի  դրամաշնորհ, որով արագ արձագանքման ծառայությունն է կատարում: Պետությունը անգամ տարածք չի տրամադրել, որ ՄԻՊ-ը մարզերում գրասենյակ ունենա, դրանց համար վարձ են տալիս՝ դրամաշնորհից. «Այսօր ՄԻՊ-ը ֆինանսավորվում է իր մինիմալ պահանջների 50 տոկոսով, ինչը հարված է ե՛ւ իմ անկախությանը, եւ իմ համագործակցությանը միջազգային հարաբերություններում: Դա ճիշտ մոտեցում չէ, կան փարիզյան սկզբունքներ: Մեր մաշվածությունը` ե’ւ համակարգիչների, ե’ւ գրասենյակի, հասել է բարձրակետի: Մենք հիմա պետք է այդ համակարգիչները դուրս գրեինք, բայց եւս մի տարի աշխատելու ենք: Մյուս տարի մենք ուղղակի չենք ունենա համակարգիչ, եթե մյուս տարի որեւէ պետական մարմին մեզանից դիմում ուզեն, մենք ստիպված ենք թղթի վրա մատիտով գրել ու ուղարկել»: ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը հակադարձեց. «Շատ էմոցիոնալ ելույթ եք ունենում: Պետական բյուջեից ամեն հատկացվող դրամը պետք է ծախսվի արդյունավետ»: Կարեն Անդրեասյանը մանրամասն ներկայացրեց, թե ինչի  համար են պահանջում ավելացնել այդ գումարը. «Ազգային կանխարգելmան մեխանիզմի պարտավորությամբ ՀՀ բոլոր փակ հաստատություններում պարտավոր ենք անել մոնիտորինգ, ոստիկանության բաժանմունքներում, զորամասերում, ազատազրկման վայերում կարողանանք կանխարգելել բռնությունն ու խոշտանգումը: Այս պարտավորությունը անելու համար մեզ պետք է նվազագույնը 5-6 մարդ, որ տարվա ընթացքում իրականացնի 350 այցելություն: Նրանց անհրաժեշտ է վառելիք, օրապահիկ: Դրսից ստացել ենք մեքենաներ, դրսի այդ մեքենաները կարողանում ենք ընդամենը լիցքավորել, ընթացիկ նորոգում էինք խնդրել սարքավորումների համար՝ 600 հազար դրամի չափով»: Թեժ եւ լարված իրավիճակը հարթեց ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը՝ նշելով, որ մարդը ուզում է լավ աշխատել՝ գումար է ուզում, նորմալ է:

Անկուսակցական Էդմոն Մարուքյանի հարցին՝ եթե չստանաք այդ 11 մլն-ը, կարո՞ղ է բաց թողնեք որեւէ քեակատարողական հիմնարկ, բանտ, հոգեբուժարան, դրանք դուրս մնան, Կարեն Անդրեասյանը պատասխանեց. «Այո՛, դա մի ծանր բեռ է, ես չեմ խնդրել, որ այդ գործառույթը դրվի մեզ վրա: Դա վատ կամ լավ անելուց է կախված, թե ինչպիսի գնահատական է ստանում Հայաստանի օմբուդսմենը՝ մյուս երկրների ՄԻՊ-երի համեմատ: Եթե չեն տալու, թող մեզնից վերցնեն այդ գործառույթը, որովհետեւ միջազգային մարմինները գալու են վաղը, որ տեսնեն ինչպես է դա արվում»: Էդմոն Մարուքյանի խոսքերով ՝«Եթե տանք՝ 5-6 տարի հետո Եվրոդատարանում ավելի քիչ գործերով կպարտվենք: Ես ամբողջությամբ աջակցում եմ ձեր հայտը»: «Ազատ դեմոկրատների» անդամ Ալեքսանդր Արզումանյանը նույնպես սատարեց ՄԻՊ-ին՝ «Սա կարեւոագույն ոլորտներից է, առանց դա ապահովելու չենք կարող նույնիսկ երազել Եվրոպային ինտեգրվելու մասին: Պաշտպանում եմ այդ 11 մլն-ը երաշխավորելու համար»: Հանձնաժողովի նախագահ ԲՀԿ պատգամավոր Էլինար Վարդանյանը նույնպես հայտնեց իր աջակցությունը: Կառավարության ներկայացուցիչ Պավել Սաֆարյանը խոստացավ ֆինանսավորումը վերանայել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930