Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյանը վստահեցնում է, որ գիտության ֆինանսավորման համար պայքարում քաղաքական ապահարզանը կապ չունի

Նոյեմբեր 05,2012 09:58

Նախորդ գումարման ԱԺ-ում գիտության ֆինանսավորման, գիտության ոլորտի խնդիրների լուծման համար ամենաշատ պայքարողներից է եղել «Ժառանգություն» խմբակցությունը: Հիմա, երբ «Ժառանգությունում» լուրջ խնդիրներ կան քաղաքական ապահարզանի հետ կապված՝ հարց է առաջանում՝ շարունակելո՞ւ է խմբակցությունը պայքարել այդ ոլորտի համար նույն ռիթմով եւ չի՞ պատրաստվում պահանջել կառավարությունից բարձրացնել գիտաշխատողների աշխատավարձը:

Aravot.am-ի հետ զրույցում այս առնչությամբ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Ես կուզենայի, որ դուք դատեք մեր աշխատանքի արդյունքներով: Ես կարծում եմ՝ այս ընթացքում նաեւ այս ոլորտի հետ կապված պետք է որ նկատելի չլինի, որ ինչ-որ նահանջ կա: «ժառանգության» խնդիրները կապ չունեն: Առաջարկությունները, որոնք կարվեն առաջիկայում, վերցրել ենք այն առաջարկությունները, որոնք նախորդ տարվա բյուջեի ընթացքում է եղել, եւ դրան ավելացրել ենք այն, ինչ պետք է ավելացնեինք: Այնպես որ, նույն ոլորտներում ինչ եղել են ակտիվ քննարկումներ, շարունակվելու են նաեւ հիմա: Մենք չենք նահանջելու»:

Մեր հարցին՝ զավեշտալի եւ նոնսե՞նս չէ՝, որ  գիտությունը գերակա ոլորտ է մեր երկրում, բայց անգամ պաշտոնական վիճակագրությամբ գիտնականները ամենացածր վարձատրվող մասնագետներից են, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Ճիշտ է, ասում են առաջնահերթություն, բայց այս ոլորտը առաջնահերթություն չի եղել այս 20 տարիների ընթացքում: Գործնականում դա չի երեւում: Երբ տեսնում ենք բյուջեի փիլիսոփայությունն ու ֆինանսավորումը, հասկանում ենք, որ բոլորովին էլ առաջնահերթություն չէ: Մեր գլխավոր կապիտալներից  մեկը Խորհրդային միության ժամանակ եղել է գիտությունը: Այն մեր մտավոր, ճշգրիտ, մնայուն կապիտալն է եղել: Ցավոք, այն շատ նահանջեց»:

Ռուբեն Հակոբյանը դեմ է, որ առանձին տոկոսներ ֆիքսեն՝ գիտության համար: Ըստ նրա, այդպես անում են միայն կայացած պետություններում, երբ ամեն ինչ հստակ է, առաջնահերթությունները ճշտված են, եւ իսկապես տոկոսի ֆիքսումը անհրաժեշտություն է. «Հասկանալի է, որ այս պահին մանեւրի դաշտում մենք ունենք պաշտպանության ոլորտ, տարբեր ոլորտներ, որոնք, ըստ անհրաժեշտության, կարող էինք տոկոսային հարաբերությամբ ունենալ բյուջեում: Բայց ցավոք, այս 20 տարիների ընթացքում երբեք գիտությունն առաջնահերթություն չդարձավ մեր բյուջեի համար: Միշտ գահավիժեց: Նույնիսկ կրթության, արվեստի, մշակույթի համեմատ գիտությունը գահավիժեց, եւ ես կարող եմ Սանկտ Պետերբուրգում գլխավոր հյուպատոսության կողքին կանաչի վաճառող դոկտոր պրոֆեսոր տեսնել: Սա գիտության նկատմամբ վերաբերմունքի արդյունքն է: Ինչքան հասկանում եմ, այս բյուջեում որեւէ ձեւով չի առանձնանում, որ կառավարությունը գիտությանը առաջնահերթություն է տալիս»:

Նշենք, որ «Ժառանգությունը» գիտության ֆինանսավորումը ներկայումս միանգամայն հնարավոր է համարում ավելացնել 4 անգամ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930